Հայկական ոճ․ անսպասելի համադրություններ և նիշային միտումներ՝ ոճային կերպարների համար

15:44   29 նոյեմբերի, 2026

Այս շարքում զգեստապահարանի ընդունված կանոնները կարծես մի կողմ են թողնվել։ Սպորտային կոշիկները համադրվում են անթերի երեք մասից բաղկացած կոստյումի հետ, ռետինե ճտքավոր կոշիկները տեղ են գտնում շքեղ կերպարներում, վինտաժային ծաղկային նախշերով տրիկոտաժը համադրվում է խորհրդանշական Balenciaga պայուսակի հետ, իսկ մորթյա դետալներն անսպասելիորեն զարդարում են խիստ ոճի լոֆերները։ Այստեղ ներկայացված են Wrong Shoe Theory-ն, Grandmacore-ը, Gorpcore meets Luxury-ն և նորաձևության այլ ուղղություններ, որոնք առօրյա համադրություններում հազվադեպ կարելի է հանդիպել։

The Wrong Shoe, The Right Look

photo_1_2026-11-29_13-16-01.jpg (519 KB)

Աստղիկ Սաֆարյանն ընտրել է մի համադրություն, որտեղ գրասենյակային խիստ զգեստապահարանն անսպասելիորեն միահյուսվում է ազատ ու անկաշկանդ սթրիթսթայլի հետ։ Կերպարի հիմքում Zara-ի Butter Yellow երանգի ծավալուն վերարկուն է՝ հենց այն մեղմ, յուղալի դեղինը, որը այս աշնանը վստահորեն մրցակցում է ավանդական բեժի և կարամելային երանգների հետ։ Վերարկուի տակից երևում է ձյունաճերմակ եռամաս կոստյումը՝ ժիլետով, դասական վերնաշապիկով և տերակոտայի երանգի փողկապով։ Առնական ուրվագիծը, հստակ ընդգծված ուսագիծը և փողկապը հղում են կատարում Office Siren և Menswear գեղագիտությանը, սակայն կերպարը չափազանց խիստ կամ պաշտոնական չի թվում․ դրա տրամադրությունը փոխվում է անսպասելի դետալների շնորհիվ։

photo_2_2026-11-29_13-16-01.jpg (615 KB)

Դրանցից գլխավորն ընդարձակ Moschino Multibelts կաշվե պայուսակն է՝ երկար գոտիներով և մետաղական ճարմանդներով։ Այն իր մեջ կրում է բոհո-շիկի շունչ՝ գրանժային թեթև երանգով։ Խոշոր, քառակուսի ակնոցներն ավելացնում են մտավորական խստություն, իսկ շագանակագույն թավշե adidas Handball Spezial սպորտային կոշիկները կարծես միտումնավոր խախտում են ընդունված կանոնները։ Ակնհայտ ընտրության՝ դասական կոշիկների կամ լոֆերների փոխարեն՝ ռետրո ոճի սպորտային կոշիկներ։ Սա հենց Wrong Shoe Theory-ի սկզբունքն է․ կոշիկը, որն առաջին հայացքից անհամապատասխան է թվում էլեգանտ համադրությանը, արդյունքում այն ավելի հետաքրքիր է դարձնում։ Եվ, թերևս, հենց այս հակադրությունն է ամբողջ կերպարի գլխավոր գրավչությունը։

Rain Check by Chanel

photo_3_2026-11-29_13-16-01.jpg (291 KB)

Արփինե Թովմասյանը ցույց է տալիս, որ զուսպ շքեղությունը բոլորովին պարտադիր չէ, որ լինի խիստ և կանխատեսելի։ Նրա ընտրությունը սև, ծավալուն պոնչո-թիկնոցն է՝ գոտիով և ծոպերով, որը նա համադրել է սպիտակ վերնաշապիկի ու ազատ մուգ տաբատի հետ։ Գոտին ընդգծում է իրանը՝ ձևավորելով փափուկ ուրվագիծ, իսկ վերնաշապիկի երևացող մանժետները կերպարին հաղորդում են կոկիկ գրաֆիկական արտահայտչականություն։ Բազմաշերտ այս համադրության մեջ նկատելի են The Row և Toteme ապրանքանիշերին բնորոշ գեղագիտական մոտեցումները՝ նվազագույն ակնհայտ դետալներ և առավելագույն ուշադրություն համամասնություններին ու գործվածքների հյուսվածքներին։

photo_4_2026-11-29_13-16-01.jpg (269 KB)

Սակայն գլխավոր անակնկալը Chanel-ի տոպրակաձև ռետինե ճտքավոր կոշիկներն են՝ տաուփ երանգով և հակապատկեր սպիտակ քթամասերով։ Գործնական կոշիկները, որոնք նախկինում հիմնականում նախատեսված էին քաղաքից դուրս զբոսանքների համար, այստեղ դառնում են քաղաքային զգեստապահարանի լիարժեք բաղադրիչ։ Բրդյա թիկնոցի և ռետինե ճտքավոր կոշիկների համադրությունը Gorpcore meets Luxury ուղղության վառ օրինակ է, որտեղ գործնականությունը հանդիպում է շքեղությանը։ 90-ականների ոճով նեղ ակնոցները, խոշոր ոսկյա ականջօղերն ու Hermès կաշվե պայուսակն ամբողջացնում են կերպարը։ Արդյունքում ստացվում է ոչ թե հանդիսավոր ելույթի, այլ ինքնավստահ էլեգանտության օրինակ․ կնոջ, որը անձրևի պատճառով մտադիր չէ փոխել իր ծրագրերը։

Grandma’s Closet, Balenciaga’s Attitude

photo_5_2026-11-29_13-16-01.jpg (786 KB)

Նանան նախապատվությունը տվել է այնպիսի տրիկոտաժին, որն ունակ է փոխարինելու աքսեսուարների մի ամբողջ հավաքածուի։ Zara-ի ծավալուն, բորդո գույնի սվիտերը՝ խոշոր ծաղկային ժակարդային նախշերով, հիշեցնում է ընտանեկան զգեստապահարանից պահպանված վինտաժային հագուստը։ Հենց այստեղից էլ գալիս է Grandmacore գեղագիտության ակնարկը։ Վառ կարմիր և կաթնագույն ծաղիկները, ազատ ուրվագիծն ու փափուկ հյուսվածքը ստեղծում են հարմարավետ, փոքր-ինչ անփույթ նրբագեղության տպավորություն։ Սվիտերի տակից երևում է բաց գույնի բարձր օձիքով բարակ սվիտերը, իսկ լայն, գրաֆիտագույն ջինսերը՝ խոշոր դարձված փողքերով, պահպանում են կերպարի անկաշկանդ համամասնությունները։ Այստեղ չկա կերպարը չափազանց տոնական կամ ճոխ դարձնելու որևէ փորձ, և հենց դա է դրա գրավչությունը։

photo_6_2026-11-29_13-16-01.jpg (370 KB)

Սակայն հարմարավետ տրամադրությունն այստեղ արագորեն իր տեղը զիջում է նորաձև համարձակությանը։ Ձեռքին Balenciaga Le City խորհրդանշական պայուսակն է՝ 2000-ականների հայտնի մոդելը, որը պատրաստված է փափուկ, ճմրթված կաշվից և առանձնանում է բնորոշ կաշվե կապիչներով։ Ոտքերին սև լոֆերներ են՝ ծավալուն, կարամելագույն մորթյա զարդարանքով, իսկ տերակոտայի երանգի գուլպաները կապում են կոշիկների գույնը սվիտերի տաք երանգների հետ։ Արդյունքում ստացվում է հյուսվածքների արտահայտիչ խաղ՝ ծավալուն ժակարդ, փափուկ կաշի, խիտ ջինս և փափկամազ մորթի։ Այսպիսով, Grandmacore-ը չի վերածվում անցյալից վերցված տարազի, այլ ստանում է միանգամայն ժամանակակից մեկնաբանություն՝ գրանժային շեշտադրմամբ և ֆրանսիական անկաշկանդությամբ։

The British Weather Report

photo_7_2026-11-29_13-16-01.jpg (373 KB)

Ինստագրամյան ոճաբան Մաթևոսյանի կերպարում աշունը գրեթե կինեմատոգրաֆիկ տեսք ունի․ մոխրագույն, ծավալուն կարդիգան, սև կյուլոտ տաբատ, ձեռնափայտաձև հովանոց և վառ կարմիր Hunter ռետինե ճտքավոր կոշիկներ։ Ոգեշնչման աղբյուրը հեշտությամբ կարելի է ճանաչել․ բրիտանական գյուղական ոճը, Ivy League համալսարանական գեղագիտությունն ու լոնդոնյան անձրևոտ եղանակի մի փոքր շունչը։ Սակայն ավանդական զուսպ գունապնակի փոխարեն կերպարի հեղինակը նախընտրել է արտահայտիչ Pop of Red շեշտադրումը․ վառ կարմիր սվիտերն անփույթ գցված է ուսերին և գունային առումով ներդաշնակվում է փայլուն ճտքավոր կոշիկների հետ։ Կոշիկների վերնամասից երևացող սպիտակ գուլպաները կերպարին հաղորդում են թեթև պրեպի ոճային երանգ։

photo_8_2026-11-29_13-16-01.jpg (174 KB)

Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև աքսեսուարները։ Chanel-ի բաց գույնի, շղթայով և մրգերի ու բանջարեղենի տեսքով փոքրիկ կախազարդերով զարդարված, կարած նախշերով պայուսակը մեղմում է մուգ հագուստի խստությունը։ Պայուսակների նմանատիպ կախազարդերը՝ Bag Charms-ը, փոքր, բայց նկատելի նորաձև միտում են․ նույնիսկ բարձր կարգավիճակ ունեցող ապրանքանիշի պայուսակը դառնում է անհատական դետալների և նուրբ հումորի արտահայտման հարթակ։ Շերտավորված շղթաները ներդաշնակվում են կարդիգանի հանգիստ գունային երանգներին, իսկ հյուսվածքների հակադրությունը՝ բրդի, հարթ ռետինի և նախշավոր կաշվի միջև, համադրությունը դարձնում է տեսողականորեն ավելի հետաքրքիր։ Արդյունքում ստացվում է այնպիսի կերպար, որտեղ անձրևոտ եղանակը ոչ միայն չի խանգարում տպավորիչ տեսք ունենալուն, այլև դառնում է ոճային մտահղացման մի մասը։



© NEWS.am STYLE