Ջորջ Հարիսոնի հարսանեկան վերարկուն աճուրդի կհանվի կես միլիոն դոլարով․ հենց դրանով է նա ելույթ ունեցել The Beatles-ի հետ շենքի տանիքում

21:31   26 նոյեմբերի, 2026

Ջորջ Հարիսոնի հայտնի սև վերարկուն, որով երաժիշտն ամուսնացել է մոդել Փեթի Բոյդի հետ, իսկ երեք տարի անց կրել է The Beatles-ի լեգենդար համերգի ժամանակ՝ Լոնդոնի շենքերից մեկի տանիքում, կհանվի Sotheby’s աճուրդի։ Երաժշտության և նորաձևության պատմության այս բացառիկ նմուշի վաճառքից ակնկալում են ստանալ մինչև 500 հազար դոլար։

Սև մոնղոլական գառան բրդից պատրաստված վերարկուն բրիտանացի մոդելավորող Մերի Քուանտը հատուկ Ջորջ Հարիսոնի համար է ստեղծել՝ 1966 թվականի հունվարին կայացած նրա հարսանիքի առթիվ։ Երաժիշտն ամուսնացել է Բոյդի հետ Անգլիայի Սուրեյ կոմսության Էփսոմ քաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ համեստ և գաղտնի արարողության ընթացքում։ Նրա հարսանիքի վկան Փոլ Մաքքարթնին էր։

харис.jpg (119 KB)

Այդ ժամանակ Բոյդը պահանջված մոդել էր և Մերի Քուանտի մուսան։ Դիզայները նրա համար նույնպես հարսանեկան զգեստ էր ստեղծել՝ վարդագույն մետաքսե զգեստ, որը մոդելը համադրել էր կարմիր մորթե թիկնոցի հետ։ Հարիսոնի համար նա պատրաստել էր երկար մազիկներով, ծավալուն սև վերարկու, որի վրա պահպանվել է ապրանքանիշի բնօրինակ պիտակը։

Սակայն այդ հագուստին իսկական համբավ բերեց ոչ թե հարսանեկան արարողությունը։ 1969 թվականի հունվարի 30-ին Հարիսոնը կրկին հագավ վերարկուն՝ The Beatles-ի ելույթի ժամանակ, որը տեղի ունեցավ Լոնդոնի Մեյֆեր թաղամասի Սևիլ-Ռոու փողոցում գտնվող Apple Corps ընկերության շենքի տանիքում։ Ինքնաբուխ համերգը տևեց շուրջ 42 րոպե և դարձավ խմբի չորս անդամների վերջին հրապարակային ելույթը։ Երաժիշտները շարունակում էին նվագել, մինչև ոստիկանությունը ժամանեց աղմուկի վերաբերյալ ստացված բողոքներից հետո։

Վերարկուն կարելի է տեսնել նաև խմբի փորձերի և ստուդիական ձայնագրությունների տեսագրություններում, որոնք ներառվել են «Get Back» վավերագրական նախագծում։

харис1.jpg (81 KB)

«The Beatles-ի հետ կապված շատ քիչ նմուշներ կան, որոնք այսքան զարմանալի պատմություն են ներկայացնում։ Այս վերարկուն Ջորջ Հարիսոնի հետ է եղել ինչպես Փեթի Բոյդի հետ նրա հարսանիքի ժամանակ, այնպես էլ խմբի՝ Սևիլ-Ռոու փողոցի շենքի տանիքում կայացած լեգենդար վերջին ելույթի ընթացքում»,-նշել է Sotheby’s-ի երաժշտության և փոփ մշակույթի մասնագետ Քրեյգ Ինչարդին։

Նրա խոսքով՝ նմուշի արժեքն ավելի է բարձրացնում նաև դրա հեղինակի անունը։ Վերարկուն մեկտեղում է 1960-ականների «սվինգինգ Լոնդոնի» երեք նշանավոր դեմքերի՝ Հարիսոնին, Բոյդին և Մերի Քուանտին, որը համարվում է 1960-ականների բրիտանական նորաձևության ամենաազդեցիկ դիզայներներից մեկը։

Վերարկուն վերջին անգամ աճուրդի էր հանվել 1992 թվականին։ Դրանից հետո այն մնացել է մեկ մասնավոր հավաքածուի կազմում։ Այժմ Sotheby’s-ը հույս ունի այն վաճառել 400-500 հազար դոլարով։



© NEWS.am STYLE