Էմիրությունների երեկոն Երևանում․ մշակույթ, ավանդույթներ և հյուրընկալություն՝ ի պատիվ ԱՄԷ-ի կազմավորման 55-ամյակի

11:05   26 նոյեմբերի, 2026

Արևելյան հյուրընկալություն, արաբական սուրճի նուրբ բույրեր, ազգային խոհանոցի ընտիր հյուրասիրություն և դարավոր ավանդույթներ պահպանող երաժշտություն․ մեկ երեկոյի ընթացքում Հայաստանի մայրաքաղաք Երևանը վերածվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների մշակութային մթնոլորտը ներկայացնող յուրօրինակ հարթակի։ Մշակույթի, պատմության և ազգային սովորույթների միահյուսմամբ բացահայտվեց էմիրաթական հյուրընկալության առանձնահատուկ գեղեցկությունն ու ինքնատիպությունը։

Նոյեմբերի 25-ին Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը կազմակերպել էր հանդիսավոր մշակութային ընդունելություն՝ նվիրված երկրի կազմավորման 55-ամյակին։ Միջոցառմանը հրավիրված հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու Էմիրությունների ինքնատիպ ժառանգությանը, ավանդույթներին և ազգային մշակույթի հարստությանը։

IMG_9019.jpeg (94 KB)

Միջոցառման առանձնահատուկ մթնոլորտը պայմանավորված էր Էմիրությունների մշակութային ժառանգությանն անմիջականորեն հաղորդակից դառնալու հնարավորությամբ։ Հյուրերը ներկա գտնվեցին ալ-այալա ավանդական պարի կատարմանը, որը երկրի ազգային մշակույթի ամենաճանաչելի խորհրդանիշներից է։ Պարի ռիթմիկ շարժումները, երաժշտությունն ու բանաստեղծական երգեցողությունը մարմնավորում են միասնության ոգին և սերունդների միջև ավանդույթների շարունակականությունը։

IMG_9020.jpeg (139 KB)

Երեկոյի երաժշտական կատարումները լրացրին մշակութային ծրագիրը, իսկ տոնական հյուրասիրությունը հնարավորություն տվեց ներկաներին առավել մոտիկից ծանոթանալու Էմիրությունների խոհարարական ավանդույթներին։ Սեղաններին ներկայացված էին ազգային ուտեստներ և ավանդական քաղցրավենիք։ Առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում բուրավետ արաբական սուրճը, որը էմիրաթական հյուրընկալության կարևոր խորհրդանիշներից է և հյուրեր ընդունելու մշակույթի անբաժանելի մասը։

IMG_9021.jpeg (106 KB)

Անդրադառնալով իր երկրի մշակութային արժեքներին՝ Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան ընդգծեց էմիրաթցի ժողովրդի առանձնահատուկ կապը հայրենիքի և ազգային ժառանգության հետ՝ նշելով, որ այդ կապը ներդաշնակորեն համադրվում է աշխարհի հանդեպ բաց լինելու և մշակութային ու մարդկային բազմազանությունը հարգելու արժեքների հետ։

Դիվանագետը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ցուցաբերած հյուրընկալության համար՝ ընդգծելով երկու ժողովուրդների ավանդույթների ու սովորույթների ընդհանրությունները, նրանց անկեղծությունն ու արարելու ձգտումը։

IMG_9020-1.jpeg (139 KB)

Այսպիսով, երեկոն դարձավ ոչ միայն տոնական ընդունելություն, այլև Էմիրությունների ինքնատիպ մշակույթին հաղորդակից դառնալու, երաժշտության, պարի և ազգային խոհանոցի միջոցով նրա մթնոլորտը զգալու հնարավորություն։ Այն ևս մեկ անգամ հաստատեց, որ հենց մշակույթն ու հյուրընկալությունն են ժողովուրդների միջև փոխըմբռնման յուրահատուկ կամուրջներ ստեղծում։



© NEWS.am STYLE