Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի

23:01   27 նոյեմբերի, 2026

Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը սպորտից դուրս։ Ֆուտբոլային աստղը համաշխարհային համագործակցության համաձայնագիր է կնքել Դուբայում հիմնադրված Armaf օծանելիքի ապրանքանիշի հետ, որը հայտնի է իր Club de Nuit և Odyssey բուրավետ կոմպոզիցիաներով։ Համագործակցության գլխավոր արդյունքը պետք է դառնա նոր օծանելիքը, որի թողարկումը նախատեսված է 2027 թվականին։

Armaf-ում մտադիր են մեկտեղել երեք ուղղություն՝ սպորտը, ոճը և օծանելիքի արվեստը՝ ֆուտբոլիստի հանրաճանաչությունն օգտագործելով միջազգային շուկայում ապրանքանիշի դիրքերն ամրապնդելու և առաջխաղացումն ընդլայնելու համար։

«Նեյմարը իսկական լեգենդ է։ Նրա ինքնավստահությունն ու ոճը լիովին արտացոլում են Armaf ապրանքանիշի էությունը»,-հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ մարզիկի ազդեցությունը վաղուց դուրս է եկել ֆուտբոլի սահմաններից և տարածվել նորաձևության, ժամանցի արդյունաբերության ու ժամանակակից մշակույթի վրա։

Նեյմարը պարզապես գովազդային արշավի դեմքը չի դառնա․ նա անձամբ կմասնակցի նոր բույրի ստեղծմանը։ Առայժմ հայտնի չեն օծանելիքի անվանումը, բաղադրությունը և գինը։ Գործընկերության ֆինանսական պայմանները նույնպես չեն հրապարակվում։

Դուբայյան ապրանքանիշը՝ համաշխարհային հավակնություններով

Դուբայում հիմնադրված Armaf-ը ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային ներկայությունը և, ընկերության տվյալներով, ներկայացված է ավելի քան 140 երկրում։ Ընկերությունը պնդում է, որ աշխարհում յուրաքանչյուր վայրկյան վաճառվում է իր արտադրության մեկ օծանելիք։

Ապրանքանիշին առանձնահատուկ ճանաչում են բերել Club de Nuit և Odyssey շարքերը։ Armaf-ը գործում է մատչելի շքեղության հատվածում և զգալի հաջողությունների է հասել առցանց առևտրային հարթակներում, այդ թվում՝ Amazon-ում և TikTok Shop-ում։

Նեյմարի հետ համագործակցությունը ընկերության համար նոր լսարան ներգրավելու և Մերձավոր Արևելքից դուրս իր դիրքերն ամրապնդելու հնարավորություն է։ Ֆուտբոլիստն Instagram-ում ունի ավելի քան 240 միլիոն հետևորդ, իսկ նրա համաշխարհային ճանաչումը նրան դարձնում է գրավիչ գործընկեր միջազգային ապրանքանիշերի համար։

Նեյմարն արդեն փորձել է ուժերը օծանելիքի ոլորտում

Սա ֆուտբոլիստի առաջին փորձը չէ բուրավետ արտադրանքի ստեղծման ոլորտում։ 2019 թվականին նա Diesel ապրանքանիշի հետ մասնակցել է տղամարդկանց համար նախատեսված Spirit of the Brave օծանելիքի ստեղծմանը, իսկ մեկ տարի անց թողարկվել է դրա նոր տարբերակը՝ Spirit of the Brave Intense-ը։

Բացի այդ, Նեյմարը համագործակցում է մերձավորարևելյան Ibrahim Al.Qurashi օծանելիքի ապրանքանիշի հետ։ 2024 թվականին նա դարձել է Brazilian Tobacco բույրի դեմքը։

Armaf-ի հետ նոր համաձայնագիրը շարունակում է մարզիկի՝ սեփական անվան շուրջ բիզնես կայսրություն զարգացնելու ռազմավարությունը։ Բացի օծանելիքի ոլորտից, Նեյմարը ներգրավված է նաև սպորտային սննդի, ըմպելիքների և գինու արտադրության ու վաճառքի նախագծերում։



© NEWS.am STYLE