22:30 23 նոյեմբերի, 2026Երկար սպասված Grand Theft Auto 6 տեսախաղի թողարկումը ոչ միայն կարևոր իրադարձություն է դարձել գեյմերների համար, այլև անսպասելի փորձություն՝ զույգերի հարաբերությունների համար։ Մինչ որոշ տղամարդիկ պատրաստվում են իրենց ողջ ազատ ժամանակն անցկացնել նոր տեսախաղի առջև, նրանց զուգընկերուհիները մտահոգված են, որ վիրտուալ աշխարհը կարող է իրական զգացմունքները դուրս մղել իրենց կյանքից։ Այս մասին գրում է New York Post-ը։
Որոշ զույգեր արդեն սոցիալական ցանցերում կատակներ են անում ստեղծված իրավիճակի շուրջ, իսկ մյուսները լրջորեն քննարկում են, թե ինչպես թույլ չտալ, որ տեսախաղով չափազանց տարվելը վնասի իրենց հարաբերություններին։
Դեռևս GTA 6-ի՝ նոյեմբերի 19-ին կայացած թողարկումից առաջ սոցիալական ցանցերի օգտատերերը սկսել էին տեսանյութեր հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են իրենց ամուսիններն ու ընկերները պատրաստվում խաղային մարաթոնին։ Որոշ տղամարդիկ սիրելի կանանց ծաղիկներ ու նվերներ էին մատուցում՝ փորձելով նախապես ստանալ նրանց աջակցությունը, իսկ մյուսները նախընտրում էին պայմանավորվել տնային պարտականություններից գրեթե ամբողջությամբ ազատվելու շուրջ։
Հատկապես մեծ քննարկումների առիթ է դարձել տղամարդկանցից մեկի առաջարկած զվարճալի «պայմանագիրը», որը նա ցանկացել է ստորագրել տալ կնոջը։ Փաստաթղթի համաձայն՝ կինը համաձայնում էր, որ ամուսինը տասը օր շարունակ անընդմեջ խաղա, իսկ նրան կարող էր դիմել միայն այն ժամանակ, երբ վերջինս հարմար գտներ։ Տղամարդը նաև զգուշավորությամբ հիշեցրել էր կնոջը, որ խաղում տեղի ունեցող ամեն ինչ հորինվածք է։
Սակայն զուգընկերներին անհանգստացնում է ոչ միայն խաղային մարաթոնների տևողությունը։ GTA 6-ն արդեն ուշադրություն է գրավել նաև իր բացահայտ սեռական բովանդակությամբ․ խաղում կան սեքսուալ բնույթի տեսարաններ, մերկ կերպարներ, ստրիպտիզ ակումբներում կատարվող առաջադրանքներ, ինչպես նաև մեծահասակների համար նախատեսված բովանդակության հորինված հարթակին ուղղված երգիծական ակնարկներ, որը նման է OnlyFans-ին։ Որոշ օգտատերեր խոստովանում են, որ հենց այս դրվագներն են իրենց ամենից շատ անհանգստացնում։
Այն մասին, թե ինչպես կարող են տեսախաղերն ազդել զույգերի հարաբերությունների վրա, իր տեսակետն է հայտնել ամերիկացի հարաբերությունների խորհրդատու, գրող և փոդքասթավար Մեթյու Հասսին։ Նրա խոսքով՝ խաղով տարվելն ինքնին չպետք է վեճերի պատճառ դառնա։ Զուգընկերները պետք է հարգեն միմյանց հետաքրքրությունները, ինչպես հարգում են սպորտով զբաղվելու, գոլֆ խաղալու կամ կինո գնալու ցանկությունը։
Հասսիի կարծիքով՝ հատկապես սպասված խաղի թողարկումը մարդու համար կարող է կարևոր իրադարձություն լինել, և նրա մտերիմները պետք է ըմբռնումով մոտենան դրան։ Նա նույնիսկ առաջարկում է զուգընկերներին ինքնուրույն օգնել սիրելի մարդուն ժամանակ գտնել խաղալու համար։
«Եթե գիտենք, որ շուտով թողարկվելու է GTA 6-ը, և դա մարդու համար իսկապես կարևոր իրադարձություն է, որին նա երկար է սպասել, ապա հենց մենք կարող ենք ասել․ «Ինչպե՞ս կարող ենք այս շաբաթ քեզ համար ավելի շատ ժամանակ ազատել, որպեսզի կարողանաս խաղալ։ Ես հասկանում եմ, թե որքան կարևոր է սա քեզ համար»,- բացատրել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, զուգընկերոջ նախասիրություններին աջակցելը չպետք է նշանակի սեփական կարիքներից հրաժարվել։ Եթե զույգերից մեկը մշտապես իրեն անտեսված է զգում և ստիպված է մրցակցել տեսախաղի հետ՝ զուգընկերոջ ուշադրության համար, ապա այդ խնդիրը պետք է քննարկել։
«Եթե հանկարծ հասկանում եք, որ ձեր կարիքները չեն բավարարվում, և դուք մշտապես երկրորդ պլան եք մղվում տեսախաղի պատճառով, ուրեմն եկել է լուրջ խոսակցության ժամանակը»,- ընդգծել է Հասսին։
Առանձին քննարկումների առիթ է դարձել նաև GTA 6-ի սեռական բովանդակությունը։ Փորձագետը այն համեմատել է սիրային բացահայտ վեպերի հետ, որոնք ընթերցողները հաճախ օգտագործում են սեփական երևակայությունը խթանելու համար։ Նրա կարծիքով՝ նման ժամանցը չպետք է ինքնաբերաբար ընկալել որպես հարաբերություններին սպառնացող վտանգ։
«Եթե կինս սիրային վեպ կարդար և երևակայեր գրքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, դա ինձ չէր անհանգստացնի։ Դա ընդամենը գիրք է, պարզապես երևակայություն»,-նշել է նա։
Սակայն, Հասսիի խոսքով, սահմանն անցնում է այնտեղ, որտեղ վիրտուալ կյանքը սկսում է փոխարինել իրականին։ Եթե մարդն ավելի շատ ուշադրություն է դարձնում խաղի կերպարին, քան իր իրական զուգընկերոջը, ապա դա արդեն մտահոգվելու պատճառ է։
«Եթե կնոջդ հաղորդագրությանը չես պատասխանում, բայց միևնույն ժամանակ անհանգստանում ես, որ խաղում քո վիրտուալ ընկերուհուն պատասխան չես տվել, ապա դա բոլորովին այլ իրավիճակ է։ Եվ կարծում եմ՝ այստեղ իսկապես խնդիր կա»,-պարզաբանել է հարաբերությունների խորհրդատուն։
Նրան հատկապես մտահոգում է միայնակ մարդկանց վիճակը, երբ կողքին չկա զուգընկեր, որը կարող է նկատել, որ նրանք չափազանց խորասուզվել են հորինված իրականության մեջ։
«Չկա մեկը, ով ժամանակին կասի․ «Դու արդեն տասնչորսերորդ գիշերն անընդմեջ տանն ես նստած, իրական մարդկանց հետ չես շփվում և նույնիսկ չես փորձում սեր գտնել»»,-զգուշացրել է Հասսին։
Միևնույն ժամանակ, փորձագետն ընդգծել է, որ ինքը դրական է վերաբերվում տեսախաղերին և դրանք վատ բան չի համարում։ Գլխավորը հավասարակշռությունը պահպանելն է և անկեղծորեն գնահատելը՝ արդյոք վիրտուալ ժամանցը չի՞ սկսում դուրս մղել իրական հարաբերությունները։
Ինչպե՞ս խոսել զուգընկերոջ հետ, որը չափազանց շատ ժամանակ է անցկացնում խաղերի առջև
Եթե տեսախաղերով տարվելը սկսում է խանգարել համատեղ կյանքին, Հասսին խորհուրդ է տալիս խոսակցությունը չսկսել մեղադրանքներով կամ սիրելի զբաղմունքն արգելելու փորձերով։ Շատ ավելի արդյունավետ է ցույց տալ, որ հարգում եք զուգընկերոջ հետաքրքրությունները, բայց միևնույն ժամանակ ցանկանում եք, որ ձեր սեփական կարիքներն էլ հաշվի առնվեն։
Նրա կարծիքով՝ կարևոր է մարդուն հասկացնել, որ խոսքը նրա նախասիրությունների դեմ պայքարի մասին չէ, այլ ուշադրության և մտերմության պակասի։
«Ինչ-որ պահի սկսում եք զգալ, որ ձեզ բավարար ուշադրություն չեն դարձնում։ Կան բաներ, որոնք ձեզ համար կարևոր են, սակայն դուք չեք ստանում այն, ինչի կարիքն ունեք»,- բացատրել է փորձագետը։
Եթե զուգընկերը տեսնում է, որ դուք անկեղծորեն մտահոգված եք նրա երջանկությամբ և չեք փորձում զրկել նրան սիրելի զբաղմունքից, խոսակցությունն այլևս չի ընկալվում որպես հակամարտություն։
«Սա հակամարտություն չէ։ Սա խոսակցություն է մի մարդու հետ, որը ձեզ դիտարկում է որպես իր թիմակից»,- ընդգծել է Հասսին։
Նրա համոզմամբ՝ նման մոտեցումն օգնում է հասնել փոխըմբռնման․ զուգընկերը սկսում է գիտակցել, որ մտերիմ մարդու աջակցությունն ու համբերատարությունը չպետք է ընկալվեն որպես ինքնին հասկանալի մի բան։
Ի վերջո, GTA 6-ը կարող է հիանալի ժամանց դառնալ, սակայն, ինչպես զգուշացնում է փորձագետը, ոչ մի վիրտուալ պատմություն չպետք է զբաղեցնի իրական կյանքի տեղը։ Կարևոր է չմոռանալ, որ խաղային աշխարհից դուրս նույնպես կան մարդիկ, որոնց անհրաժեշտ են ուշադրություն, սեր և միասին անցկացրած ժամանակ։