Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը

14:35   22 նոյեմբերի, 2026

Այս աշնանը նորաձև զգեստապահարանը որոշել է երկակի խաղ խաղալ։ Մի կողմից՝ լայնացող ուրվագծեր, փափուկ թավշյա գործվածք և 70-ականների բոհեմական շունչ։ Մյուս կողմից՝ ընձառյուծային նախշեր, մորթե օձիքներ, կաշի և այն արտահայտիչ համարձակությունը, որի հետևից ձգվում է քրեական աշխարհի գլամուրի հետքը։ Այս երկու ուղղությունների միջև իրենց տեղն են գտել կարմիր ձեռնոցները, բորդո գույնի թրենչները, տղամարդկային ոճի պիջակներն ու աքսեսուարները, որոնք բնավ մտադիր չեն երկրորդական դերերում մնալ։ Հայ նորաձևասեր կանայք փորձում են նորաձևության տարբեր կերպարներ, և յուրաքանչյուր համադրություն հավակնում է գլխավոր դերին։ Իսկ այս աշնանը ո՞ր կողմում կլինեք դուք։

Pop of Red․ երբ կարմիրն ամեն ինչ է որոշում

photo_1_2026-11-22_12-47-22.jpg (306 KB)

Մարիամը ցույց է տալիս, թե ինչպես մի քանի վառ դետալ կարող են վերափոխել անգամ ամենապարզ ու լակոնիկ համադրությունը։ Կերպարի հիմքում ընկած են արտահայտիչ օձիքով սև, ծավալուն թիկնոցը, ազատ կտրվածքով սպիտակ տաբատն ու զեբրային նախշով սվիտերը։ Այստեղ միաժամանակ համադրված են մի քանի արդիական ոճային հնարքներ՝ մոնոխրոմ հիմք, օվերսայզ ուրվագիծ և կենդանական նախշեր։ Ընդ որում, զեբրային նախշը կրկնվում է նաև փոքրիկ պայուսակի վրա։ Այս հնարքը հնարավորություն է տալիս տարբեր տարրերը միավորել մեկ գրաֆիկական մոտիվի միջոցով։ Իսկ կերպարի գլխավոր ինտրիգը կարմիր կաշվե ձեռնոցներն ու նույն երանգի սրածայր քթամասով երկարաճիտ կոշիկներն են։ Սա Pop of Red թրենդի վառ օրինակն է․ հագեցած կարմիր գույնը հայտնվում է մի քանի դետալներում և ակնթարթորեն գրավում ամբողջ ուշադրությունը։

photo_2_2026-11-22_12-47-22.jpg (275 KB)

Հատկապես հաջող է գործվածքների հյուսվածքների և համամասնությունների հակադրությունը․ ծավալուն թիկնոցը հավասարակշռվում է լայն տաբատով, իսկ վառ կոշիկներն ամբողջ կերպարին հաղորդում են արտահայտչականություն։ Կարմիր աքսեսուարներն այստեղ պարզապես չեն լրացնում համադրությունը, այլ ձևավորում են դրա տրամադրությունը՝ փոքր-ինչ թատերական, համարձակ և փողոցային նորաձևությանը բնորոշ առանձնահատուկ ազդեցիկությամբ։ Արժե հիշել նաև այս ոճային հնարքը․ եթե չեք ցանկանում ամբողջ զգեստապահարանը համալրել վառ երանգներով, բավական է ընտրել նույն գույնի երկու աքսեսուար՝ ձեռնոցներ և կոշիկներ, պայուսակ և գոտի կամ շարֆ և երկարաճիտ կոշիկներ։

Cherry Red․ բորդո կաշին՝ ուշադրության կենտրոնում

photo_3_2026-11-22_12-47-22.jpg (191 KB)

Բորդո գույնը շարունակում է վստահորեն մրցակցել դասական սևի հետ, իսկ Աստղիկն այս թրենդի համար ընտրել է հատկապես տպավորիչ տարբերակ՝ հասած կեռասի երանգի կաշվե թրենչ։ Դրա ազատ ուրվագիծն ու արտահայտիչ հյուսվածքը թելադրում են ամբողջ կերպարի ոճը։ Դրան ոճային առումով անսպասելի, բայց չափազանց հաջող կերպով համադրված է երկնագույն վերնաշապիկ-զգեստը․ շերտերը և ասիմետրիկ եզրագիծը սովորական բազային հագուստը վերածում են հետաքրքիր շեշտադրման։ Սև կաշվե, սրածայր քթամասով երկարաճիտ կոշիկները համադրությանը հաղորդում են գրաֆիկական հստակություն, իսկ Charles & Keith-ի կոմպակտ պայուսակն ամբողջացնում է զուսպ գունային գամման։

photo_4_2026-11-22_12-47-22.jpg (179 KB)

Առանձին ուշադրության է արժանի սև-սպիտակ գծավոր շարֆը, որն անփույթ նետված է ուսերին։ Scarf Styling կոչվող այս հնարքը վաղուց դուրս է եկել զուտ գործնական աքսեսուարի սահմաններից և դարձել ոճավորման լիարժեք գործիք։ Այն բաժանում է գունային մեծ հատվածները, շարժում հաղորդում կերպարին և հիշեցնում փարիզյան street style-ի էսթետիկան։ Կերպարն ամբողջացնում են Gentle Monster Orora 02 ակնոցները։ Արդյունքում ստացվում է Cherry Red թրենդի, դասականի դեկոնստրուկցիայի և թեթև անփութության արտահայտիչ համադրություն։ Սա այն դեպքն է, երբ ընդամենը մեկ շեշտադրող հագուստ կարող է իսկապես որոշել ամբողջ կերպարի բնավորությունը։

Suede Revival․ 70-ականների էսթետիկայի վերադարձը

photo_5_2026-11-22_12-47-22.jpg (1.12 MB)

Էթերին ընտրել է սեզոնի ամենաակնառու նյութերից մեկը՝ թավիշը։ Շոկոլադագույն, ծավալուն բաճկոնը՝ տղամարդկային կտրվածքով և ընդգծված ուսագծով, հղում է անում 70-ականների էսթետիկային, որը կրկին ոգեշնչում է դիզայներներին և փողոցային նորաձևության սիրահարներին։ Դրան համադրված են ջինսե վերնաշապիկն ու վինտաժային լվացման էֆեկտով ազատ ջինսերը։ Սա Canadian Tuxedo-ի ժամանակակից մեկնաբանությունն է՝ մեկ կերպարում ջինսե մի քանի հագուստ համադրելու ոճային հնարքը։ Թավշյա վերնամասը համադրությանը խորություն է հաղորդում և սովորական ջինսային համադրությունը դարձնում շատ ավելի հետաքրքիր։ Շագանակագույն գլխարկը՝ կեպին, ամբողջացնում է ոճավորումը՝ հաղորդելով ֆրանսիական տրամադրություն և թեթև ռետրո հմայք։

photo_6_2026-11-22_12-47-22.jpg (1.02 MB)

Սակայն ամենահետաքրքիր դետալները թաքնված են աքսեսուարների մեջ։ Սև, զանգվածեղ լոֆերներից երևացող կարմիր գուլպաները Pop of Red թրենդի ևս մեկ օրինակ են․ փոքրիկ գունային շեշտադրում, որը աշխուժացնում է հանգիստ գունապնակը։ Իսկ ընդարձակ կաշվե պայուսակը՝ բռնակին ամրացված վառ մետաքսե շարֆով, ներկայացնում է աքսեսուարների անհատականացման՝ Bag Personalisation թրենդը։ Շարֆերը, բանալիների կախազարդերն ու դեկորատիվ կախազարդերը նույնիսկ ամենասովորական պայուսակը վերածում են անհատական բնավորություն ունեցող իրի։ Արդյունքում ստացվում է անկաշկանդ կերպար՝ վինտաժային ակնարկներով, որտեղ յուրաքանչյուր դետալ բնական տեսք ունի և ոչ թե դիտավորյալ է ընտրված։

Mob Wife Aesthetic․ ընձառյուծային նախշը դուրս է գալիս փողոց

photo_7_2026-11-22_12-47-22.jpg (665 KB)

Հասմիկն ընտրում է աշնանային կերպարի ավելի դրամատիկ տարբերակ՝ ընձառյուծային նախշով վերարկուով, ծավալուն մորթե օձիքով և կաշվե տաբատով։ Այստեղ հեշտությամբ նկատելի է Mob Wife էսթետիկան՝ տպավորիչ, փոքր-ինչ թատերական գլամուրը՝ 70-ականների, 90-ականների և 2000-ականների սկզբի արխիվային նորաձևության ակնարկներով։ Կենդանական նախշը դառնում է կերպարի գլխավոր հերոսը, իսկ մորթե օձիքի խորը բորդո երանգն այն ավելի արտահայտիչ է դարձնում։ Լայնացող փողքերով կաշվե տաբատն ու Saint Laurent Lee սրածայր քթամասով կոշիկները տեսողականորեն երկարացնում են ուրվագիծը և ընդգծում 70s Glam-ի տրամադրությունը։ Միևնույն ժամանակ սև տոպը մնում է առավելագույնս լակոնիկ․ այն հավասարակշռում է աչքի ընկնող վերարկուն և թույլ չի տալիս, որ համադրությունը չափազանց ծանրաբեռնված երևա։

photo_8_2026-11-22_12-47-22.jpg (985 KB)

Ոչ պակաս հետաքրքիր է նաև աքսեսուարների ընտրությունը։ Կարամելային երանգի Gucci Jackie պայուսակը ներդաշնակվում է ընձառյուծային նախշի տաք գունային գամմայի հետ, իսկ գրադիենտ ոսպնյակներով ավիատոր ակնոցները կերպարին հաղորդում են կինեմատոգրաֆիկ զսպվածություն և խորհրդավորություն։ Այստեղ հատկապես հաջող է աշխատում հյուսվածքների խաղը․ տաբատի հարթ կաշին հակադրվում է վերարկուի թավ մակերեսին և ծավալուն մորթուն։ Արդյունքում ստացվում է հենց այն տպավորիչ համադրությունը, որտեղ Animal Print-ը, Burgundy Accent-ը և վինտաժային գլամուրը չեն մրցակցում միմյանց հետ, այլ ստեղծում են ամբողջական կերպար։ Սա նրանց համար է, ովքեր սովոր չեն աննկատ մնալ։



© NEWS.am STYLE