14:38 23 նոյեմբերի, 2026Ջենիֆեր Լոպեսն ակնարկել է հանրահայտ ռոմանտիկ կատակերգության՝ «Եթե սկեսուրդ հրեշ է» (Monster-in-Law) ֆիլմի շարունակության հնարավորության մասին, որտեղ նա նկարահանվել է Ջեյն Ֆոնդայի հետ։ Դերասանուհիները քննարկում են ավելի քան 20 տարի անց կրկին մեկ ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպելու հնարավորությունը։
Այդ մասին 57-ամյա Լոպեսը պատմել է Դրյու Բերիմորի հետ զրույցում՝ The Drew Barrymore Show հաղորդման շրջանակում։ Դերասանուհին վերհիշել է 2005 թվականին նկարահանված կատակերգության աշխատանքային ընթացքը և խոստովանել, որ մինչ օրս ջերմությամբ է հիշում իր գործընկերներին։
«Ես այնքան եմ սիրում այդ ֆիլմը»,- նշել է Բերիմորը։
«Ես սիրում եմ Ջեյնին։ Եվ Մայքլին [Վարտանին]»,- պատասխանել է Լոպեսը՝ խոսելով ֆիլմի իր գործընկերների մասին։
Ֆիլմում Ջեյն Ֆոնդան մարմնավորել է Վիոլա Ֆիլդսին՝ իշխող և խիստ մորը, որն ամեն կերպ փորձում է խոչընդոտել իր որդու՝ Քևինի (Մայքլ Վարտան) և Լոպեսի մարմնավորած Շառլոթ «Չարլի» Կանտիլինիի ամուսնությանը։
Խոսելով Ֆոնդայի մասին՝ Ջենիֆերը նրա հետ համատեղ աշխատանքը որակել է որպես «հրաշալի» և խոստովանել, որ հիացած է եղել իր գործընկերուհով։
«Մենք քննարկում ենք ևս մեկ ֆիլմ նկարահանելու հնարավորությունը»,- անսպասելիորեն հավելել է երգչուհին։
Չնայած ֆիլմում Ֆոնդայի և Լոպեսի հերոսուհիներն անհաշտ մրցակիցներ էին, իրական կյանքում դերասանուհիները պահպանել են ջերմ հարաբերությունները։ 2013 թվականին Ջեյնը ելույթ է ունեցել Հոլիվուդի փառքի ծառուղում Ջենիֆերի աստղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նրանք կրկին միասին են հայտնվել 2025 թվականին՝ «Օսկար» մրցանակաբաշխության նախօրեին կազմակերպված երեկույթին։
«Եթե սկեսուրդ հրեշ է» (Monster-in-Law) օրիգինալ կատակերգությունը էկրաններ է բարձրացել 2005 թվականին և դարձել կինովարձույթի հաջողված ֆիլմ։ Լոպեսից և Ֆոնդայից բացի՝ ֆիլմում նկարահանվել են Մայքլ Վարտանը, Վանդա Սայքսը, Ադամ Սքոթը, Ուիլ Արնեթը և Մոնե Մազուրը։
Առայժմ խոսքը միայն նախնական քննարկումների մասին է․ ֆիլմի շարունակության նկարահանման մեկնարկի, նկարահանումների ժամկետների կամ դերասանական կազմի հաստատման վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի եղել։