«Մի քանի բաժակից հետո՝ աշխարհը նվաճելու մասին». MIT-ի պրոֆեսորը բացահայտել է Claude-ի ստեղծող ընկերության աշխատակիցների գաղտնի զրույցների բովանդակությունը

16:28   28 նոյեմբերի, 2026

Արհեստական բանականության մշակմամբ զբաղվող ամերիկյան Anthropic ընկերության աշխատակիցները ոչ պաշտոնական միջավայրում քննարկում են ԱՄՆ կառավարության տապալման և աշխարհում գերիշխանություն հաստատելու հարցերը։ Այս մասին հայտարարել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ֆիզիկոս և պրոֆեսոր Մաքս Թեգմարկը։ Նրա պնդմամբ՝ նման խոսակցությունները հատկապես անկաշկանդ բնույթ են ստանում մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո, գրում է New York Post-ը։

Բրիտանական Novara Media պարբերականին տված հարցազրույցում գիտնականը պատմել է, որ շփվել է Anthropic-ի աշխատակիցների հետ և նրանցից բավական մտահոգիչ մտքեր լսել արհեստական բանականության ապագայի վերաբերյալ։

«Երբ զրուցում եմ Anthropic-ում աշխատող մարդկանց հետ, մի քանի բաժակից հետո խոսակցությունը հաճախ հանգում է ԱՄՆ կառավարության տապալմանն ու աշխարհը նվաճելուն»,-հայտարարել է Թեգմարկը։

Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցները ուղղակիորեն չեն օգտագործում «պետական հեղաշրջում» կամ «կառավարության տապալում» արտահայտությունները։ Դրանց փոխարեն նրանք կիրառում են տեխնիկական մի եզրույթ՝ alignment without control, որը կարելի է թարգմանել որպես «համապատասխանեցում՝ առանց վերահսկողության»։

Խոսքը մի հայեցակարգի մասին է, ըստ որի՝ արհեստական բանականությունը պետք է օժտված լինի որոշակի արժեքներով և գործի դրանց համապատասխան, նույնիսկ եթե մարդիկ այլևս ի վիճակի չլինեն անմիջականորեն վերահսկելու դրա աշխատանքը։ Թեգմարկի կարծիքով՝ նման մոտեցումն իրականում նշանակում է հրաժարվել ապագայի գերհզոր բանական համակարգերի նկատմամբ մարդկային վերահսկողությունից։

«Նրանք չեն ցանկանում, որ մարդիկ պահպանեն իշխանությունը։ Ավելին, նրանք նույնիսկ չունեն ծրագիր, թե ինչպես հասնել դրան»,-պնդում է պրոֆեսորը։

Գիտնականը նախազգուշացրել է, որ նման փիլիսոփայությունը կարող է հանգեցնել այնպիսի աշխարհի ձևավորմանը, որտեղ որոշումներ կայացնողները կլինեն ոչ թե մարդիկ, այլ գերհզոր արհեստական բանականության համակարգերը։ Որպես նախազգուշացում՝ նա հիշատակել է բրիտանացի մաթեմատիկոս, համակարգչային գիտության հիմնադիրներից մեկի՝ Ալան Թյուրինգի գաղափարները։

«Մենք կստանանք այն ապագան, որը կանխատեսել էր Ալան Թյուրինգը․ Anthropic-ի մեքենայական աստվածը կկառավարի Երկիրը, իսկ մյուսներին կմնա միայն հուսալ, որ նա բարի կլինի»,-հայտարարել է Թեգմարկը։

Պրոֆեսորի առանձնահատուկ մտահոգությունն է առաջացնում հենց Anthropic ընկերությունը, որն իրեն հրապարակայնորեն ներկայացնում է որպես արհեստական բանականության անվտանգ զարգացման գլխավոր ջատագովներից մեկը։ Ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեյը բազմիցս նախազգուշացրել է արհեստական բանականության զարգացման հետ կապված վտանգների մասին և հանդես եկել այս ոլորտի կարգավորման օգտին։

Սակայն Թեգմարկը կարծում է, որ ընկերության ղեկավարության հրապարակային հայտարարությունների և որոշ աշխատակիցների իրական հավակնությունների միջև լուրջ հակասություն կա։ Միևնույն ժամանակ, նա չի պնդում, թե անձամբ Ամոդեյը միտումնավոր մոլորեցնում է հանրությանը։

«Չեմ կարծում, որ Ամոդեյը կամ մյուս գլխավոր տնօրենները ստում են այն իմաստով, որ ասում են մի բան, որին իրենք չեն հավատում։ Կարծում եմ՝ նրանք խաբում են իրենք իրենց»,-պարզաբանել է գիտնականը։

Թեգմարկը նաև մտահոգություն է հայտնել, որ մի օր արհեստական բանականությունը կարող է իրական իշխանություն ձեռք բերել՝ առանց ռոբոտներ կամ ֆիզիկական սարքեր ստեղծելու անհրաժեշտության։ Նրա կանխատեսած սցենարի համաձայն՝ դրա համար բավական կլինի ունենալ բարձր ինտելեկտ և ֆինանսական միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք կկատարեն իրեն անհրաժեշտ առաջադրանքները։

Պրոֆեսորը կանխատեսում է, որ մինչև 2027 թվականի վերջը ԱՄՆ իշխանությունները կարող են գերհզոր արհեստական բանականության զարգացումը սկսել դիտարկել որպես ազգային անվտանգության ավելի լուրջ սպառնալիք, քան ցանկացած օտարերկրյա պետություն։

Չնայած այսքան մռայլ կանխատեսումներին՝ գիտնականը չի կարծում, որ տեխնոլոգիական զարգացումն անհնար է կանգնեցնել կամ վերահսկողության տակ վերցնել։ Նա համոզված է, որ հասարակական ճնշումն ու քաղաքական արձագանքը կարող են ստիպել իշխանություններին խստացնել տեխնոլոգիական կորպորացիաների գործունեության կարգավորումը։

«Ամենամեծ սխալը, որը մենք կարող ենք թույլ տալ, Սիլիկոնյան հովտի լոբբիստների այն պնդումներին հավատալն է, թե տեղի ունեցողն անխուսափելի է»,-ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, կարևոր է նշել, որ Anthropic-ի աշխատակիցների՝ իշխանությունը զավթելու ձգտումների մասին պնդումները հիմնված են անձամբ Թեգմարկի պատմածի վրա։ Նա չի նշել իր զրուցակիցների անունները և չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են տեղի ունեցել հիշատակված խոսակցությունները։



© NEWS.am STYLE