Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար

23:01   24 նոյեմբերի, 2026

Armani-ն ընդլայնում է իր ներկայությունը շքեղ հյուրընկալության ոլորտում․ Եգիպտոսում կբացվի ապրանքանիշի առաջին հյուրանոցը, ինչպես նաև բարձրակարգ բնակարանների և մասնավոր առանձնատների համալիր։ Նոր նախագիծը կտեղակայվի Կարմիր ծովի ափին՝ Marassi Red Sea առողջարանային գոտում։ Համալիրի բացումը նախատեսվում է 2030 թվականին։

Նոր համալիրը ներառելու է Armani հյուրանոց՝ սովորական համարներով և ծովափնյա լյուքս համարներով, հյուրանոցային սպասարկմամբ բնակարաններ, ինչպես նաև Armani ապրանքանիշի ներքո ստեղծված մասնավոր առանձնատների սահմանափակ հավաքածու։ Ինտերիերները կձևավորվեն Armani/Casa ոճով։ Սա նորաձևության տան ինտերիերի դիզայնի ուղղությունն է, որը հայտնի է զուսպ ձևավորմամբ, ներդաշնակ համամասնություններով և մանրուքների նկատմամբ առանձնահատուկ ուշադրությամբ։

Նախագիծը կտեղակայվի անմիջապես ծովափին՝ լողափի և զբոսանավերի նավահանգստի տեսարանով։ Համալիրի կենտրոնական հատվածներից մեկը կլինի առողջության և վերականգնման կենտրոնը, որի գործունեությունը կկենտրոնանա ուժերի վերականգնման, առողջության պահպանման և երկարակեցության վրա։ Հյուրերին և բնակիչներին կառաջարկվեն անհատական առողջարարական ծրագրեր, անհատական խնամքի և վերականգնողական պրոցեդուրաներ, ֆիթնեսի պարապմունքներ, ինչպես նաև հանգստի և թուլացման համար նախատեսված տարածքներ։

Համալիրում նախատեսվում է նաև կառուցել ռեստորաններ, ժամանցի գոտիներ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ։ Նախագծի հայեցակարգը ենթադրում է, որ ճարտարապետությունը, ինտերիերը և սպասարկման մակարդակը կարտացոլեն Armani-ի փիլիսոփայությունը՝ զուսպ նրբագեղություն և մանրակրկիտ մտածված շքեղություն՝ առանց ավելորդ ցուցադրականության։

Armani Group-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարշոչին հայտարարել է, որ ընկերությունը ուրախ է առաջին անգամ Եգիպտոսում ներկայացնել Armani Hotels & Resorts ապրանքանիշը։ Նրա խոսքով՝ Կարմիր ծովի ափը յուրահատուկ վայր է դարձել հյուրընկալության, գեղեցկության և շրջակա միջավայրի հետ ներդաշնակության վերաբերյալ ապրանքանիշի պատկերացումներն իրականացնելու համար։

«Այստեղ ամեն ինչ՝ ճարտարապետությունից մինչև սպասարկման ամենափոքր մանրուքները, կարտացոլի այն փիլիսոփայությունը, որը պարոն Արմանին ձևավորել է հինգ տասնամյակների ընթացքում»,-նշել է Մարշոչին։

Իր հերթին՝ Emaar ընկերության հիմնադիր Մոհամեդ Ալաբբարը ընդգծել է, որ Armani-ի հետ համագործակցությունն արտացոլում է ընկերության վստահությունը Եգիպտոսի զբոսաշրջության և անշարժ գույքի շուկայի հեռանկարների նկատմամբ։ Նրա խոսքով՝ գործընկերները մտադիր են Կարմիր ծովի ափին ստեղծել շքեղության նոր չափանիշ, որը կկարողանա գրավել աշխարհի տարբեր երկրներից ժամանող ապահովված զբոսաշրջիկների և անշարժ գույքի գնորդների։

Եգիպտոսում իրականացվելիք նախագիծը կդառնա Armani Hotels & Resorts միջազգային ցանցի մի մասը։ Ներկայումս ապրանքանիշը ներկայացված է Դուբայում՝ Բուրջ Խալիֆա երկնաքերում տեղակայված Armani Hotel Dubai հյուրանոցով, ինչպես նաև Միլանում գործող Armani Hotel Milano հյուրանոցով։ Մյուս նախագիծը՝ Armani Hotel Diriyah-ը, գտնվում է կառուցման փուլում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։



© NEWS.am STYLE