21:15 23 նոյեմբերի, 2026Նյու Յորքի քաղաքական գործիչ Ջորդան Ռայթը հայտնվել է համացանցային անսովոր սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ նրա մասնակցությամբ կարճ տեսանյութը դավադրության տեսությունների մեծ ալիք է առաջացրել։ Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրել են, որ Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի թիկունքում մամուլի ասուլիսի ժամանակ կանգնած տղամարդը կարող է մարդ չլինել, այլ սողունների այլմոլորակային ռասայի ներկայացուցիչ, որը քողարկվել է մարդկային կերպարանքով։
Քննարկումների առիթ է դարձել նոյեմբերի 20-ին՝ ուրբաթ օրը, նկարահանված տեսանյութը, որտեղ Մամդանին խոսում էր Ռայքերս Այլենդ բանտը փակելու ծրագրերի մասին։ Մինչ քաղաքապետը ներկայացնում էր քաղաքի քրեակատարողական համակարգի ապագայի վերաբերյալ իր ծրագրերը, նրա թիկունքում կանգնած Նյու Յորք նահանգի օրենսդիր ժողովի անդամ Ջորդան Ջեյ Ջի Ռայթը հանկարծ ժպտացել է, թարթել աչքերը և տարօրինակ կերպով վերև է շրջել դրանք։
Տեսագրությունը կարճ ժամանակում լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր սկսել են դանդաղեցնել տեսանյութի արագությունը և մեծացնել պատկերը՝ փորձելով ավելի մանրամասն ուսումնասիրել քաղաքական գործչի աչքերի անսովոր շարժումը։ Շուտով ենթադրություններ են հայտնվել, թե Ռայթը, իբր, սողունանման այլմոլորակային է՝ արտերկրյա ծագում ունեցող էակ, որը մարդկային կերպարանք է ընդունել և գաղտնի ազդեցություն ունի աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա։
«Այսպես են թարթում մողեսները։ Գրեթե համոզված եմ, որ մեր մեջ ապրում են «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի իրական այլմոլորակայինները, որոնք մարդկանց կերպարանքով քողարկվում են և թաքնվում բոլորի աչքի առաջ»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկնաբաններից մյուսները տարօրինակ դրվագը կապել են Մամդանիի ելույթի հետ, որի ընթացքում նա հայտարարում էր Նյու Յորքում բանտարկյալների թիվը կրճատելու ծրագրերի մասին։ Ոմանք նույնիսկ պնդել են, որ այլմոլորակայիններն այլևս չեն փորձում թաքցնել իրենց ներկայությունը և միտումնավոր քաոս են ստեղծում Երկրի վրա։
Քննարկումները դուրս են եկել X հարթակի շրջանակներից և տարածվել նաև Reddit-ում, որտեղ օգտատերերը նույնպես սկսել են վիճարկել քաղաքական գործչի մարդկային ծագումը։ Մեկնաբաններից մեկը կտրականապես հայտարարել է, որ կադրում՝ հետին պլանում կանգնած տղամարդը, «հարյուր տոկոսանոց սողունանման էակ է»։
Ինքը՝ 32-ամյա Ռայթը, New York Post-ի լրագրողներին խոստովանել է, որ չի հասկանում, թե տեսանյութում իրականում ինչ է տեղի ունեցել։
«Ես ընդհանրապես պատկերացում չունեմ, թե այնտեղ ինչ էր կատարվում։ Անկեղծ ասած՝ ինքս էլ վստահ չեմ»,- մեկնաբանել է նա։
Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը որոշել է հիշեցնել իր աշխատանքային գործունեության մասին՝ ընդգծելով, որ իր մարդկային էությունը լավագույնս ապացուցում են իրական գործերը, այլ ոչ թե մամուլի ասուլիսի ժամանակ պատահաբար տեսախցիկում հայտնված կադրերը։
«Ակնհայտ է, որ ես մարդ եմ։ Իմ մարդկայնությունը հաստատվում է օրենսդրական գործունեությամբ, այդ թվում՝ Հարլեմում գտնվող WE ACT բնապահպանական կենտրոնին 4 միլիոն դոլար հատկացնելու միջոցով։ Սողունների կամ այլմոլորակայինների անունից խոսել չեմ կարող»,-հայտարարել է Ռայթը։
Քաղաքական գործիչը ներկայացնում է Նյու Յորք նահանգի 70-րդ ընտրատարածքը, որը գտնվում է Հարլեմում։ Նա նահանգային օրենսդիր ժողովի նախկին անդամ Քիթ Ռայթի որդին է և Նյու Յորքի Գերագույն դատարանի նախկին դատավոր Բրյուս Ռայթի թոռը։ Նոյեմբերին Ջորդան Ռայթը վերընտրվել է առանց մրցակիցների՝ ավելի վաղ հաղթելով Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում։