Շամպայն, 3000 ֆունտ արժողությամբ Dior-ի պայուսակներ և սիրեկանների թալան․ խաբեություններով զբաղվող շքեղասեր կինը տարիներ շարունակ մոլորեցրել է Լոնդոնի վերնախավին

23:01   26 նոյեմբերի, 2026

Նա հայտնվում էր Լոնդոնի ամենանորաձև վայրերում՝ անթերի հարդարված մազերով, Dior-ի և Chanel-ի թանկարժեք պայուսակներով ու այնպիսի ինքնավստահությամբ, ասես ռեստորանների ճաշացանկերում գներին նայելու կարիք չուներ։ Հարուստ տղամարդիկ հերթով նրան շամպայն էին հյուրասիրում, իսկ ապահովված ընկերուհիները վստահում էին իրենց բանկային քարտերը։ Սակայն, ինչպես պարզվեց, շքեղ կյանքով ապրող աշխարհիկ կնոջ կերպարի հետևում թաքնված էր մի կին, որին մեղադրում էին բազմաթիվ գողությունների և ֆինանսական խարդախությունների մեջ։

37-ամյա Ֆաթմա Բարնիխը, որը ներկայանում էր նաև Նոլա, Նադյա և Նոլի անուններով, հայտնվել է Daily Mail-ի լրագրողուհու հետաքննության կենտրոնում։ Վերջինս ինքն էլ դարձել էր այդ կնոջ գործողությունների զոհը։ Պարբերականի վարկածով՝ մի քանի տարի շարունակ Բարնիխը ծանոթացել է ապահովված մարդկանց հետ, ներթափանցել նրանց շրջապատ, շահել նրանց վստահությունը, ապա օգտագործել ստացած տեղեկություններն ու բանկային քարտերը՝ թանկարժեք գնումներ կատարելու համար։

фатма.jpg (54 KB)

Պատմությունը սկսվել է անցյալ տարվա հոկտեմբերին՝ Լոնդոնի հեղինակավոր Barry’s Bootcamp ֆիթնես ակումբում։ Լրագրողուհին եկել էր ինտենսիվ մարզման և հանդերձարանում նկատել էր աչքի ընկնող շիկահեր կնոջ՝ Alo Yoga սպորտային հագուստով, Celine գլխարկով և մոտ 3000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ շքեղ, կարերով զարդարված Dior պայուսակով։ Անծանոթուհին լուսանկարվում էր հայելու առաջ, և սկզբում նրա պահվածքը կասկած չէր հարուցել։

Սակայն մարզումից հետո լրագրողուհին հայտնաբերել էր, որ պահարանից անհետացել է իր դրամապանակը։ Նա անմիջապես արգելափակել էր բանկային քարտերը, բայց շուտով հեռախոսին սկսել էին ծանուցումներ ստացվել՝ դրանցով վճարումներ կատարելու փորձերի մասին։ Անհայտ անձը փորձել էր քարտերով գնել բաճկոն Zara խանութից, գազարով տորթ Waitrose սուպերմարկետից և նույնիսկ թխվածքաբլիթ՝ լրագրողուհու սիրելի Kleinsky’s հացատնից։

Ավելի ուշ լրագրողուհուն հաջողվել էր ձեռք բերել հացատան տեսահսկման տեսագրությունը։ Կադրերում երևում էր հենց այն կինը, որին նա նկատել էր հանդերձարանում։ Այդպես սկսվել էր լրագրողուհու սեփական հետաքննությունը, որն աստիճանաբար բացահայտել էր ենթադրյալ խարդախությունների մի ամբողջ շարք։

«Նոլան»՝ նոր Աննա Դելվին

Խորհրդավոր գողուհու մասին առաջին հոդվածի հրապարակումից հետո լրագրողուհուն կապվել էր մի տղամարդ, որը հայտնել էր, որ ինքն էլ է տուժել Բարնիխի գործողություններից։ Նրա խոսքով՝ կինը ներկայանում էր Նոլա անունով, իրեն ներկայացնում որպես ասպիրանտ և մանկական հոգեբան, որը, իբր, աշխատում էր Լոնդոնի հայտնի Great Ormond Street մանկական հիվանդանոցում։

Տղամարդը նրան համեմատել էր Աննա Դելվիի հետ՝ խարդախի, որը ներկայանում էր որպես հարուստ ժառանգորդուհի և խաբում Նյու Յորքի բարձրաշխարհիկ շրջանակների ներկայացուցիչներին։

Daily Mail-ի զրուցակցի խոսքով՝ Բարնիխն իրենց շրջապատում հայտնվել էր 2023 թվականին։ Նրան ներկայացրել էր Ադամ անունով մի ապահովված գործարար՝ կնոջը բնութագրելով որպես իր մտերիմ ընկերուհի։ Բարնիխը պատմում էր, որ Լոնդոն է տեղափոխվել Կանադայից, արագ հարմարվել է հարուստ տղամարդկանց շրջապատին և դարձել Մեյֆերի էլիտար ժամանցի վայրերի մշտական այցելուներից մեկը։

фатма1.jpg (59 KB)

Զրուցակիցը պնդել է, որ Բարնիխը հավանական զոհերին ընտրում էր ակումբների ապահովված այցելուների շրջանում, ծանոթանում նրանց հետ, ապա երբեմն գնում նրանց տներ։ Նրա պնդմամբ՝ մինչ տղամարդիկ քնած էին, կինը լուսանկարում էր նրանց բանկային քարտերը, այնուհետև ստացված տվյալներն օգտագործում թանկարժեք ռեստորաններում և հանրախանութներում, այդ թվում՝ Harrods-ում և Selfridges-ում գնումներ կատարելու համար։

Աղբյուրի խոսքով՝ որոշ տղամարդիկ նախընտրում էին ոստիկանություն չդիմել, քանի որ ամուսնացած էին և վախենում էին, որ քննության ընթացքում կբացահայտվեն նաև իրենց արտամուսնական կապերը։

Զրուցակիցը նաև ընդգծել է, որ Բարնիխը կարողանում էր ապահովված կնոջ տպավորություն թողնել և պատմում էր մանկական հոգեբանի իր կարիերայի մասին, ինչը օգնում էր նրան շահել շրջապատի վստահությունը։ Daily Mail-ը նշում է, որ տղամարդկանց ներկայացրած այս մեղադրանքները ոստիկանության կողմից առանձին քննության առարկա չեն դարձել։

Ընկերուհի, որը նրան էր վստահել իր բանկային քարտերը

Ենթադրյալ խարդախության զոհ էին դառնում ոչ միայն տղամարդիկ։ Լրագրողուհին ծանոթացել էր Էլիս անունով մի կնոջ հետ, որը Բարնիխին իր մտերիմ ընկերուհին էր համարում։

Նրանք հանդիպել էին 2023 թվականի փետրվարին՝ The Ivy Chelsea Garden ռեստորանում կազմակերպված ընթրիքի ժամանակ։ Էլիսի խոսքով՝ նոր ծանոթուհին շատ արագ էր մտերմացել իր հետ։ Նա պատմել էր, որ իրենք ունեն նույն կրոնական և մշակութային արմատները, երկուսն էլ խոսում են արաբերեն և ունեն նման հետաքրքրություններ։

фатма2.jpg (78 KB)

Բարնիխը նաև պատմել էր ծնողներից մեկի ծանր հիվանդության մասին։ Էլիսը, որը սեփական ծնողներին կորցրել էր քաղցկեղի պատճառով, կարեկցանքով էր լցվել նրա հանդեպ։

Կանայք հաճախ էին հանդիպում ակումբներում և ռեստորաններում։ Հաճախ հաշիվները վճարում էր Էլիսը․ Բարնիխը բացատրում էր, որ մոռացել է դրամապանակը կամ իր Apple Pay-ը չի աշխատում։

Մի անգամ Բարնիխը արցունքներով զանգահարել էր ընկերուհուն՝ հայտնելով, որ սրտխփոց ունի, իսկ երեկույթի ժամանակ իր դրամապանակը գողացել են։ Էլիսն առաջարկել էր նրան օգտվել իր American Express վարկային քարտից, որպեսզի կարողանա վճարել գնումների համար՝ մինչև հարազատներից գումար ստանալը։

«Ես կարծում էի, որ նա իմ ընկերուհին է։ Նա Cartier ժամացույց էր կրում, Chanel պայուսակ ուներ։ Նույնիսկ մտքովս չէր անցնում, որ նա կարող է ինձ թալանել»,-հիշում էր կինը։

Շուտով Էլիսը մեկնել էր հարազատների մոտ՝ Բարնիխին թողնելով իր քարտի հասանելիությունը։ Վերջինս հայտնել էր, որ American Express քարտը չի աշխատում, և խնդրել էր գումար փոխանցել մեկ այլ քարտի։ Սակայն ընդամենը մի քանի օր անց Էլիսը կասկածելի գործարքների վերաբերյալ ծանուցում էր ստացել։

Նրա խոսքով՝ քարտից հազարավոր ֆունտներ էին ծախսվել բարերում, Selfridges-ում գնումներ կատարելու, գեղեցկության սրահներ այցելելու և կանխիկ գումար հանելու համար։ Բարնիխը նաև փորձել էր գումար ստանալ գնումների վերադարձի միջոցով։

Երբ Էլիսը պահանջել էր վերադարձնել քարտերը, ծանոթուհին խոստացել էր, որ հայրը Կանադայից գումար կուղարկի։ Ավելի ուշ նա հյուրանոցներում փոքր գումարներ էր թողնում, սակայն պարտքն այդպես էլ ամբողջությամբ չէր վերադարձրել։

Ի վերջո, Էլիսը դադարեցրել էր նրա հետ շփումը և զգուշացրել ընդհանուր ծանոթներին։ Նա ոստիկանություն չէր դիմել՝ որոշելով սահմանափակվել քարտերի արգելափակմամբ և ապահովագրական ընկերության միջոցով վնասի փոխհատուցում ստանալով։

«Ես լաց էի լինում ոչ թե փողի, այլ այն ընկերուհու պատճառով, որին, ինչպես ինձ թվում էր, կորցրել էի»,- խոստովանել էր նա։

Շքեղ կյանք և առեղծվածային աշխատանք մանկական հիվանդանոցում

Սոցիալական ցանցերում Բարնիխը ցուցադրում էր ապահովված աշխարհիկ կնոջ կենսակերպը՝ երեկույթների լուսանկարներ, թանկարժեք հագուստ, ուղևորություններ դեպի Նյու Յորք և Մայամի, լողավազանների մոտ արված լուսանկարներ և դիզայներական աքսեսուարներ։

фатма3.jpg (85 KB)

Սակայն Great Ormond Street հիվանդանոցում մանկական հոգեբան աշխատելու մասին նրա պատմությունները կասկածներ էին հարուցել։ Ինչպես պնդում է Daily Mail-ը, հիվանդանոցի աշխատակիցները տեղյակ չէին Նոլա Բարնիխ անունով որևէ բժշկի մասին, և հաստատությունում նրա աշխատանքի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար։

Կասկածներ էին առաջացել նաև կնոջ նախկին տանտիրոջ՝ Փիթեր Քարդվելի մոտ։ Բարնիխը նրանից ամսական 800 ֆունտով սենյակ էր վարձակալել Քենսինգթոնում գտնվող բնակարանում և վճարում էր կանխիկ։ Տղամարդու խոսքով՝ նա հազվադեպ էր առավոտյան արթնանում և սովորաբար տնից դուրս էր գալիս ուշ երեկոյան՝ Prada-ի, Dior-ի կամ Louis Vuitton-ի հագուստով։

Երբ Քարդվելը որոշել էր դադարեցնել վարձակալությունը, նրանց միջև վեճ էր ծագել։ Տղամարդը պնդում էր, որ բազմիցս խնդրել է վարձակալին ազատել բնակարանը, սակայն վերջինս ամեն անգամ պատճառներ էր գտնում մնալու համար։ Մի պահ, նրա խոսքով, Բարնիխը նույնիսկ ընկել էր հատակին, գոռացել և հարցրել, թե ինչու է նա իրեն ատում։

Կնոջ հեռանալուց հետո չվճարված պարտք էր մնացել։ Քարդվելը դիմել էր դատարան, սակայն Բարնիխը նիստին չէր ներկայացել, և տղամարդուն չէր հաջողվել վերադարձնել գումարը։

Dior-ի պայուսակը դարձավ գլխավոր ապացույցը

Լրագրողուհին արդեն գրեթե կորցրել էր հույսը՝ գողացված դրամապանակի համար արդարության հասնելու հարցում, երբ դատարանի գործերի ցանկերում հայտնաբերել էր Բարնիխի անունը։ Պարզվել էր, որ կնոջը մեղադրում են Barry’s Bootcamp ֆիթնես ակումբից մեկ այլ դրամապանակ գողանալու մեջ։

фатма4.jpg (173 KB)

Վեստմինսթերի մագիստրատական դատարանի նիստին նա ներկայացել էր երկար, սև մորթե վերարկուով։ Լրագրողուհու նկարագրությամբ՝ դատարանի դահլիճում Բարնիխը սկզբում արտասվել էր և վատ ինքնազգացողություն ձևացրել, ապա զոհի նկատմամբ ցուցաբերել արհամարհական վերաբերմունք։ Նա նաև դժգոհ հայացքներ էր նետում գործընթացին հետևող լրագրողուհու ուղղությամբ։

Ավելի ուշ պարզվել էր, որ առաջին հոդվածի հրապարակումից հետո Բարնիխն ինքն էր ոստիկանություն բողոք ներկայացրել լրագրողուհու դեմ՝ նրան հետապնդելու մեջ մեղադրելով։

Գողության համար նա տուգանվել էր 1300 ֆունտով, սակայն դատարանի շենքից դուրս գալուց անմիջապես հետո կրկին ձերբակալվել էր մեկ այլ գործով՝ լրագրողուհու դրամապանակը գողանալու կասկածանքով։

Նոյեմբերի սկզբին Լոնդոնի Սիթիի մագիստրատական դատարանը գործը քննել էր մեղադրյալի բացակայությամբ։ Դատարանը ուշադրություն էր դարձրել լուսանկարներին և այլ նյութերին։ Ներկայացված պատկերներում Բարնիխը նույն կարերով զարդարված Dior պայուսակով էր, որի արժեքը մոտ 3000 ֆունտ էր։ Դա հենց այն պայուսակն էր, որով նա հայտնվել էր գողության օրը և փորձել հացատանը վճարել ուրիշի բանկային քարտով։

Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել գողության մեկ և խարդախության երեք դրվագներով։ Այժմ Բարնիխին հետախուզում են՝ ձերբակալելու և հետագայում նրա նկատմամբ ազատազրկում նախատեսող պատիժ նշանակելու նպատակով՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորության։

Չնայած դատական գործընթացն ավարտվել է մեղադրական դատավճռով, ոստիկանությունը շարունակում է կնոջ որոնումները։

Լրագրողուհին խոստովանում է, որ մեկ տարի տևած հետաքննությունից և արդարության հասնելու փորձերից հետո էլ չի կարողանում մոռանալ այս պատմությունը։ Թանկարժեք պայուսակով, շամպայնով և անթերի աշխարհիկ կերպարով խորհրդավոր կինը շատ ավելի սկանդալային անձնավորություն էր, քան կարելի էր ենթադրել ֆիթնես ակումբի հանդերձարանում առաջին հանդիպման պահին։



© NEWS.am STYLE