Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ

22:19   27 նոյեմբերի, 2026

Ի՞նչ ընդհանրություն կա Բիլ Գեյթսի, Բիլ Աքմանի և աշխարհի խոշորագույն ընկերությունների ղեկավարների միջև։ 2026 թվականին նրանց գրական նախասիրությունները բավական հեռու են հաջողության և մոտիվացիայի մասին ավանդական գրքերից։ Միլիարդատերերն ուսումնասիրում են ֆոնդային շուկայի փլուզումները, կորպորատիվ սկանդալները, արհեստական բանականությունը և աշխարհը փոխող մարդկանց պատմությունները, գրում է CEOWORLD Magazine-ը։

Առանձնահատուկ ուշադրություն է գրավել ամերիկացի լրագրող Ուիլյամ Դ. Քոենի Money to Burn(«Փողերը քամուն տալ») գիրքը, որը պատմում է Apollo Global Management ներդրումային ընկերության և դրա համահիմնադիր Լեոն Բլեքի մասին։ Նոյեմբերի 26-ին միլիարդատեր, Pershing Square ընկերության ղեկավար Բիլ Աքմանը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ավարտել է նոր գրքի ընթերցանությունը և կարծում է, որ այն արժանի է էկրանավորման։

Գիրքը ներկայացնում է Apollo-ի ձևավորման պատմությունն ու Ուոլ Սթրիթի կուլիսային անցուդարձը, այդ թվում՝ 2021 թվականին Բլեքի՝ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռանալու հանգամանքները։ Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ 2012–2017 թվականներին նա 158 միլիոն դոլար էր վճարել Ջեֆրի Էփշտեյնին՝ հարկային պլանավորման և ժառանգության կառավարման ոլորտում խորհրդատվական ծառայությունների դիմաց։ Apollo-ի նախաձեռնած անկախ ուսումնասիրության արդյունքում Բլեքի՝ Էփշտեյնի հանցավոր գործունեությանը մասնակցության ապացույցներ չեն հայտնաբերվել։

Աքմանը միակ գործարար ազդեցիկ անձը չէ, որը հետաքրքրվել է այս պատմությամբ։ Ավելի վաղ գիրքը խորհուրդ էր տվել նաև SkyBridge Capital-ի հիմնադիր Էնթոնի Սկարամուչին։

Սակայն կորպորատիվ ինտրիգները հարուստ ընթերցողների հետաքրքրությունների միայն մի մասն են կազմում։ Բիլ Գեյթսի, JPMorgan-ի և McKinsey-ի գրքերի առաջարկությունների ցանկերը, ինչպես նաև Financial Times-ի և Standard Chartered-ի՝ տարվա լավագույն բիզնես գրքի մրցանակի կարճ ցուցակը թույլ են տալիս առանձնացնել մի քանի հիմնական ուղղություն։

Արհեստական բանականությունը՝ գրքերի վարկանիշային ցանկերի գլխավոր թեմա

Առաջարկությունների ցանկերում զգալի տեղ են զբաղեցնում արհեստական բանականության մասին գրքերը։ Դրանց թվում է Սեբաստիան Մալլաբիի The Infinity Machine գիրքը՝ DeepMind-ի համահիմնադիր Դեմիս Հասաբիսի կենսագրությունը։ Այն ընդգրկվել է միանգամից մի քանի հեղինակավոր գրքերի ընտրանիում։

Մեկ այլ գիրք՝ Ջոշ Տիրանջիլի AI for Good-ը, պատմում է այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգնում բժիշկներին և ուսուցիչներին։ Իսկ Քեթրին Մենսոնի Project Maven-ը նվիրված է ամերիկյան զինված ուժերում արհեստական բանականության կիրառմանը։

Բիլ Գեյթսն ընտրել է առավել անսովոր ստեղծագործություն՝ Բրյուս Հոլզինգերի Culpability վեպը։ Սյուժեի կենտրոնում մի ընտանիք է, որի ինքնավար մեքենան դառնում է մարդու մահվան պատճառ։ Գիրքն արծարծում է տեխնոլոգիական դարաշրջանի ամենասուր հարցերից մեկը՝ ո՞վ է պատասխանատու ինքնավար համակարգերի սխալների հետևանքների համար։

Միլիարդատերերն ուսումնասիրում են ֆոնդային շուկայի փլուզումները

Գործարար աշխարհի ներկայացուցիչներին նույնքան հետաքրքրում են ֆինանսական ճգնաժամերը։ Բիլ Գեյթսն իր ամառային ընթերցանության ցանկում ներառել է Էնդրյու Ռոս Սորկինի 1929 գիրքը, որը պատմում է ֆոնդային շուկայի այն փլուզման մասին, որը հանգեցրեց Մեծ դեպրեսիային։

Գեյթսը զուգահեռներ է անցկացրել ժամանակակից շուկաների հետ՝ ուշադրություն հրավիրելով մեմային բաժնետոմսերի, փոխառու միջոցներով ներդրումների և կանխատեսումների շուկաների վրա։ Նրա կարծիքով՝ ներդրումների և մոլախաղերի միջև սահմանն աստիճանաբար ավելի անորոշ է դառնում։

Ուշագրավ այլ առաջարկությունների շարքում են Լիակվաթ Ահամեդի 1873 գիրքը՝ նվիրված առաջին Մեծ դեպրեսիային, և Օդ Արնե Վեստադի The Coming Storm աշխատությունը, որն անդրադառնում է Առաջին համաշխարհային պատերազմի պատմական նախադրյալներին և դրանց կապին ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։

Ինչպե՞ս հաղթահարել ճգնաժամը և չկորցնել վերահսկողությունը

Հաջողության արագ հասնելու հերթական ուղեցույցների փոխարեն ընկերությունների ղեկավարներն ընտրում են բարդ ժամանակներում առաջնորդության և կառավարման մասին գրքեր։

MasterClass-ի ղեկավար Դեյվիդ Ռոջիեն խորհուրդ է տվել Դորիս Քիրնս Գուդվինի Leadership: In Turbulent Times գիրքը, որը նվիրված է ցնցումների և անկայունության ժամանակաշրջաններում առաջնորդության առանձնահատկություններին։

Գերմանական Körber խմբի ղեկավար Շտեֆան Զայֆերտն ընտրել է Էմի Էդմոնդսոնի The Fearless Organization աշխատությունը, որտեղ բացատրվում է, թե ինչու է աշխատակիցների հոգեբանական անվտանգությունն օգնում ընկերություններին ավելի արդյունավետ աշխատել։

JPMorgan-ի առաջարկությունների ցանկում է հայտնվել նաև Crisis Engineering գիրքը՝ լուրջ ճգնաժամերի ընթացքում կազմակերպությունների կառավարման գործնական ուղեցույցը։

Ի՞նչ են բացահայտում այս գրքերը գործարար աշխարհի տրամադրությունների մասին

Միլիարդատերերի գրական նախասիրություններն արտացոլում են ժամանակակից բիզնեսի հիմնական մտահոգությունները։ Արհեստական բանականությունը նոր հնարավորություններ է խոստանում, սակայն միաժամանակ առաջացնում է հարցեր պատասխանատվության և աշխատաշուկայի ապագայի վերաբերյալ։ Ֆոնդային շուկայի փլուզումների պատմություններն օգնում են գնահատել ռիսկերը, իսկ առաջնորդության մասին գրքերը հիշեցնում են, որ նույնիսկ ամենահզոր ընկերությունները կարող են խոցելի դառնալ ճգնաժամերի պայմաններում։

Ակնհայտ է, որ 2026 թվականին աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ պատասխաններ են փնտրում ոչ թե մոտիվացիոն բեսթսելլերներում, այլ մեծ փողերի, աղմկահարույց սխալների և պատմության ընթացքը փոխող մարդկանց մասին պատմություններում։



© NEWS.am STYLE