20:18 25 նոյեմբերի, 2026Պարզվում է՝ ամեն ինչ չէ, որ պայմանավորված է անհաջող ժամադրություններով, չափազանց բարձր ակնկալիքներով կամ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությամբ։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ բնավորության որոշ առանձնահատկություններ կապված են զուգընկեր չունենալու ավելի մեծ հավանականության հետ։ Մասնավորապես, գիտնականները բացահայտել են անսպասելի օրինաչափություն․ հետաքրքրասեր, ստեղծագործ և նոր փորձառությունների հանդեպ բաց մարդիկ ավելի հաճախ են միայնակ մնում, հատկապես՝ կանայք։
Այս եզրակացությանն են հանգել Journal of Personality գիտական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները։ Գիտնականներն ուսումնասիրել են գերմանական լայնածավալ երկարաժամկետ հետազոտական ծրագրի տվյալները, որի շրջանակում 14 փուլով հետևել են մասնակիցների կյանքի փոփոխություններին՝ ներառյալ նրանց բնավորության առանձնահատկություններն ու ընտանեկան կարգավիճակը։
Հետազոտողները ուսումնասիրել են բնավորության այսպես կոչված «Մեծ հնգյակի» գծերը՝ նոր փորձառությունների հանդեպ բաց լինելը, բարեխղճությունը, էքստրավերտությունը, բարյացակամությունը և նևրոտիզմը։
Պարզվել է, որ նոր փորձառությունների հանդեպ ավելի արտահայտված բացություն ունեցող մարդիկ՝ հետաքրքրասերները, ստեղծագործ անհատները, տպավորություններ ու փոփոխություններ փնտրողները, ավելի հաճախ են մնում առանց զուգընկերոջ։ Այս օրինաչափությունը հատկապես հստակ արտահայտվել է կանանց շրջանում։ Հետազոտության հեղինակների կարծիքով՝ նոր տպավորությունների ձգտումը կարող է նվազեցնել երկարատև հարաբերությունների շրջանակներում սեփական ազատությունը սահմանափակելու ցանկությունը։
Մյուս երեք բնավորության գծերի դեպքում հակառակ օրինաչափությունն է արձանագրվել։ Էքստրավերտության, բարեխղճության և բարյացակամության ավելի բարձր մակարդակը կապված է միայնակ մնալու ավելի ցածր հավանականության հետ։ Ընդ որում, էքստրավերտությունը՝ շփվողականությունն ու շրջապատի մարդկանց հետ հեշտությամբ հաղորդակցվելու պատրաստակամությունը, հատկապես նկատելի ազդեցություն է ունեցել տղամարդկանց՝ հարաբերությունների մեջ լինելու հավանականության վրա։
Նևրոտիզմը, այսինքն՝ հուզական անկայունության և բարձր տագնապայնության հակվածությունը, տղամարդկանց շրջանում կապված է եղել առանց զուգընկերոջ մնալու ավելի մեծ հավանականության հետ։ Սակայն կանանց շրջանում գիտնականները նման օրինաչափություն չեն հայտնաբերել։
Առանձին ուշադրություն է դարձվել նաև այսպես կոչված «Մութ եռյակին», որը ներառում է բնավորության երեք գիծ՝ փսիխոպաթիա, նարցիսիզմ և մաքիավելիզմ։ Արդյունքները միանշանակ չեն եղել։ Փսիխոպաթիկ գծերի ավելի արտահայտված լինելը և նարցիսիզմի որոշ դրսևորումներ կապված են եղել միայնակ մնալու ավելի մեծ հավանականության հետ։ Միևնույն ժամանակ, մաքիավելիզմի ավելի արտահայտված գծեր ունեցող մարդիկ, որոնց բնորոշ են մանիպուլյացիաների հակվածությունն ու հաշվենկատ վարքագիծը, ավելի հազվադեպ են մնացել առանց զուգընկերոջ։
Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ բնավորության նման առանձնահատկությունները կարող են օգնել գրավել ուշադրությունը և սկսել հարաբերություններ, սակայն դա դեռ չի նշանակում, որ դրանք նպաստում են առողջ ու կայուն հարաբերությունների կառուցմանը։
Միևնույն ժամանակ, գիտնականներն ընդգծում են, որ բացահայտված կապերը չեն նշանակում, թե բնավորությունն է որոշում մարդու ռոմանտիկ ապագան։ Խոսքը վիճակագրական օրինաչափությունների մասին է, այլ ոչ թե ախտորոշման կամ անխուսափելի սցենարի։ Մարդու՝ հարաբերությունների մեջ լինելու կամ չլինելու վրա ազդում են նաև կյանքի հանգամանքները, սոցիալական միջավայրը, անձնական ընտրությունը և հասարակական սպասումները։
Ավելին, միայնակ լինելը պարտադիր չէ, որ դժբախտություն նշանակի։ Հարցը միայն այն չէ, թե ինչու մարդը չի գտել զուգընկերոջ, այլև այն, թե որքանով է նա իրեն հարմարավետ զգում՝ առանց հարաբերությունների։