20:20 24 նոյեմբերի, 2026Նրանք աշխարհի տեխնոլոգիական ոլորտի ամենաազդեցիկ ներկայացուցիչների կողքին էին դեռ այն ժամանակ, երբ նրանց ընկերությունները չէին գնահատվում միլիարդավոր դոլարներով, երբ չկային մասնավոր ինքնաթիռներ, աստղային երեկույթներ և շքեղ ապրելակերպ։ Նրանք ճանաչում էին իրենց ամուսիններին դեռևս այն ժամանակ, երբ վերջիններս հայտնի և աներևակայելի հարուստ չէին դարձել, նրանց հետ անցել էին կայացման երկար ճանապարհը և աջակցել հաջողության հասնելու ընթացքում։ Սակայն ի վերջո այս կանանցից շատերը բախվել են դավաճանությունների և ցավալի ամուսնալուծությունների։
Այժմ նման իրավիճակում է հայտնվել Nvidia-ի համահիմնադիր Ջենսեն Հուանգի կինը՝ Լորի Հուանգը։ Նա համալրել է տեխնոլոգիական ոլորտի միլիարդատերերի նախկին կանանց յուրատեսակ շրջանակը, որի անդամներն արդեն են Մաքքենզի Սքոթը, Մելինդա Ֆրենչ Գեյթսը և Ջասթին Մասկը։
Ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղեկություններ տարածվեցին 63-ամյա Ջենսեն Հուանգի ենթադրյալ բազմաթիվ դավաճանությունների մասին։ Ըստ հրապարակման՝ նա հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ միաժամանակ երեք սիրավեպի պատճառով։ Առավել մեծ ուշադրություն գրավեց նրա ենթադրյալ կապը գործարար Ալիսա Հուանգի հետ, որը գործարարի ազգականը չէ և կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Նոյեմբերի 8-ին Հուանգը հրապարակել է հայտարարություն՝ ներողություն խնդրելով կնոջից և ընտանիքից։
«Ես սիրում եմ ձեզ։ Հասկանում եմ, որ ոչ մի ներողություն չի կարող ուղղել իմ արածը։ Հույս ունեմ, որ մեր ընտանիքը կկարողանա հաղթահարել այս ամենը, և ժամանակի ընթացքում ինձ կհաջողվի վերականգնել ձեր վստահությունը»։
Նոյեմբերի 12-ին նա, ըստ պարբերականի տեղեկությունների, հեռացել է Nvidia-ում զբաղեցրած պաշտոնից։ 65-ամյա Լորին առայժմ չի հայտնել ամուսնալուծվելու մտադրության մասին։ Ամուսիններն արդեն 41 տարի է՝ ամուսնացած են։
Լորին ապագա ամուսնու հետ ծանոթացել է 1980-ականներին՝ Օրեգոնի պետական համալսարանում էլեկտրատեխնիկայի դասընթացների ժամանակ։ Նրանք ամուսնացել են 1985 թվականին։
Ջենսեն Հուանգի կարողությունը գնահատվում է շուրջ 136 միլիարդ դոլար։ Նրան է պատկանում Nvidia-ի բաժնետոմսերի 3,58 տոկոսը։ Քանի որ Կալիֆոռնիան ամուսինների համատեղ սեփականության իրավական ռեժիմ ունեցող նահանգ է, ամուսնալուծության դեպքում Լորին տեսականորեն կարող է հավակնել ամուսնության ընթացքում ձեռք բերված համատեղ կարողության մոտ կեսին՝ շուրջ 68 միլիարդ դոլարին։ Ընդ որում՝ ըստ առկա տեղեկությունների՝ զույգը չունի ո՛չ ամուսնությունից առաջ կնքված նախամուսնական պայմանագիր, ո՛չ էլ ավելի ուշ ստորագրված համապատասխան համաձայնագիր։
Ամուսնալուծությունների հարցերով ֆինանսական խորհրդատու Մարիսա Ռեալեն Daily Mail-ին պարզաբանել է, որ նման պայմանագրի բացակայության դեպքում Nvidia-ի բաժնետոմսերը, ընկերության հիմնադրի բաժնեմասը և ամուսնության տարիներին ձեռք բերված մյուս ակտիվները կարող են ճանաչվել համատեղ սեփականություն և բաժանվել ամուսինների միջև։
Կապիտալի կառավարման փորձագետ Միշել Սմիթի կարծիքով՝ հնարավոր ամուսնալուծությունը կարող է Լորիի համար դառնալ կյանքի նոր փուլի սկիզբ, ինչպես դա եղավ Մաքքենզի Սքոթի և Մելինդա Ֆրենչ Գեյթսի դեպքում։ Բաժանումից հետո երկուսն էլ իրենց կարողության զգալի մասը նվիրաբերեցին բարեգործությանը։
«Նա կարող է միանալ Մաքքենզիին և Մելինդային, որոնք իրենց միջոցներով անհավանական գործեր են անում՝ միաժամանակ պահպանելով իրենց արժանապատվությունը»,- նշել է Սմիթը։ «Այժմ նա ինքն է տնօրինում իր կյանքի ֆինանսական միջոցները»։
Փորձագետի խոսքով՝ ամուսնական հարաբերություններում ճգնաժամերը հաճախ ի հայտ են գալիս հենց այն բանից հետո, երբ ամուսինները հասնում են մասնագիտական և ֆինանսական հսկայական հաջողությունների։ Նա նույնիսկ օգտագործում է «զգուշացե՛ք երազանքի տնից» արտահայտությունը։ Նրա դիտարկմամբ՝ շատ զույգեր բաժանվում են իրենց վաղեմի երազանքի տունը գնելուց, կառուցելուց կամ վերանորոգելուց կարճ ժամանակ անց։
Մաքքենզի Սքոթ․ 38 միլիարդ դոլար՝ Ջեֆ Բեզոսի հետ ամուսնալուծությունից հետո
56-ամյա Մաքքենզի Սքոթը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հետ ամուսնացած է եղել 25 տարի։ 2019 թվականին ամուսնալուծությունից հետո նա ստացել է շուրջ 38 միլիարդ դոլար․ սա ամուսնության լուծարման արդյունքում պաշտոնապես գրանցված ամենախոշոր փոխհատուցումներից մեկն է։

Մաքքենզին ավարտել է Փրինսթոնի համալսարանը և երազել է գրող դառնալ։ Սակայն հաշիվները վճարելու համար նա աշխատել է ներդրումային հիմնադրամում՝ որպես գիտաշխատող, որտեղ էլ ծանոթացել է Բեզոսի հետ։ Առաջին հանդիպումից ընդամենը երեք ամիս անց զույգը նշանվել է, իսկ կարճ ժամանակ անց՝ ամուսնացել։
1994 թվականին ամուսինները տեղափոխվել են Սիեթլ, որտեղ Բեզոսը հիմնադրել է Amazon-ը։ Մաքքենզին անմիջական մասնակցություն է ունեցել ընկերության կայացմանը․ օգնել է մշակել բիզնես ծրագրերը և դարձել ընկերության առաջին հաշվապահը։
Հետագայում նա հեռացել է Amazon-ի գործերից՝ գրականությամբ զբաղվելու համար։ Ամուսիններն ունեն չորս երեխա՝ որդի Փրեսթոնը և ևս երեք երեխա, որոնց զույգն որդեգրել է։
2019 թվականին ամուսնալուծության մասին հայտարարությունն ուղեկցվեց մեծ աղմուկ բարձրացրած սկանդալով․ դրանից կարճ ժամանակ առաջ հայտնի էր դարձել Բեզոսի սիրավեպի մասին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ։ 2025 թվականին Բեզոսն ու Սանչեսն ամուսնացել են Վենետիկում։

Ամուսնալուծությունից հետո Մաքքենզին ստացել է Amazon-ի բաժնետոմսերի շուրջ 4 տոկոսը, ինչը կազմել է ամուսինների համատեղ բաժնեմասի մոտ մեկ քառորդը։ Հետագայում նա դարձել է աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը։
Ի տարբերություն նախկին ամուսնու, որը նոր կնոջ հետ ցուցադրում է շքեղ ապրելակերպը, Սքոթն ընտրել է բարեգործությունը։ 2019 թվականին նա միացել է Giving Pledge նախաձեռնությանը՝ պարտավորվելով իր կարողության մեծ մասն ուղղել բարեգործական նպատակներին։ 2025 թվականին նրա կատարած նվիրատվությունները գերազանցել են 7 միլիարդ դոլարը։
Մելինդա Ֆրենչ Գեյթս․ 2,4 միլիարդ դոլար և սեփական բարեգործական կայսրություն
Մելինդա Ֆրենչ Գեյթսը 27 տարի շարունակ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի անձնական և մասնագիտական կյանքի անբաժանելի մասն է եղել։
1987 թվականին նա աշխատանքի է անցել Microsoft-ում՝ որպես մարքեթինգի մենեջեր։ Չորս ամիս անց ծանոթացել է Գեյթսի հետ, որն այդ ժամանակ ղեկավարում էր ընկերությունը։ Նրանք ամուսնացել են 1994 թվականին, իսկ 1996-ին՝ առաջնեկի ծնվելուց հետո, Մելինդան հեռացել է Microsoft-ից։

Զույգն ունի երեք երեխա՝ Ջենիֆերը, Ռորին և Ֆիբին։ Ամուսինները միասին զբաղվել են բարեգործությամբ և 2000 թվականին հիմնադրել Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը, որը հետագայում դարձել է աշխարհի խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկը։
2021 թվականին The New York Times-ը հրապարակել է հետաքննական նյութ, որում պնդվում էր, որ Գեյթսը անպարկեշտ առաջարկություններ է արել Microsoft-ի և հիմնադրամի առնվազն վեց աշխատակցուհիների։ Հայտնի է դարձել նաև, որ 2000 թվականին նա արտամուսնական կապ է ունեցել ընկերության աշխատակցուհիներից մեկի հետ։
Գեյթսի ներկայացուցիչը հաստատել է, որ նա գրեթե 20 տարի առաջ սիրավեպ է ունեցել, սակայն նշել է, որ հարաբերություններն ավարտվել են խաղաղ ճանապարհով։ Նա նաև հերքել է աշխատակիցների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մեղադրանքները և ամուսնալուծության պատճառների ու հանգամանքների մասին հրապարակված տեղեկությունները որակել որպես խեղաթյուրված։
Առանձին մեծ արձագանք են առաջացրել Գեյթսի կապերը սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի հետ։ 2026 թվականին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալիս Գեյթսը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Էփշտեյնի հանցավոր գործունեության մասին և որևէ մասնակցություն չի ունեցել դրանում։ Նա նրա հետ ծանոթությունը բնութագրել է որպես դատողության լուրջ սխալ։
Մելինդան ամուսնալուծությունների հարցերով փաստաբանների է դիմել այն բանից հետո, երբ հանրությանը հայտնի են դարձել ամուսնու կապերը Էփշտեյնի հետ։ Ամուսինները բաժանման մասին հայտարարել են 2021 թվականին։ Նրանք նախամուսնական պայմանագիր չեն ունեցել։ Համաձայնագրի շրջանակում Մելինդան ստացել է 2,4 միլիարդ դոլար արժողությամբ արժեթղթեր և բաժնետոմսեր։
2024 թվականին նա լքել է հիմնադրամի համանախագահի պաշտոնը։ Մեկ տարի անց հիմնադրամը վերանվանվել է Gates Foundation։ Իր բարեգործական գործունեությունը նա կենտրոնացրել է կանանց և աղջիկների աջակցության վրա՝ Pivotal Ventures կազմակերպության միջոցով։ 2024 թվականին Գեյթսը նրան հատկացրել է 12,5 միլիարդ դոլար՝ բարեգործական ինքնուրույն ծրագրեր իրականացնելու համար։
Ջասթին Մասկ․ «Ես պարզապես ցուցադրական կին էի»
54-ամյա գրող Ջասթին Մասկը ճանաչում էր Իլոն Մասկին դեռ շատ ավելի վաղ, քան նա կդառնար մոլորակի ամենահարուստ մարդը։ Նրանք ծանոթացել են ուսանողական տարիներին՝ Կանադայում․ Ջասթինը 18 տարեկան էր, իսկ Իլոնը՝ 19։
Զույգն ամուսնացել է 2000 թվականին։ Ջասթինի խոսքով՝ անհանգստացնող ազդանշաններն ի հայտ են եկել դեռ ամուսնության սկզբում։ Նա պնդել է, որ իրենց հարսանեկան առաջին գիշերը Մասկն իրեն ասել է. «Այս հարաբերություններում ալֆան ես եմ»։

Հետագայում, նրա խոսքով, գործարարը քննադատել է իրեն չափազանց շատ կարդալու համար, անտեսել է իր գրքերի հանձնման ժամկետները և բազմիցս պահանջել, որ մազերը ներկի ավելի բաց երանգով ու նիհարի։ Ջասթինը պատմել է, որ այդ պահանջների պատճառով իրեն զգացել է որպես «ցուցադրական կին» և աստիճանաբար դադարել ճանաչել ինքն իրեն։
Դեռ հարսանիքից առաջ Մասկը, որը դրանից կարճ ժամանակ առաջ շուրջ 20 միլիոն դոլարով վաճառել էր իր առաջին՝ Zip2 ընկերությունը, ապագա կնոջը խնդրել էր ստորագրել ֆինանսական համաձայնագիր։ Արդյունքում ամուսնությունից երկու ամիս անց Ջասթինը ստորագրել է նախամուսնական պայմանագիրը։
2002 թվականին զույգի նորածին որդին՝ Նևադա Ալեքսանդրը, մահացել է։ Պատճառը մանկական հանկարծամահության համախտանիշն էր։ Ջասթինը պատմել է, որ տարիներ շարունակ տառապել է դեպրեսիայից, իսկ Մասկը, նրա պնդմամբ, հրաժարվել է քննարկել երեխայի մահը և նրա վիշտը բնութագրել որպես հուզական մանիպուլյացիա։
Ավելի ուշ ամուսինները երկվորյակներ են ունեցել՝ Վիվիանին և Գրիֆինին, ապա՝ եռյակ տղաներ՝ Քային, Սաքսոնին և Դեմիանին։ Սակայն, Ջասթինի խոսքով, Մասկն այնքան էր տարված աշխատանքով, որ նույնիսկ տանը գտնվելիս մտքերով շարունակում էր հեռու լինել ընտանիքից։
2008 թվականին ավտովթարից հետո Ջասթինը որոշել է, որ իրենց հարաբերությունները փրկելու անհրաժեշտություն կա, և առաջարկել է դիմել ընտանեկան հոգեբանի։ Մասկը սկզբում համաձայնել է, սակայն կարճ ժամանակ անց ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նույն տարվա սեպտեմբերին զույգը հայտարարել է բաժանման մասին։
Ավելի ուշ Ջասթինը հրապարակել է իրենց ամուսնության և ամուսնալուծության մասին մանրամասն պատմությունը։ Մասկը մերժել է իրադարձությունների նրա ներկայացրած տարբերակը և հայտարարել, որ համաձայնագրի համաձայն՝ հարկերը վճարելուց հետո Ջասթինը պետք է ստանար շուրջ 20 միլիոն դոլար՝ գումարի կեսը՝ անշարժ գույքի, մյուս կեսը՝ դրամական վճարումների տեսքով։ Նրա խոսքով՝ մինչև դատական գործընթացը նա կնոջն առաջարկել է ավելի քան երկու անգամ մեծ գումար, սակայն վերջինս հրաժարվել է։
Այդ ժամանակից ի վեր Մասկը ևս յոթ երեխայի հայր է դարձել՝ երեք տարբեր կանանցից։ Ջասթինը հիմնականում խուսափում է հանրային ուշադրությունից, սակայն աջակցում է դստերը՝ Վիվիանին, որի հարաբերությունները հոր հետ բարդացել են քաղաքական տարաձայնությունների և սեռափոխության գործընթացի պատճառով։
2026 թվականի վավերագրական ֆիլմում Ջասթինը նաև պատմել է, որ նախկին ամուսինը Վիվիանին զրկել է բժշկական ապահովագրությունից այն բանից հետո, երբ վերջինս բացահայտել է իր տրանսգենդեր ինքնությունը։
Իր ամուսնության մասին Ջասթինը հիշել է. «Նա անընդհատ մատնանշում էր այն ամենը, ինչը, իր կարծիքով, ինձ պակասում էր»։