20:54 25 նոյեմբերի, 2026Ալ Պաչինոն և Էնթոնի Հոփքինսը միավորվել են կինոէկրանին՝ ներկայացնելու Իտալիայի ամենահայտնի ավտոմոբիլային ապրանքանիշերից մեկի պատմությունը։ Հրապարակվել է «Maserati: The Brothers» («Maserati․ Եղբայրները») ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլմը պատմում է Մազերատի ընտանիքի, նրա հավակնությունների, ռիսկային մրցարշավների և ավտոմոբիլային լեգենդի ստեղծման ճանապարհի մասին։
Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2027 թվականի հունվարի 29-ին։ Դերասանական կազմում ընդգրկված են նաև Ջեսիկա Ալբան և Էնդի Գարսիան։
Ֆիլմի սյուժեի կենտրոնում Ալֆիերի, Բինդո և Կառլո Մազերատի եղբայրների պատմությունն է։ 20-րդ դարասկզբին նրանք որոշում են մարտահրավեր նետել ավտոմոբիլային արդյունաբերության առաջատար արտադրողներին և հիմնել սեփական ընկերությունը։
Գործողությունները ծավալվում են Իտալիայում՝ սկսած 1914 թվականից, երբ հիմնադրվել է Maserati ընկերությունը։ Ֆիլմը ներկայացնում է ընտանիքի անցած ճանապարհը՝ առաջին ինժեներական փորձարկումներից մինչև միջազգային ավտոսպորտում սեփական անունը հաստատելու և Ferrari-ի ու Lamborghini-ի նման ապրանքանիշերի հետ մրցակցելու հավակնոտ փորձերը։
Ալ Պաչինոն մարմնավորում է ունևոր գործարարի, որն աջակցում է եղբայրների համարձակ գաղափարին։ Էնթոնի Հոփքինսը հանդես է գալիս ֆինանսիստի դերում, որը պատրաստ է ներդրումներ կատարել նրանց նախագծում՝ չնայած դրա հաջողության վերաբերյալ կասկածներին։ Թրեյլերում նրա մարմնավորած կերպարը եղբայրների մտահղացումը համարում է գրեթե անհնար իրագործելի, մինչդեռ Պաչինոյի հերոսը համոզված է, որ Maserati-ի երազանքը կարող է փոխել ավտոմրցարշավների աշխարհը։
Եղբայրների գլխավոր նպատակներից մեկը դառնում է իտալական առաջին ավտոմեքենայի ստեղծումը, որը կկարողանա հաղթանակ տանել «Ինդիանապոլիսի 500 մղոն» մրցավազքում։ Այդ նպատակին հասնելու ճանապարհին հերոսները բախվում են ֆինանսական դժվարությունների, վտանգավոր փորձությունների և ողբերգական իրադարձությունների։ Թրեյլերում ներկայացված են լարված մրցարշավային տեսարաններ, վթարներ և ընտանիքի պատմության դրամատիկ դրվագներ։