Տղամարդիկ վճարում են GTA 6-ի հերոսուհու AI կրկնօրինակների հետ վիրտուալ ժամադրությունների համար․ ստեղծողները ամսական վաստակում են մինչև 40 հազար դոլար

16:16   23 նոյեմբերի, 2026

Երկար սպասված Grand Theft Auto VI տեսախաղի հերոսուհու հանրաճանաչությունն արդեն վերածվել է շահութաբեր բիզնեսի։ Մինչ երկրպագուներն անհամբեր սպասում են Լուսիա Կամինոսի հետ հանդիպմանը, արհեստական բանականությամբ ստեղծվող մոդելների հեղինակները կրկնօրինակում են նրա արտաքինն ու բնավորությունը՝ վիրտուալ նմանակներին վերածելով համացանցի իսկական աստղերի։ Ստեղծողների խոսքով՝ այդպիսի որոշ կերպարներ իրենց հեղինակներին ամսական մինչև 40 հազար դոլար եկամուտ են ապահովում։

«Սեքսը վաճառվում է, իսկ GTA 6-ի երկրպագուները պատրաստ են վճարել դրա համար»,-նշում է New York Post-ը։ Խաղի գրավիչ հերոսուհին ոչ միայն հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, այլև օրինակ է ծառայել արհեստական բանականությամբ ստեղծվող նոր սերնդի ինֆլուենսերների համար։ Խոսքը թվային գեղեցկուհիների մասին է, որոնք գումար են վաստակում վճարովի բաժանորդագրությունների, անհատականացված բովանդակության և վիրտուալ շփման միջոցով։

Նման կերպարներից մեկը Ադրիանա Վեգան է, որին ստեղծել է Լոնդոնից 26-ամյա Ջեյմսը։ Նրա խոսքով՝ միայն վերջին ամսվա ընթացքում Ադրիանան իրեն ապահովել է 30 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ (մոտ 34 հազար դոլար)։

Ադրիանան Instagram-ում ունի ավելի քան 27 հազար հետևորդ։ Նրա արտաքինը, կազմվածքն ու համարձակ կերպարը մեծապես կրկնում են Լուսիայի առանձնահատկությունները։ Տեսախաղի հերոսուհու նման՝ վիրտուալ աղջիկը ներկայացվում է որպես գրավիչ լատինաամերիկուհի՝ ոչ այնքան հեշտ անցյալով։ Նա գրավում է երկրպագուներին սոցիալական ցանցերում և Fanvue հարթակում, որտեղ գործում է վճարովի բաժանորդագրության համակարգ՝ OnlyFans-ի նմանությամբ։

Ջեյմսը պնդում է, որ եկամտի այս նոր աղբյուրը նրան օգնել է մարել վարկային քարտերի պարտքերը և վճարել բնակարանի վարձը։ Ավելին, վաստակած գումարը նրան հնարավորություն է տվել թանկարժեք նվերներ մատուցել հարազատներին․ Սուրբ Ծննդին նա պատրաստվում է մորը նվիրել Mini Cooper ավտոմեքենա, իսկ քրոջ համար արդեն գնել է նավարկության տոմսեր։

Ադրիանայի ստեղծողը պատմել է, որ 2026 թվականի ամռանը մի քանի շաբաթ ուսումնասիրել է արհեստական բանականության հնարավորությունները, որից հետո օգտվել է Prism հարթակից, որը թույլ է տալիս ստեղծել սեփական վիրտուալ ինֆլուենսերներին։ Նրա հերոսուհու արտաքինը, բնավորությունը և նույնիսկ հանցավոր անցյալը ոգեշնչված են եղել Լուսիայի կերպարով։

«Ես առաջին անգամ Լուսիային տեսա 2023 թվականին, երբ հրապարակվեց GTA 6-ի առաջին թրեյլերը։ Նա ինձ շատ գրավիչ թվաց, և ես անմիջապես հասկացա, որ հատկապես տղամարդկանց և խաղի երկրպագուների շրջանում մեծ ժողովրդականություն է վայելելու»,-պատմել է Ջեյմսը։

Նրա խոսքով՝ Ադրիանան, ինչպես և Լուսիան, մեծացել է Մայամիում։ Նա բարդ բնավորություն ունի, սակայն միևնույն ժամանակ կրքոտ է և նվիրված այն մարդկանց, ում սիրում է։ Ստեղծողը նրան նաև օժտել է հանցավոր անցյալով, որը հիշեցնում է տեսախաղի հերոսուհու պատմությունը։

«Ադրիանան ունի լատինաամերիկուհիներին բնորոշ կազմվածք և գայթակղիչ հայացք։ Հենց դրա համար էլ երկրպագուները նրանով տարված են։ Երբեք չգիտես, թե հաջորդ պահին ինչ կանի նա․ մի պահ նա հրաձգարանում է, իսկ արդեն մեկ րոպե անց՝ հանգստանում կղզում՝ ձեռքին կոկտեյլ»,-պատմել է Ջեյմսը։

Նրա խոսքով՝ եկամտի հիմնական աղբյուրը Fanvue հարթակում վճարովի դերային զրույցներն են։ Այդպիսի շփումների ընթացքում օգտատերերը պատկերացնում են, թե հաղորդակցվում են հենց Լուսիայի հետ և նրա հետ միասին մասնակցում հորինված Վայս Սիթիի փողոցներում ծավալվող վտանգավոր արկածներին։

«Սա նրան ամենամեծ եկամուտն է ապահովում։ Մարդիկ ցանկանում են կտրվել առօրյա կյանքից և զգալ, թե նամակագրություն են վարում Լուսիային նման աղջկա հետ, որն ունի նույն բնավորությունն ու համարձակ պահվածքը»,-բացատրել է Ադրիանայի ստեղծողը։

Որոշ բաժանորդներ նաև պատվիրում են անհատականացված բովանդակություն, որի շրջանակում վիրտուալ հերոսուհին նրանց հետ ժամադրության է գնում կամ պարզապես միասին ժամանակ անցկացնում։

Սակայն Լուսիայի և նրա թվային կրկնօրինակների նկատմամբ հետաքրքրությունը միայն կոմերցիոն բնույթ չունի։ GTA 6-ի թողարկումից դեռ առաջ մոլի խաղասերների ընկերուհիներն ու կանայք ակտիվորեն քննարկում էին հերոսուհու գրավչությունն ու խաղի մեկ այլ կերպարի՝ Ջեյսոն Դյուվալի հետ նրա սիրային հարաբերությունները։ Ոմանք նույնիսկ կոչ էին անում իրենց զուգընկերներին հրաժարվել խաղից՝ վիրտուալ սիրախաղը համեմատելով դավաճանության հետ։

Ջեյմսը նման մտահոգությունները չափազանցված է համարում և արհեստական բանականությամբ ստեղծված կերպարի հետ շփումը համարում անվնաս ժամանց։ Այդուհանդերձ, նա ընդունում է, որ որոշ օգտատերեր անցնում են թույլատրելի սահմանները։

«Որոշ մարդիկ կարող են իսկապես տարվել նրանով։ Նրանք նույնիսկ խնդրել են, որ նա դառնա իրենց ընկերուհին։ Սա արդեն տարօրինակ է, հատկապես եթե այդ տղամարդիկ իրական զուգընկերուհիներ ունեն, որոնք իրենց կողքին պառկած են անկողնում, մինչ իրենք նամակագրություն են վարում Ադրիանայի հետ»,-պատմել է նա։

Նման իրավիճակի է բախվում նաև Ֆիլադելֆիայից 24-ամյա Քեթին՝ մեկ այլ արհեստական բանականությամբ ստեղծված գեղեցկուհու՝ Վիկի Տորեսի հեղինակը։ Նրա կերպարը նույնպես ոգեշնչված է Լուսիայով և Instagram-ում արդեն հավաքել է ավելի քան 114 հազար հետևորդ։

Քեթիի կարծիքով՝ վիրտուալ ինֆլուենսերների նկատմամբ հետաքրքրությունն ինքնին չի կարելի դավաճանություն համարել։ Սակայն, նրա համոզմամբ, իրավիճակը փոխվում է, երբ մարդը սկսում է արհեստական բանականությամբ ստեղծված կերպարի հետ չափազանց մտերմիկ զրույցներ վարել կամ զուգընկերոջից թաքցնել, թե որքան ժամանակ և գումար է ծախսում այդ շփման վրա։

«Արհեստական բանականությամբ ստեղծված ինֆլուենսերի էջին բաժանորդագրվելը կամ նրա լուսանկարները դիտելը ինքնին դավաճանություն չեն նշանակում։ Սակայն եթե մարդը վիրտուալ կերպարի հետ չափազանց անձնական զրույցներ է վարում կամ թաքցնում է, թե որքան ժամանակ և գումար է ծախսում դրա վրա, ես հասկանում եմ, թե ինչու դա կարող է անհարմարություն պատճառել նրա զուգընկերոջը։ Յուրաքանչյուրն ունի իր սահմանները»,-նշել է նա։

Քեթին Վիկիին ստեղծել է 25-ամյա մեքսիկուհու կերպարով՝ օժտելով նրան փարթամ կազմվածքով և ըմբոստ բնավորությամբ։ Նա և իր ընկերն այդ կերպարը ստեղծել են 2025 թվականի դեկտեմբերի 31-ին՝ հույս ունենալով այն վերածել արագ եկամուտ ապահովող աղբյուրի։

Աղջկա խոսքով՝ բաժանորդները պատրաստակամորեն վճարում են անհատական բովանդակության համար, որը ստեղծվում է՝ հաշվի առնելով նրանց անձնական ցանկություններն ու երևակայությունները։ Միայն լուսանկարները դիտելու փոխարեն վիրտուալ գեղեցկուհու հետ անմիջականորեն շփվելու հնարավորությունն այս փորձառությունը դարձնում է հատկապես գրավիչ։

Քեթին պնդում է, որ Վիկին իրեն ամսական շուրջ 12 հազար դոլար եկամուտ է ապահովում։



© NEWS.am STYLE