16:19 21 նոյեմբերի, 2026Մելանիա Թրամփն անսովոր անկեղծ հայտարարություններ է արել ամուսնու մերձավոր շրջապատի մասին։ ԱՄՆ առաջին տիկինը նոր վավերագրական սերիալում խոստովանել է, որ Դոնալդ Թրամփին շրջապատում են մարդիկ, որոնք մշտապես համաձայնում են նրա հետ, և նման իրավիճակն անվանել անառողջ։
Այս մասին Մելանիան պատմել է Melania: The Series երկսերիանոց նոր նախագծում, որի պրեմիերան կայացել է Amazon Prime Video-ում։ Նկարահանումների շրջանակում ԱՄՆ նախագահն ու նրա կինը համատեղ հարցազրույց են տվել։
Երբ լրագրողը հարցրել է, թե նրանցից ով է առօրյա կյանքում ավելի հեշտ լեզու գտնում մարդկանց հետ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն բավականին շփվող և հարմարվող մարդ է համարում։
«Կարծում եմ՝ ինձ հետ իսկապես շատ հեշտ է լեզու գտնել՝ շատ ավելի հեշտ, քան մարդիկ կարող են պատկերացնել։ Իսկ նա, հնարավոր է, ինձնից ավելի բարդ բնավորություն ունի», — կատակել է նախագահը։
Մելանիան ի պատասխան ժպտացել և ծիծաղել է, սակայն ավելի ուշ՝ մասնավոր ինքնաթիռի սրահում տված առանձին հարցազրույցի ընթացքում, ավելի լուրջ կարծիք է հայտնել ամուսնու բնավորության և նրան շրջապատող մարդկանց մասին։
«Նա ասում է. «Օ՜, նրա հետ այնքան դժվար է», բայց ես պարզապես ճշմարտությունն եմ ասում նրան։ Կարծում եմ՝ երբեմն նրա շուրջը չափազանց շատ մարդիկ կան, որոնք միայն մի բան են անում՝ համաձայնում են նրա ասած ամեն ինչի հետ։ Եվ դա անառողջ իրավիճակ է», — ասել է առաջին տիկինը։
Համատեղ զրույցի ընթացքում Թրամփը նաև պատմել է, որ կինը միշտ չէ, որ հավանություն է տալիս իր պահվածքին հանրության առաջ, հատկապես՝ նախընտրական հանրահավաքների ժամանակ։
«Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է շատ նախագահավայել լինի։ Երբ նախընտրական հանրահավաքներ էինք անցկացնում, և ես երբեմն սկսում էի պարել, վստահ չեմ, որ դա նրան այնքան էլ դուր էր գալիս։ Բայց մարդկանց դուր էր գալիս», — նշել է Սպիտակ տան ղեկավարը։
«Դե, երբեմն իրավիճակն այնպիսին էր լինում, որ մտածում էի. «Չեմ կարծում, թե այսօր պարելու համար հարմար օր է»», — պատասխանել է Մելանիան։
Սերիալում առաջին տիկինը խոսել է նաև քաղաքական հարցերում ամուսնու հետ ունեցած տարաձայնությունների մասին։ Նրա խոսքով՝ լավ հարաբերություններ պահպանելու համար ամուսինները պարտադիր չէ, որ նույն տեսակետներն ունենան։
«Պետք է հավատարիմ մնալ սեփական համոզմունքներին։ Եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա միանգամայն նորմալ է։ Ես նրան թույլ եմ տալիս լինել այնպիսին, ինչպիսին կա, իսկ նա աջակցում է ինձ և թույլ տալիս լինել այնպիսին, ինչպիսին կամ», — բացատրել է Մելանիան։
Վավերագրական նախագծում առանձին անդրադարձ է կատարվում նաև ամուսինների անձնական կյանքին։ Նրանք ամուսնացած են արդեն շուրջ 22 տարի։ Մելանիայի խոսքով՝ իրենց հարաբերություններն ավելի մտերիմ են, քան կարող է թվալ կողքից։
Նախագծի ռեժիսոր Բրեթ Ռաթները խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում իր վրա ամենամեծ տպավորություններից մեկը նախագահական զույգի ջերմ հարաբերություններն են եղել։
«Մարդիկ դա չեն տեսնում, որովհետև մենք մեր հարաբերությունները հանրության առաջ չենք ցուցադրում։ Մենք այդպիսին չենք։ Դա պարզապես իմ ոճը չէ։ Ինձ համար դա անձնական հարց է», — պատասխանել է Մելանիան։
Մելանիան անդրադարձել է նաև ամուսնու հետ իր հարաբերությունների նկատմամբ տարիներ շարունակ դրսևորվող հանրային հետաքրքրությանը։ Մասնավորապես, 2024 թվականին լույս տեսած հուշագրքում նա հիշել է 2017 թվականին Իսրայելում տեղի ունեցած միջադեպը, երբ տեսախցիկների առաջ, կարծես, հեռացրել էր Դոնալդ Թրամփի ձեռքը։ Առաջին տիկինը բացատրել է, որ դա թյուրիմացություն էր՝ կապված օտարերկրյա առաջնորդներին ողջունելու արարողակարգի հետ։
«Ես ոչ ոքի ոչինչ բացատրելու պարտավորություն չունեմ։ Թող յուրաքանչյուրն իմ մասին մտածի այն, ինչ ուզում է։ Ես գիտեմ՝ ով եմ ես, և միայն դա է կարևոր», — հայտարարել է նա վավերագրական սերիալում։