21:30 27 նոյեմբերի, 2026Louis Vuitton-ը՝ համաշխարհային շքեղության ոլորտի ամենախոշոր և ամենաեկամտաբեր ապրանքանիշը, ավելի քան 35 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է երկարատև տնտեսական դանդաղման փուլում։ Չնայած համաշխարհային ճանաչմանը, խորհրդանշական արտադրանքին և տարեկան գրեթե 20 միլիարդ եվրոյի հասնող հասույթին՝ նորաձևության տունը դեռևս չի կարողանում վերադառնալ կայուն աճի։ Գնորդների ուշադրությունը կրկին գրավելու համար ընկերությանը, հնարավոր է, անհրաժեշտ լինի վերանայել ոչ միայն իր տեսականին և մարքեթինգային ռազմավարությունը, այլև ստեղծագործական ղեկավարության կառուցվածքը։
Ինչպես նշում է Business of Fashion-ի՝ շքեղության ոլորտի գլխավոր թղթակից Ռոբերտ Ուիլյամսը, Louis Vuitton-ը կանգնած է իր պատմության կարևոր հանգրվաններից մեկում։ Ապրանքանիշը դեռևս ունի իր դիրքերը վերականգնելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, սակայն զարգացման նախկին մոդելն այլևս հաջողության երաշխիք չէ։
Իրավիճակն ավելի է բարդացնում նաև Փարիզում տիրող մթնոլորտը։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքին այդպես էլ չի հաջողվել վերականգնել առևտրի սովորական ակտիվությունը՝ շքեղության բուտիկների մի շարք կողոպուտներից և ջարդերից հետո։ Նոր անկարգությունների մտավախությունները բացասաբար են անդրադառնում չորրորդ եռամսյակի վաճառքների կանխատեսումների վրա։
Հսկան՝ խաչմերուկում
Մի կողմից՝ Louis Vuitton-ն ունի ներկայիս անկումը հաղթահարելու համար անհրաժեշտ գրեթե բոլոր նախադրյալները։ Այն աշխարհի ամենաճանաչված և սիրված ապրանքանիշերից մեկն է՝ հսկայական ֆինանսական հնարավորություններով, խորհրդանշական արտադրանքով և զարգացման գրեթե անսահման հեռանկարներով։ Վերջիններիս հիմքում ճանապարհորդությունների թեման է, որն ի սկզբանե եղել է ապրանքանիշի ինքնության առանցքային մասը։
Նույնիսկ վաճառքների երեք տարվա անկումից հետո ապրանքանիշի տարեկան շրջանառությունը մոտենում է 20 միլիարդ եվրոյի։ Բացի այդ, Louis Vuitton-ը հիմնականում աշխատում է սեփական մանրածախ վաճառքի ցանցի միջոցով և ապրանքները վաճառում է առանց զեղչերի՝ ամբողջական գնով։ Այս մոդելը ընկերությանը հնարավորություն է տալիս ինքնուրույն վերահսկել գները, տեսականին և խանութներում ապրանքանիշի ներկայացման ձևը։ Բացառություն է կազմում վերավաճառքի և վինտաժային իրերի աճող շուկան, որի վրա ընկերությունը շատ ավելի քիչ ազդեցություն ունի։
Մյուս կողմից՝ աճին վերադառնալու համար կարող են պահանջվել լուրջ փոփոխություններ բիզնեսի կազմակերպման, արտադրանքի տեսականու և ապրանքանիշի դիրքավորման հարցերում։
Երկար տարիներ Louis Vuitton-ին հաջողվել է պահպանել միասնական և հեշտ ճանաչելի հայեցակարգ, որը կախված չի եղել առանձին կրեատիվ տնօրենի անհատական տեսլականից։ Սակայն ժամանակակից նորաձևության շուկան գնահատում է ոչ միայն ճանաչելիությունը, այլև ստեղծագործական համոզիչությունն ու ինքնատիպությունը։ Տեսականու և մարքեթինգի մասնագետների մի ամբողջ թիմի կողմից ստեղծվող բազմաթիվ հավաքածուներն այլևս չեն առաջացնում նախկին հուզական արձագանքը։
Ուիլյամսի կարծիքով՝ ապրանքանիշի խնդիրը պարտադիր չէ, որ կապված լինի ներկայիս ստեղծագործական ղեկավարության հետ։ Ավելի շուտ, Louis Vuitton-ին անհրաժեշտ է ստեղծագործական նոր հնարավորություն՝ միասնական հեղինակային տեսլական, որը կմիավորի ապրանքանիշի բոլոր ուղղությունները և դրա արտադրանքը կդարձնի ավելի ինքնատիպ, ճանաչելի ու հուզական առումով նշանակալի։
Ո՞վ կարող է գլխավորել Louis Vuitton-ը
Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է LVMH-ի խոշորագույն ապրանքանիշի ստեղծագործական ղեկավար պաշտոնում Էդի Սլիմանի հնարավոր նշանակման հարցը։ Ինքը՝ Ուիլյամսը, նշում է, որ չի կարողացել հաստատել դիզայների և ֆրանսիական խմբի միջև բանակցությունների փաստը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ մի քանի վստահելի աղբյուրներ պնդում են, որ որոշակի շփումներ կարող էին տեղի ունեցած լինել՝ չնայած LVMH-ի պաշտոնական հերքմանը։ Մյուս զրուցակիցները համոզված են, որ Սլիմանը և նրա մերձավոր շրջապատը երբեք թույլ չէին տա նման տեղեկատվության արտահոսք։
Հնարավոր կադրային փոփոխությունների համատեքստում պարբերաբար հիշատակվում են նաև Ջոնաթան Անդերսոնի և Մայքլ Ռայդերի անունները։ Նրանք արդեն իսկ իրենց դրսևորել են որպես ուժեղ ստեղծագործական ղեկավարներ LVMH-ի կառույցներում։
Հատկանշական է, որ Louis Vuitton-ի կանացի ուղղության ներկայիս կրեատիվ տնօրեն Նիկոլա Ժեսկիերին գործող պայմանագրով դեռևս երկու տարի է մնում։ Այնուամենայնիվ, հնարավոր փոփոխությունների շուրջ քննարկումների ծավալը ցույց է տալիս, թե որքան մեծ է շուկայի հետաքրքրությունը նոր ստեղծագործական առաջնորդի հայտնվելու նկատմամբ։
2023 թվականին Louis Vuitton-ը երաժիշտ, պրոդյուսեր և ձեռնարկատեր Ֆարել Ուիլյամսին հրավիրեց ղեկավարելու տղամարդկանց ուղղությունը։ Այս որոշումը թույլ տվեց ապրանքանիշին շարունակել Վիրջիլ Աբլոյի մշակութային ժառանգությունը, որը հսկայական ազդեցություն է ունեցել ժամանակակից նորաձևության վրա։ Սակայն, հեղինակի կարծիքով, այն նաև վկայեց, թե որքան է ընկերությունը հեռացել այն մոդելից, որի հիմքում հավաքածուների ստեղծման միասնական և հեղինակավոր դիզայներական տեսլականն էր։
Մեկ այլ օրինակ է նկարիչ Քիթ Հարինգի հիմնադրամի հետ վերջերս իրականացված համագործակցությունը։ Պաշտոնապես նախագիծը կապված էր Ժեսկիերի՝ 2027 թվականի կրուիզային հավաքածուի հետ, որի ցուցադրությունը նախատեսված է Նյու Յորքում։ Սակայն Ուիլյամսի կարծիքով՝ այս համագործակցությունը որոշ չափով արհեստական և ապրանքանիշի ընդհանուր ոճին ոչ այնքան ներդաշնակ է թվում։
Արդյո՞ք Louis Vuitton-ը հասել է իր գագաթնակետին
Դիզայնի և ապրանքանիշի դիրքավորման ավելի միասնական ու ամբողջական նոր տեսլականը կարող էր Louis Vuitton-ին վերադարձնել նախկին գրավչությունն ու մշակութային ազդեցությունը։ Բայց որքան արագ ստեղծագործական փոփոխությունները կանդրադառնան ֆինանսական ցուցանիշների վրա։
Նորաձևության ոլորտում ընդունված է համարել, որ ընկերությունը պետք է մշտապես աճի, հակառակ դեպքում այն վտանգում է կորցնել իր դիրքերը։ Սակայն վերջին տարիները ցույց տվեցին, որ շուկայի մասնաբաժնի անվերջ ընդլայնման ռազմավարությունն այլևս չի կարող ապահովել Louis Vuitton-ի կայուն հաջողությունը։
Գործառնական շահութաբերությունը մոտենում է 50 տոկոսի, ինչը նշանակում է, որ ապրանքանիշն ունի բավարար ֆինանսական ռեսուրսներ՝ առանց եկամուտների աճի հետևից շտապելու։ Այժմ այն կարող է կենտրոնանալ բիզնեսի հիմքերի վերանայման և ամրապնդման վրա՝ զարգացնել միասնական հայեցակարգը, վերարժևորել ճանապարհորդությունների թեման՝ որպես իր հիմնական ուղղություններից մեկը, ստեղծել արդիական և պահանջված արտադրանք, ինչպես նաև ավելի ճշգրիտ ձևավորել գնային քաղաքականությունը։ Միայն դրանից հետո արժե վերադառնալ աճի՝ վաճառքի ծավալների մեծացման և գների բարձրացման միջոցով։
Առաջին քայլերն արդեն նկատելի են։ Louis Vuitton-ը գովազդային արշավներում կրկին շեշտադրում է ճանապարհորդությունների թեման և վերանայում իր արտադրանքի տեսականին։ Տղամարդկանց հավաքածուներում ապրանքանիշը թարմացրել է ուրվագծերն ու ձևվածքները՝ LV Trunk Edition պարկուճային հավաքածուի միջոցով։ Իսկ կանացի պայուսակների շարքում, ընդհակառակը, առաջ է մղում ավելի զուսպ մոդելներ՝ ապրանքանիշի խորհրդանշական մոնոգրամային նախշի նվազագույն օգտագործմամբ։ Դրանց թվում է նաև LV Express մոդելը։
Հնարավոր է՝ Louis Vuitton-ի ապագան ոչ թե ավելի մեծ ու մասշտաբային դառնալու, այլ իր առանձնահատուկ նշանակությունը կրկին ձեռք բերելու մեջ է։ Եվ հենց այս ռազմավարությունը՝ շեշտը դնել գրավչության ու ճանաչելիության, այլ ոչ թե անվերջ ընդլայնման վրա, կարող է դառնալ ապրանքանիշի համար սեփական զարգացման գագաթնակետը հաղթահարելու ամենահետաքրքիր ճանապարհը։