19:23 21 նոյեմբերի, 2026Հնդկաստանում հայտնի բլոգեր Նեհա Բիշթի հարազատները դաժան ծեծի են ենթարկել 28-ամյա մի տղամարդու, ինչի հետևանքով վերջինս մահացել է։ Տղամարդը Չենայից Դելի էր հասել՝ հանդիպելու աղջկան, որին, ըստ իրավապահների, անպատասխան սիրահարված էր, և պահանջել էր ամուսնանալ իր հետ։
Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 7-ին՝ Դելիի արևելյան Մադհու Վիհար թաղամասում։ Ոստիկանության տվյալներով՝ Չենայի ՏՏ ընկերություններից մեկում աշխատող Աբհինավը ներխուժել է Բիշթի տուն և փորձել համոզել նրան ամուսնանալ իր հետ։ Բլոգերն այդ պահին տանն է եղել։ Տղամարդը, որը, ենթադրաբար, ալկոհոլի ազդեցության տակ է եղել, իրեն ագրեսիվ է պահել ու սպառնացել խափանել աղջկա առաջիկա հարսանիքը։
Աղջկա հարազատներն ու մի քանի հարևաններ հարձակվել են անկոչ հյուրի վրա։ Ծեծի հետևանքով նա ծանր ներքին և արտաքին վնասվածքներ է ստացել, մասնավորապես՝ վնասվել են մեջքն ու աջ ոտքը։ Տուժածին նախ տեղափոխել են Լալ Բահադուր Շաստրիի անվան հիվանդանոց, սակայն ծանր վիճակի պատճառով շուտով տեղափոխել են մեկ այլ բուժհաստատություն։ Հարձակումից մեկ շաբաթ անց՝ նոյեմբերի 14-ին, նա մահացել է։
Քննիչները պարզել են, որ Աբհինավը երկար ժամանակ հետևել է Նեհայի սոցցանցերի էջերին և, ըստ ոստիկանության վարկածի, միակողմանի զգացմունքներ է տածել նրա հանդեպ։ Իմանալով, որ աղջիկը նշանվել է և դեկտեմբերին պատրաստվում է ամուսնանալ, նա Չենայից մեկնել է Դելի։ Իրավապահները նշում են, որ Նեհան անձամբ ծանոթ չի եղել նրան։
Սա բլոգերին մոտենալու տղամարդու առաջին փորձը չէր։ Քննության տվյալներով՝ մի քանի ամիս առաջ նա արդեն այցելել էր նրանց տուն՝ ներկայանալով որպես աղջկա եղբոր ընկեր։ Այդ ժամանակ Աբհինավը սեր էր խոստովանել Նեհային ու խնդրել չամուսնանալ ուրիշի հետ։ Հարազատների միջամտությունից հետո նա ներողություն էր խնդրել և խոստացել այլևս չանհանգստացնել աղջկան, ուստի ոստիկանություն չէին դիմել։
Տղամարդու մահից հետո իրավապահները Հնդկաստանի օրենսդրությամբ քրեական գործ են հարուցել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով։ Ձերբակալվել են բլոգերի 64-ամյա հայրը՝ Վիրենդեր Բիշթը, և տան 34-ամյա բնակիչներից մեկը։ Ոստիկանությունն այժմ ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները՝ պարզելու համար, թե արդյոք միջադեպին մասնակցել են նաև աղջկա եղբայրն ու մյուս հարևանները։
YouTube-ում միլիոնավոր, իսկ Instagram-ում հարյուրհազարավոր հետևորդներ ունեցող Նեհա Բիշթն ավելի վաղ տեսանյութեր էր հրապարակել իր նշանադրության և հարսանիքի նախապատրաստությունների մասին։ Իր հայտարարության մեջ նա ընդգծել է, որ տղամարդն ապօրինի է ներխուժել տուն ու սպառնացել իր ընտանիքին՝ հավելելով, որ մտահոգված է իր և հարազատների անվտանգությամբ։