14:22 28 նոյեմբերի, 202632-ամյա իտալացի մոդել Ֆեդերիկո Մասսարոն, որը համագործակցել է Dolce & Gabbana նորաձևության տան հետ և մասնակցել իտալական «Մեծ եղբայր» ռեալիթի շոուին, դարձել է Լոս Անջելեսում հարուցված արտասովոր դատական գործի պատասխանող։ 47-ամյա մի կին նրան մեղադրում է սերմնաբջիջների բացառիկ դոնորության վերաբերյալ պայմանավորվածությունը խախտելու մեջ և պնդում, որ նրա որոշման հետևանքով զրկվել է մայրանալու վերջին հնարավորությունից, հայտնում է NYP-ն։
Հայցվոր Ցիֆան Լիի պնդմամբ՝ ինքը Մասսարոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ վերջինս պետք է իրեն սերմնաբջիջներ տրամադրեր այնքան ժամանակ, մինչև ինքը երեխա ունենար։ Կինը բուժում էր անցնում անպտղության դեմ, և նրա համար ժամանակի գործոնը վճռորոշ նշանակություն ուներ։
Դատական հայցի նյութերի համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերին Մասսարոն երկու անգամ Լիի համար կենսանյութ է հանձնել Լոս Անջելեսի Incinta Fertility կլինիկայում։ Սակայն, կնոջ պնդմամբ, հետագայում բժշկական հաստատությունը մոդելին առաջարկել է դոնոր դառնալ նաև այլ պացիենտների համար։ Նա համաձայնել է՝ առանց այդ մասին Լիին տեղեկացնելու։
Իմանալով այդ մասին՝ Լին բացատրություն է պահանջել։ Նրա խոսքով՝ Մասսարոն հայտարարել է, որ ցանկանում է սերմնաբջիջների դոնորությունը վերածել լիարժեք մասնագիտական գործունեության և այդ կերպ օգնել հնարավորինս շատ մարդկանց, քանի որ դա իրեն երջանկություն է պատճառում։
Կինը պնդում է, որ նման որոշումը ծանր հոգեբանական հարված է եղել իր համար և հանգեցրել է նյարդային խանգարման։
Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նամակագրությունները, որոնք, ըստ տեղեկությունների, կցվել են դատական գործի նյութերին։ Հաղորդագրություններից մեկում Լին առաջարկել է վերջնականապես ձևակերպել բացառիկ դոնորության վերաբերյալ լրացուցիչ համաձայնագիրը՝ խոստանալով վճարել մնացած գումարը և կազմակերպել մոդելի վերադարձի չվերթը։
Հրապարակված նամակագրության համաձայն՝ Մասսարոն հումորով պատասխանել է. «Իհարկե, չեմ ուզում 10 միլիոն երեխայի հայր դառնալ», ապա ավելացրել է ծիծաղող էմոջիներ։
Մեկ այլ հաղորդագրության մեջ կինը կրկին հիշեցրել է ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ գրելով, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո գումարը կփոխանցի նրան և կուղեկցի օդանավակայան։
«Մենք արդեն պայմանագիր ունենք, ես կատարել եմ իմ պարտավորությունները։ Հիմա ինձ իսկապես պետք է վերադառնալ»,- իբր պատասխանել է Մասսարոն։
Լին պնդում է, որ մոդելի գործողությունների պատճառով ինքը հրաժարվել է այլ համապատասխան դոնորների ծառայություններից, որոնք պատրաստ էին կենսանյութ տրամադրել բացառիկ պայմաններով։ Նրա խոսքով՝ ինքը գտնվում էր վերարտադրողական տարիքի ավարտական փուլում և այլևս ժամանակ չուներ նոր դոնոր փնտրելու և արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) գործընթացը սկզբից սկսելու համար։
Հայցում կինը փոխհատուցում է պահանջում երեխա ունենալու վերջին հնարավորությունը կորցնելու, ամուսնանալու հեռանկարից զրկվելու, ինչպես նաև Amazon-ից ձեռք բերված 66 ապրանքի համար։ Վերջին հանգամանքը այս պատմության ամենաանսովոր դրվագներից մեկն է դարձել։
Սակայն հակամարտությունը չի սահմանափակվում Լիի և մոդելի հարաբերություններով։ Կինը առանձին հայց է ներկայացրել նաև Incinta Fertility կլինիկայի, դրա բժշկական տնօրենի, գլխավոր տնօրեն դոկտոր Ջեյմս Պ. Լինի և այլ աշխատակիցների դեմ։ Նա նրանց մեղադրում է պայմանագրային պարտավորությունները խախտելու մեջ։
Ավելին, դատական այս պատմությունը սկսվել է դեռևս 2025 թվականի հուլիսին, երբ կլինիկան ինքն էր հայց ներկայացրել Լիի դեմ՝ նրան աշխատակիցներին հետապնդելու մեջ մեղադրելով։ Բժշկական հաստատության պնդմամբ՝ կինը հարյուրավոր էլեկտրոնային նամակներ էր ուղարկել անձնակազմին և կլինիկայի փաստաբանին՝ պահանջելով պարզաբանումներ դոնորական սերմնաբջիջների պահպանման վերաբերյալ։
Լին, իր հերթին, վիճարկում է իրեն ուղղված հետապնդումների մեղադրանքները։ Գործի քննությունը շարունակվում է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակված է 2027 թվականի հունվարին։
Ինքը՝ Ֆեդերիկո Մասսարոն, առայժմ հրապարակայնորեն չի մեկնաբանել իրեն ներկայացված մեղադրանքները։
Մասսարոն առավել հայտնի է որպես Dolce & Gabbana-ի տղամարդկանց ներքնազգեստի մոդել։ Նա նաև մասնակցել է «Մեծ եղբայր» ռեալիթի շոուի իտալական տարբերակին՝ զբաղեցնելով տասներորդ տեղը։ Նրա մոդելային պորտֆոլիոն ներառում է ներքնազգեստի գովազդային լուսանկարներ և նորաձևության տարբեր ապրանքանիշերի համար իրականացված ֆոտոշարքեր։