12:12 22 նոյեմբերի, 2026Սպիտակ տանը դեռևս չի սկսվել 2028 թվականի նախագահական ընտրությունների համար պայքարը, սակայն ԱՄՆ առաջին տիկնոջ դերի հավանական թեկնածուներն արդեն հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Հանրապետական ազդեցիկ քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն աստիճանաբար ամրապնդում են իրենց դիրքերը՝ հույս ունենալով մի օր զբաղեցնել Մելանյա Թրամփի տեղը։ Նրանց թվում են ազդեցիկ հեռուստահաղորդավարուհի, հավակնոտ աշխարհիկ կին, հաջողակ իրավաբան և մի կին, որին անվանում են «սեքսուալ մատադորին սանձահարողը»։
Թեև Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուները դեռևս պաշտոնապես չեն հայտարարել նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրության մասին, նրանց կանայք և ընտրյալներն արդեն պատրաստվում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու հնարավոր պայքարին։

Սպիտակ տան իր աղբյուրի փոխանցմամբ՝ «Daily Mail»-ը հայտնում է, որ երկու կին հատկապես աչքի են ընկնում իրենց քաղաքական հավակնություններով։ Թերթի զրուցակիցների կարծիքով՝ ևս մեկը կարող է շատ արագ արժանանալ ամերիկացիների համակրանքին, իսկ չորրորդը կարող է դառնալ Սպիտակ տան արևելյան թևի բավական սառն ու զուսպ տանտիրուհի։
Սպիտակ տան պատմաբան և առաջին տիկինների գործունեության մասնագետ Ջենիֆեր Փիքենսը հիշեցնում է, որ նախագահների ամուսինները հաճախ ավելի մեծ ժողովրդականություն են վայելում, քան հենց պետության ղեկավարները։
«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նրանք կարող են դառնալ թեկնածուի կարևոր քաղաքական, դիվանագիտական և ֆինանսական հենարանը»,-նշում է փորձագետը։
Նրա խոսքով՝ առաջին տիկինները կարողանում են մարդկային երանգ հաղորդել քաղաքական գործչի կերպարին և մեղմել նրա հանրային իմիջը։ Այսպես, Մելանյան հավասարակշռում է Դոնալդ Թրամփի կտրուկ հայտարարությունները, Ջիլ Բայդենը հուզականություն էր հաղորդում Ջո Բայդենի զուսպ կերպարին, Միշել Օբաման օգնում էր հավասարակշռություն պահպանել հավակնոտ Բարաք Օբամային, իսկ Լորա Բուշը մեղմում էր Ջորջ Բուշ կրտսերի խառնվածքը։
Միևնույն ժամանակ, առաջին տիկինների ազդեցությունը չի սահմանափակվում հանրային ելույթներով։ Փիքենսի խոսքով՝ նրանք հաճախ դառնում են իրենց ամուսինների ամենամոտ ոչ պաշտոնական խորհրդականներից մեկը՝ ամենատարբեր հարցերում։
«Daily Mail»-ն առանձնացրել է վեց կնոջ, որոնք կարող են հավակնել ԱՄՆ հաջորդ առաջին տիկնոջ դերին։
Ջենիֆեր Հեգսեթ․ պաշտպանության նախարարի գլխավոր աջակիցը
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի 46-ամյա կինը՝ Ջենիֆերը, ըստ «Daily Mail»-ի՝ Վաշինգտոնում ունեցած աղբյուրի, կարծում է, որ Կոնգրեսում դեմոկրատների հետ հնարավոր հակամարտությունը և իմպիչմենթի հարցով քննությունը կարող են նույնիսկ ամուսնու համար ճանապարհ հարթել դեպի նախագահական ընտրապայքար։

Ջենիֆերն արագ հարմարվել է Պենտագոնի միջավայրին․ նա մարզվում է նավաստիների և ծովային հետևակի զինծառայողների հետ, ինչպես նաև մասնակցում է Պաշտպանության նախարարության գովազդային տեսահոլովակներին՝ ներկայանալով որպես հմայիչ և անմիջական կին։
Նա ամուսնուն պարբերաբար ուղեկցում է խոշոր հիշատակի միջոցառումներին՝ իրենց մեծ ընտանիքի անդամների հետ միասին։ Նրանցից յուրաքանչյուրն ունի երեքական երեխա՝ նախորդ հարաբերություններից, բացի այդ՝ նրանք միասին դաստիարակում են նաև իրենց դստերը։
Սակայն Ջենիֆերի նշանակալի դերը ամուսնու գործունեության մեջ զարմանալի չէ։ Նախկինում նա փորձառու հեռուստատեսային պրոդյուսեր էր և դեռևս «Fox & Friends» հաղորդման շրջանակում համատեղ աշխատանքի տարիներին օգնում էր ձևավորել ամուսնու հանրային կերպարը։ Աղբյուրների պնդմամբ՝ այժմ նրա ազդեցությունն ավելի է մեծացել։
Փիթ Հեգսեթին մոտ կանգնած՝ պարբերականի զրուցակիցները կարծում են, որ իմպիչմենթի հարցով քննությունը կարող է վերածվել լայնածավալ հեռուստատեսային իրադարձության և նրա համար դառնալ նախագահական քարոզարշավի մեկնարկի իդեալական հարթակ։ Նրանց կարծիքով՝ նախկին հեռուստահաղորդավարը կարող է հաջողությամբ հաղթահարել մամուլի մեծ ուշադրությունը, հատկապես կնոջ աջակցությամբ։
Ուշա Վենս․ իրավաբան, քաղաքական խորհրդական և ոճի խորհրդանիշ

Յեյլի իրավաբանական դպրոցում ծանոթանալուց ի վեր 40-ամյա Ուշա Վենսը կարևոր դեր է խաղացել ամուսնու՝ Ջեյ Դի Վենսի կյանքում և կարիերայում։ Պարբերականի գնահատմամբ՝ հենց նա է օգնել Ապալաչների շրջանում աղքատության պայմաններում մեծացած քաղաքական գործչին դառնալ Հանրապետական կուսակցության հազարամյակների սերնդի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
Ուշան հաջողակ իրավաբան է, որին վերագրվում է ամուսնուն էլիտար շրջանակներում կողմնորոշվելու և դեմոկրատների հետ բանավեճերում փաստարկված դիրքորոշում ձևավորելու հարցում օգնելու կարևոր դերը։ Հետևաբար միանգամայն օրինաչափ էր, որ հենց նա 2024 թվականին Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ լայն հանրությանը ներկայացրեց ամուսնուն։

Կալիֆոռնիայում ծնված՝ հնդիկ ներգաղթյալների դուստր Ուշան այսօր ԱՄՆ երկրորդ տիկինն է։ Նա զբաղվում է երեխաների գրագիտության և կրթության հարցերով, Մելանյա Թրամփի հետ այցելում է դպրոցներ, աջակցում է ուսումնական հաստատություններում բջջային հեռախոսների օգտագործումը սահմանափակելուն ուղղված միջկուսակցական նախաձեռնություններին և մասնակցում երեխաների համար կազմակերպվող ընթերցանության միջոցառումներին։
Բացի այդ, Դոնալդ Թրամփը Ուշային նշանակել է Ջոն Քենեդու անվան կատարողական արվեստի կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Մինչ այդ երկրորդ տիկիններից ոչ մեկը չէր զբաղեցրել այդ պաշտոնը։
Նախագահության պատմաբան Բարբարա Փերիի կարծիքով՝ հենց նման հասարակական գործունեությամբ զբաղվող առաջին տիկին կցանկանային տեսնել ամերիկացիները։ Միևնույն ժամանակ, փորձագետն ավելացնում է, որ նախագահի կնոջ գրավչությունը, ոճի զգացողությունն ու խարիզման նույնպես կարևոր դեր են խաղում։
Ուշան արդեն դարձել է Սպիտակ տան ամենաակնառու նորաձևության թելադրողներից մեկը։ Նրա ամենահիշարժան կերպարներից են երդմնակալության արարողության ժամանակ կրած վարդագույն վերարկուն՝ «Oscar de la Renta» զգեստի հետ համադրված, ինչպես նաև Չինաստանի նախագահի պատվին կազմակերպված պետական ընթրիքի համար հատուկ ստեղծված ոսկեգույն զգեստը։
Նա նաև մարմնավորում է ամերիկյան երազանքի գաղափարը, որի մասին ամուսինը խոսում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում։
«Ես մեծացել եմ Սան Դիեգոյում՝ միջին խավի ընտանիքում, երկու սիրող ծնողների հետ, որոնք Հնդկաստանից էին տեղափոխվել ԱՄՆ, և հրաշալի քրոջս կողքին։ Այն փաստը, որ ես ու Ջեյ Դին ընդհանրապես հանդիպեցինք, առավել ևս՝ սիրեցինք միմյանց և ամուսնացանք, վկայում է այս երկրի մեծության մասին»,-Հանրապետականների համագումարի ժամանակ ասել է Ուշան։
Հուլիսին զույգը չորրորդ երեխա է ունեցել՝ Ալեք Նիլ Վենսին։ Դրանով Ջեյ Դին դարձավ ավելի քան 150 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող փոխնախագահը, որն իր պաշտոնավարման ընթացքում հայր է դարձել։
Փերիի կարծիքով՝ Ուշայի՝ հոգատար մոր կերպարը և նրա հմայիչ երեխաները կարող են օգնել Վենսին նվաճել ընտրողների աջակցությունը՝ ամրապնդելով նրա՝ «ազգի հոր» կերպարը։
Այդուհանդերձ, հնարավոր թեկնածության թույլ կողմեր նույնպես կան։ Ջեյ Դի Վենսը խոստովանել է, որ իր կինը «չի սիրում քաղաքականությունը», ուստի Ուշան կարող է լինել առաջին տիկնոջ դերը ամենից դժկամությամբ ստանձնող կանանցից մեկը։ «Daily Mail»-ի աղբյուրներից մեկն էլ նրան բնութագրել է որպես երբեմն սառը և հեռավոր անձնավորության՝ դա կապելով հանրության մշտական ուշադրության պատճառով անձնական տարածքի պակասի հետ։
Քեթի Միլեր․ հավակնոտ քաղաքական խաղացող
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլերի 35-ամյա կինը՝ Քեթին, ըստ ամենայնի, նշանակալի դեր է ունեցել ամուսնու վերջին առաջխաղացման գործում։

Հենց Քեթին է նրան տվել հիշարժան «սեքսուալ մատադոր» մականունը։ Այդպես նա ամուսնուն բնութագրել էր սեպտեմբերին՝ «Jesse Watters Primetime» հաղորդման ընթացքում։
«Daily Mail»-ի տեղեկություններով՝ մի քանի շաբաթ շարունակ Քեթին համոզել է նախագահի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին աջակցել ամուսնու թեկնածությանը՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, եթե նրանք նրան ավելի հարմար փոխարինող են համարում Սյուզի Ուայլսին։ Նոյեմբերի 6-ին նրա ջանքերը պսակվել են հաջողությամբ․ Սթիվենը նշանակվել է այդ պաշտոնում։
Սպիտակ տան մամուլի նախկին քարտուղար Քերոլայն Լիվիթը «Vanity Fair»-ին տված հարցազրույցում ավելի վաղ բարձր է գնահատել Քեթիի կարողությունները․ «Սիրեք նրան, թե ոչ, եթե նա ասում է, որ պատրաստվում է ինչ-որ բան անել, ապա դա անում է շատ ավելի լավ, քան կարելի էր ակնկալել»։
Քեթին իր կարիերայի մեծ մասը նվիրել է քաղաքականությանը։ Թրամփի առաջին վարչակազմի օրոք նա աշխատել է որպես փոխնախագահ Մայք Փենսի հաղորդակցության գծով տնօրեն, այնուհետև՝ որպես ներքին անվտանգության նախարարության մամուլի քարտուղար։
Թրամփի երկրորդ վարչակազմում նա աշխատել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտում, որը ղեկավարում էր Իլոն Մասկը։ Վերջինիս հեռանալուց հետո Քեթին ևս տեղափոխվել է մասնավոր հատված, ապա սկսել իր սեփական փոդքասթը։ Հաղորդման ընթացքում նա զրուցել է պահպանողական հայացքներ ունեցող կանանց հետ և պատմել, թե ինչպես կարելի է «երկարաժամկետ հեռանկարում զարգացնել Թրամփի ժառանգությունը»։ YouTube-ում հաղորդման ալիքն ունի ավելի քան 77 հազար բաժանորդ։
Ամուսնու նշանակվելուց հետո Քեթին հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է փոդքասթի աշխատանքը՝ չորս երեխաների դաստիարակության վրա կենտրոնանալու համար։ Դրանով նա հասկացնել է տվել, որ պատրաստ է անել անհրաժեշտ ամեն ինչ՝ ամուսնու հաջողությունն ապահովելու համար։
Ժանետ Ռուբիո․ քառորդ դար ապագա պետքարտուղարի կողքին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի 52-ամյա կինը՝ Ժանետ Դուսդեբես Ռուբիոն, թերևս, «Daily Mail»-ի կողմից հանրապետական քաղաքական գործիչների ազդեցիկ կանանց շարքում ընդգրկված կանանցից ամենազուսպն է։
Նա ապագա ամուսնու հետ ծանոթացել է 17 տարեկանում, երբ Մարկոն 19 տարեկան էր։ Մարկոյի՝ քառորդդարյա քաղաքական կարիերայի ընթացքում Ժանետը զգալի փորձ է ձեռք բերել քաղաքական գործչի կողքին ապրելու հարցում։

Նախկինում նա եղել է «Miami Dolphins» թիմի պրոֆեսիոնալ աջակցող խմբի անդամ։ Երբ Մարկոյին առաջին անգամ ընտրեցին Ֆլորիդայի Ներկայացուցիչների պալատ, Ժանետն ընդամենը 27 տարեկան էր, իսկ երբ ամուսինը Ֆլորիդա նահանգից ընտրվեց ԱՄՆ Սենատի անդամ՝ 37։
Նրա ազդեցությունն ամուսնու վրա, որը Հանրապետական կուսակցության կողմից երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրապայքարին, միշտ ավելի քիչ նկատելի է եղել, քան այս ցանկում ընդգրկված որոշ այլ կանանց ազդեցությունը։ Ժանետն իրեն առաջին հերթին համարում է չորս երեխաների մայր։ Իսկ երբ ամուսնու հետ մասնակցում է քաղաքական միջոցառումներին, հաճախ բարձրաձայնում է իրեն վաղուց հուզող հարցերը, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի խնդիրը։
Պատմաբան Ջենիֆեր Փիքենսը նշում է, որ ամերիկացիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նախագահական ընտանիքների առօրյա կյանքի նկատմամբ, ուստի ընտանեկան երջանիկ պատմությունները կարող են լուրջ առավելություն դառնալ թեկնածուի համար։
Մարկո Ռուբիոն նույնպես խոստովանել է, որ քաղաքական հավակնություններն անդրադարձել են ընտանեկան կյանքին։ «American Son» հուշագրքում նա գրել է, որ իր երազանքները Ժանետին զրկելեն այն հանգիստ և կանխատեսելի կյանքից, որի մասին նա երազում էր։ Այդուհանդերձ, հենց կինն է համոզել նրան չհրաժարվել Սենատի ընտրապայքարից, երբ ինքն արդեն պատրաստվում էր դուրս գալ դրանից։
Սպիտակ տանը «Daily Mail»-ի աղբյուրը Ժանետին բնութագրել է որպես ամենաբարի, անկեղծ և շփման մեջ ամենահասարակ մարդկանցից մեկը, որոնց երբևէ հանդիպել է։
«Նա հրաշալի առաջին տիկին կլիներ, և ամբողջ երկիրը կսիրեր նրան»,-հայտարարել է պարբերականի զրուցակիցը։
Այդուհանդերձ, քաղաքական գործչի կողքին երկար տարիներ ապրելու փորձը դեռևս առավելություն չի երաշխավորում։ Պատմաբան Բարբարա Փերին հիշեցնում է, որ ամուսնու քաղաքական գործունեության մեջ կնոջ դերը կարող է իսկապես հեշտացնել նախագահական քարոզարշավին անցնելու գործընթացը, սակայն Սպիտակ տան համար համազգային պայքարը շատ ավելի մեծ տոկունություն է պահանջում։
Բետինա Անդերսոն․ աշխարհիկ կին՝ նախագահական շրջապատի հետ սերտ կապերով
«Բետինայի և Քեթիի միջև նույնիսկ չգիտեմ՝ ով է քաղաքական առումով ավելի հավակնոտ։ Նրանց երկուսին էլ դուր է գալիս իշխանությանը մոտ լինելը»,-«Daily Mail»-ին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը։
39-ամյա Բետինա Անդերսոնը գարնանը ամուսնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի հետ և կարճ ժամանակում մուտք գործել պետության ղեկավարի մերձավոր շրջապատ։

Նրանց սիրավեպը զարգացել է բավական արագ։ Զույգի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2024 թվականի օգոստոսին՝ այն լուրերի ֆոնին, թե Թրամփ կրտսերը խզել է նշանադրությունը ԱՄՆ նախկին դեսպան Քիմբերլի Գիլֆոյլի հետ։
Ի տարբերություն մյուս հավանական թեկնածուների՝ Բետինան չի կարող պարծենալ քաղաքական ոլորտում մեծ աշխատանքային փորձով։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, ապագա առաջին տիկնոջ համար դա պարտադիր պայման չէ։
Պատմաբան Ջենիֆեր Փիքենսը հիշեցնում է, որ Մելանյա Թրամփն ինքը ևս այդ պաշտոնին է անցել մասնավոր հատվածից և հաջողությամբ կատարել իր առջև դրված պարտականությունները։
Փալմ Բիչի աշխարհիկ շրջանակներում հայտնի Բետինան արդեն բարեգործական գործունեության փորձ ունի։ Եղբայրների հետ նա հիմնել է «The Paradise Fund» ոչ առևտրային կազմակերպությունը, որն օգնում է բնական աղետներից տուժած համայնքներին։ Բացի այդ, նա համագործակցում է տեղական բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են գրագիտության զարգացման ծրագրերին և դեպրեսիա ունեցող մարդկանց օգնության նախաձեռնություններին։
Քաղաքական փորձի պակասը Բետինան կարող է լրացնել սոցիալական ցանցերում ունեցած իր ժողովրդականությամբ։ Հոդվածում հիշատակված հանրապետական քաղաքական գործիչների կանանց շարքում Instagram-ում հենց նա ունի ամենամեծ լսարանը՝ ավելի քան 236 հազար հետևորդ։ Բացառություն է Ուշա Վենսը, որն օգտվում է երկրորդ տիկնոջ պաշտոնական հաշվից, որը նրան է փոխանցվել իր նախորդներից։
Բետինան սեփական երեխաներ չունի, սակայն դարձել է Դոնալդ Թրամփ կրտսերի հինգ երեխաների խորթ մայրը։ Երեխաները նրա ամուսնու նախորդ ամուսնությունից են՝ Վանեսա Թրամփի հետ։
Բարբարա Փերիի կարծիքով՝ եթե քաղաքական գործչի կինը տվյալ ոլորտում աշխատանքային փորձ չունի, ապա սոցիալական ցանցերում սեփական լսարանի առկայությունը կարող է նպաստել ամուսնու աջակցության ամրապնդմանը։
Դոնալդ Թրամփ կրտսերը նախկինում չի բացառել, որ մի օր կարող է մտածել նախագահական ընտրապայքարին մասնակցելու մասին։ Սակայն հետագայում հերքել է 2028 թվականի ընտրություններին կամ մոտ ապագայում առաջադրվելու մտադրության մասին լուրերը՝ հայտարարելով․ «Ես բացարձակապես հետաքրքրված չեմ 2028 թվականին կամ մոտ ապագայում նախագահական ընտրապայքարին մասնակցելու հարցով»։
Քեյսի Դեսանթիս․ միակ կինը, որն ունի սեփական քաղաքական ազդեցությունը
46-ամյա Քեյսի Դեսանթիսն այս ցանկում ընդգրկված միակ կինն է, որն արդեն իսկ ունի սեփական քաղաքական ազդեցությունը։

Նախկին հեռուստալրագրողը Ֆլորիդայում նշանակալի դեմք է դարձել՝ աշխատելով ամուսնու՝ նահանգապետ Ռոն Դեսանթիսի կողքին։ Անցյալ տարի, երբ նահանգի հանրապետականները սկսեցին քննարկել, թե ով կփոխարինի հանրաճանաչ նահանգապետին նրա պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, շատերը հանդես եկան նրա կնոջ թեկնածության օգտին։
Առաջին հարցումները ցույց էին տալիս, որ Քեյսին կարող էր առավելություն ունենալ կոնգրեսական Բայրոն Դոնալդսի նկատմամբ։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ Ֆլորիդայի հանրապետականների մոտ մեկ երրորդը պատրաստ էր քվեարկել նահանգի առաջին տիկնոջ օգտին, եթե նա առաջադրեր իր թեկնածությունը։
Ի վերջո, Քեյսին չմասնակցեց ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ամուսնու կարևոր քաղաքական հենարանը։
«Նա հսկայական ազդեցություն ունի»,-2023 թվականին հայտարարել է կոնգրեսական Ջարեդ Մոսկովիցը։ «Հանրապետական կուսակցության մյուս հիշատակված ներկայացուցիչներից ոչ ոք չունի իր կողքին նման Քեյսի Դեսանթիս»։
Մինչ Ռոն Դեսանթիսը հանդես է գալիս որպես պահպանողական արժեքների կոշտ պաշտպան, նրա կինը ձևավորում է ավելի մեղմ և համակրանք առաջացնող կերպար։ Նա հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը և երեք երեխա է մեծացնում։ Միասին ամուսինները ներկայացնում են քաղաքական միություն, որը կարող է դիմել ընտրողների տարբեր խմբերին։
Պատմաբան Բարբարա Փերին նշում է, որ առաջին տիկինները հաճախ իրենց ամուսինների հետ կարևոր հակադրություն են ստեղծում։ Որպես օրինակ՝ նա բերում է Էլեոնոր Ռուզվելտին, որն ինքնուրույն մասնակցում էր նախընտրական միջոցառումներին և ընդլայնում Ֆրանկլին Ռուզվելտի ազդեցությունը՝ չնայած վերջինիս շարժունակության խնդիրներին։ Փերին հիշատակում է նաև Ջիլ Բայդենին, որի եռանդն ու ավելի երիտասարդ տարիքը նպաստում էին առողջական խնդիրներ ունեցող Ջո Բայդենի կերպարի պահպանմանը։
«Daily Mail»-ի աղբյուրի խոսքով՝ քաղաքական շրջանակներում Ռոն Դեսանթիսը տարօրինակությունների համբավ է ձեռք բերել, ուստի Քեյսիի ավելի զուսպ և համակրանք առաջացնող կերպարը կարող է հատկապես կարևոր լինել նրա հնարավոր նախագահական քարոզարշավի համար։
«Քեյսին միշտ կարողացել է պահպանել իրեն վերապահված դերի սահմանները և միևնույն ժամանակ տպավորիչ տեսք ունենալ»,-նշել է պարբերականի զրուցակիցը։
Սակայն ամուսնու քաղաքական կարիերային նրա ակտիվ մասնակցությունը նշանակում է նաև, որ եթե Ռոն Դեսանթիսը որոշի 2028 թվականին առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, Քեյսիի համար խաղադրույքները շատ ավելի բարձր կլինեն։
Առայժմ հավանական թեկնածուներից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել նախագահական հավակնությունների մասին։ Սակայն եթե Սպիտակ տան համար պայքարն իսկապես սկսվի, նրանց կանայք կարող են դրանում շատ ավելի նշանակալի դեր խաղալ, քան առաջին հայացքից կարող է թվալ։