11:20 28 նոյեմբերի, 2026Netflix հոսքային ծառայությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ Գոհաբանության օրվա առթիվ հրապարակել է «Որսորդ կանայք» (The Hunting Wives) սերիալից աղմկահարույց մի հատված։ Երկու կանանց համբույրը պատկերող բացահայտ տեսարանը սոցիալական ցանցերում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել։ Քննադատների թվում է եղել նաև ԱՄՆ նախագահի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը։
Մալին Ակերմանի և Բրիտանի Սնոուի մասնակցությամբ 16 վայրկյան տևողությամբ տեսանյութը նոյեմբերի 26-ին հայտնվել է Netflix-ի պաշտոնական էջում՝ X սոցիալական ցանցում։ Կադրերում սերիալի հերոսուհիները՝ Մարգո Բենքսն ու Սոֆի Օ'Նիլը, կրքոտ համբուրվում են անկողնում, քնքշանքներ փոխանակում և միմյանց սեր խոստովանում։
Օգտատերերի առանձնահատուկ ուշադրությունն է գրավել հրապարակման գրառումը. «Ահա թե ինչ կա այսօր մեր սեղանին՝ Գոհաբանության օրվա առթիվ» (This Thanksgiving plate)։ Ակնհայտ է, որ Netflix-ը փորձել է հումորով խաղարկել տոնական սեղանի շուրջ հավաքվելու ավանդույթը, սակայն ոչ բոլորն են գնահատել այդ հումորը, գրում է NYP-ն։
Ամենաբուռն քննադատներից մեկը 48-ամյա Դոնալդ Թրամփ կրտսերն էր։ Նա մեկնաբանել է հոսքային ծառայության հրապարակումը՝ գրելով. «Ի՞նչ է ձեզ հետ կատարվում։ Սա Գոհաբանության օրն է»։
Նրա արձագանքը շատ արագ տարածվել է համացանցում։ Մեկնաբանությունը հավաքել է ավելի քան 43 հազար հավանում, իսկ տեսանյութը հրապարակումից հետո առաջին 24 ժամվա ընթացքում դիտվել է ավելի քան 30 միլիոն անգամ։
Թրամփ կրտսերի դժգոհությանը միացել են նաև այլ հայտնի օգտատերեր։ Յուտա նահանգից հանրապետական սենատոր Մայք Լին նույնպես կասկածի տակ է դրել ընտանեկան տոնի օրը նման հրապարակում անելու նպատակահարմարությունը։
«Ինչո՞ւ անել նման բան, այն էլ՝ Գոհաբանության օրը»,-գրել է նա։
Պահպանողական քաղաքական մեկնաբան Ռոբի Սթարբաքը ընկերությանը մեղադրել է տոնական օրը բացահայտ բովանդակության տարածման հարթակի վերածելու մեջ։ Turning Point Action կազմակերպության ներկայացուցիչ Թայլեր Բոուերը նույնպես հրապարակումն անտեղի է համարել մի տոնի համար, որն ավանդաբար ասոցացվում է ընտանիքի և կրոնական արժեքների հետ։
Այնուամենայնիվ, օգտատերերի արձագանքները միանշանակ չեն եղել։ Ոմանք աջակցել են քննադատությանը և սպառնացել հրաժարվել Netflix-ի բաժանորդագրությունից, իսկ մյուսները դժգոհությունն անհամաչափ են համարել։
«Որսորդ կանայք» սերիալը հիմնված է Մեյ Քոբի՝ 2021 թվականին լույս տեսած համանուն վեպի վրա։ Այն պատմում է Սոֆիի մասին, որը Բոստոնից տեղափոխվում է Տեխասի փոքր քաղաքներից մեկը։ Այնտեղ նա ծանոթանում է Մարգոյի՝ հարուստ և բարձրաշխարհիկ կնոջ հետ, որի շուրջ համախմբված են ազդեցիկ տնային տնտեսուհիները։ Աստիճանաբար Սոֆին ներքաշվում է գայթակղությունների, դավաճանությունների, մոլուցքի և սպանությունների աշխարհ։
Սերիալի առաջին եթերաշրջանը թողարկվել է 2025 թվականի հուլիսին և իսկական հիթ դարձել․ այն դիտվել է ավելի քան 35 միլիոն անգամ և գլխավորել Netflix-ի վարկանիշային աղյուսակները տասը երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
Երկրորդ եթերաշրջանը, որը բաղկացած է ութ սերիայից, թողարկվել է նոյեմբերի 26-ին՝ հենց Գոհաբանության օրը։ Ավելին, ստեղծագործական թիմն արդեն աշխատում է երրորդ եթերաշրջանի վրա։
Մարգոյի դերակատար Մալին Ակերմանը նախկինում պատմել էր, որ իր մարմնավորած հերոսուհու կերպարը մեծապես ներշնչված է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփից։ Դերասանուհու խոսքով՝ սերիալի ստեղծողները զուգահեռներ են անցկացրել Մարգոյի պատմության և Մելանյայի կյանքի ուղու միջև։ Մարգոն ամուսնացել է հարուստ տղամարդու հետ, իսկ Մելանյայի կարգավիճակը փոխվել է այն բանից հետո, երբ նրա ամուսինը սկսել է զբաղվել քաղաքականությամբ։