Rhode շուրթերի փայլ, թանկարժեք խորտիկներ և Coca-Cola-ի 90-օրյա պաշար․ ինչպես է Z սերունդը պատրաստվում աշխարհի վերջին

19:29   25 նոյեմբերի, 2026

Z սերունդը ապոկալիպսիսին պատրաստվում է սեփական կանոններով։ Պահածոներով և ջրի շշերով սահմանափակվելու փոխարեն՝ երիտասարդները պաշարում են իրենց սիրելի կոսմետիկ միջոցները, նրբաճաշակ խորտիկներն ու առօրյա այլ իրերը, որոնք կօգնեն նույնիսկ արտակարգ իրավիճակներում պահպանել հարմարավետության զգացումը, գրում է NYP-ն։

Վերջին շաբաթներին աղետների հնարավոր դեպքերին նախապատրաստվելու նկատմամբ հետաքրքրությունը նկատելիորեն աճել է ԱՄՆ-ում տեղի ունեցած լուրջ տեխնիկական խափանումների ֆոնին։ Դրանց թվում են ավիափոխադրումների համազգային դադարեցումն ու խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Microsoft-ի, JPMorgan Chase-ի և Apple-ի աշխատանքում առաջացած խափանումները։ Թեման արագ տարածվել է նաև սոցիալական ցանցերում․ TikTok-ում #doomsday հեշթեգով հրապարակումների թիվն արդեն գերազանցել է 507 հազարը, իսկ Instagram-ում դրանց թիվը մոտ 783 հազար է։

Այնուամենայնիվ, երիտասարդ սերունդն իր ձևով է պատկերացնում հնարավոր ճգնաժամին պատրաստվելը։ Շատերի համար կարևոր է ոչ միայն գոյատևելը, այլև սովորական կենսակերպից չհրաժարվելը։

Օրինակ՝ Նյու Յորքի Աստորիա թաղամասի 30-ամյա բնակչուհի Ջանեթ Նգուենը համալրել է իր պաշարները Vita Coco ապրանքանիշի կոկոսի ջրով և միանգամից գնել La Croix-ի դեղձի համով գազավորված ջրի երեք փաթեթ։ Բացի այդ, նա ձեռք է բերել Fishwife պրեմիում ապրանքանիշի թունայի, սկումբրիայի և սարդինայի պահածոներ, ինչպես նաև աղի կրեկերներ, շրիրաչա սոուս և կծու յուղ, որպեսզի նույնիսկ մեկուսացման պայմաններում կարողանա համեղ խորտիկ պատրաստել։

«Ես սիրում եմ ինձ հարմարավետ զգալ։ Չեմ կարծում, որ նախատեսված եմ արտակարգ իրավիճակների համար, ուստի փորձում եմ գոնե մի փոքր պատրաստվել, որպեսզի վատագույն սցենարի դեպքում ամեն ինչ կարգին լինի»,- բացատրել է աղջիկը։

Սան Դիեգոյի 28-ամյա բնակչուհի Ջինա Արկոնտին նույնպես ուշադիր հետևում է սոցիալական ցանցերում տարածված՝ անհրաժեշտ պաշարների ցանկերին։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերի լրահոսը լի է տեսանյութերով, որոնցում օգտատերերը ցուցադրում են բավականին թանկարժեք գնումներ՝ ավելի քան հազար դոլար արժողությամբ մարտկոցներից մինչև ամենօրյա խնամքի միջոցներ։

Ինքը՝ Ջինան, իր արտակարգ իրավիճակների ուսապարկում տեղավորել է Lume պրեմիում ապրանքանիշի հոտազերծող խոնավ անձեռոցիկներ։ Նա ընդունում է, որ աղետի դեպքում դրանք ամենաանհրաժեշտ իրերից չեն, սակայն չի պատրաստվում հրաժարվել իր սովորական խնամքի միջոցներից։

«Սա ավելի շուտ շքեղության առարկա է, բայց հոգուս խորքում ես անբասիր մաքրության կողմնակից եմ»,- կատակել է նա։

Միևնույն ժամանակ աճում է նաև շքեղ դասի՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված պատրաստի հավաքածուների պահանջարկը։ Լոս Անջելեսում գործող Preppi Prester ընկերությունը, որը արտադրում է ոճային անջրանցիկ պայուսակներ և գոյատևման հավաքածուներ, ամբողջությամբ վաճառել է 595 դոլար արժողությամբ ուսապարկերը, ինչպես նաև նույն գնով առաջարկվող եռօրյա հավաքածուները։ Եվս 75 դոլար վճարելով՝ գնորդները կարող են պատվիրել անհատականացված մոնոգրամ։

Միևնույն ժամանակ վաճառքում դեռևս առկա է ապրանքանիշի ամենաթանկ հավաքածուն՝ 4 995 դոլար արժողությամբ։ Արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներից բացի՝ այն ներառում է պոկերի խաղի հավաքածու և պրեմիում դասի շոկոլադ։

Որոշ երիտասարդներ արտակարգ իրավիճակների համար նախատեսված հավաքածուները զրոյից չեն կազմում, այլ արդեն ունեցած իրերին ավելացնում են այնպիսի պարագաներ, որոնք իրենց ավելի վստահ են զգալու հնարավորություն են տալիս։

Լոս Անջելեսում բնակվող 27-ամյա Մեյբլ Դասթինը, որն աշխատում է ինֆլուենսերների հետ մարքեթինգի ոլորտում, արտակարգ իրավիճակների ուսապարկը պատրաստ պահում է արդեն վեց տարի։ Դրանում կան մաքրված խմելու ջուր, ռադիոընդունիչ, դանակ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ։ Սակայն վերջերս աղջիկը որոշել է այնտեղ ավելացնել նաև Rhode ապրանքանիշի շուրթերի փայլն ու արևապաշտպան միջոցը։

«Ինձ անհրաժեշտ է ավելացնել ավելի շատ առօրյա իրեր, որոնք ինձ երջանիկ են դարձնում։ Սիրելի շուրթերի փայլն ինձ անհրաժեշտ է, որպեսզի կարողանամ ինձ սովորականի պես զգալ»,- բացատրել է նա։

Մեյբլն ավելի հեռուն է գնացել և որոշել է քողարկող նախշերով իր ուսապարկը զարդարել One Direction խմբի պատկերներով կրծքանշաններով։ Նրա կարծիքով՝ արտակարգ իրավիճակների համար նախատեսված հավաքածուն պետք է արտացոլի սեփականատիրոջ անհատականությունը և օգնի նրան պահպանել անվտանգության ու հարմարավետության զգացումը։

«Ես ուզում եմ, որ այն լինի վարդագույն ու փայլուն։ Գոյատևման համար նախատեսված ձեր պայուսակը պետք է լինի հենց այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում տեսնել այն՝ լի իրերով, որոնք կօգնեն հաղթահարել ցանկացած իրավիճակ և հանգիստ զգալ»,- հայտարարել է աղջիկը։

39-ամյա գրող և գրքերի մասին բլոգի հեղինակ Շելբի Լինը սկզբում փորձել է հետևել ընդունված խորհուրդներին։ Ընկերուհու հետ նա գնացել է Costco, որտեղ նրանցից յուրաքանչյուրը գնել է հինգ կիլոգրամանոց լոբու մեկական պարկ։ Սակայն տուն վերադառնալուց հետո կանայք հասկացել են, որ գրեթե երբեք չեն օգտագործում այդ մթերքը։

«Հիմա ես մի հսկայական պարկ լոբի ունեմ, որը պետք է թրջել և եփել։ Արտակարգ իրավիճակի դեպքում դա կլինի վերջին բանը, որով կզբաղվեմ»,- խոստովանել է գրողը։

Ի վերջո, նա որոշել է կենտրոնանալ այն պաշարների վրա, որոնք իսկապես օգտակար կլինեն հարկադրաբար տանը մնալու ընթացքում․ ռոմանտիկ ֆենթեզի ժանրի գրքերի և Coca-Cola Zero-ի։ Վերջինիս պաշար նա ձեռք է բերել միանգամից 90 օրվա համար։

«Հիմա այնքան շատ գիրք ունեմ, որ կարող եմ տարիներով կարդալ և ոչնչի մասին չանհանգստանալ»,- պատմել է Շելբին։

Այսպիսով, մինչ ոմանք աշխարհի վերջին պատրաստվում են պահածոների, դեղատուփերի և ջրի պաշարների օգնությամբ, մյուսները չեն մոռանում սիրելի կոսմետիկայի, քաղցրավենիքի և ժամանցի մասին։ Թվում է՝ Z սերնդի համար ապոկալիպսիսին պատրաստ լինելը նշանակում է ոչ միայն գոյատևելու հնարավորություն ունենալ, այլև պահպանել հարմարավետության սովորական մակարդակը՝ ցանկալի է՝ սիրելի շուրթերի փայլը ձեռքի տակ ունենալով։



© NEWS.am STYLE