13:22 29 նոյեմբերի, 2026Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հերթական միջազգային հաջողությամբ է նշանավորել իր համերգային գործունեությունը։ Նոյեմբերի 27-ին նվագախումբը հրաշալի համերգով հանդես եկավ աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ՝ Հորդանանի պատմամշակութային կարևորագույն վայրերից մեկում՝ Փոքր Պետրայում։

Համերգը կայացել է Բոչելիի՝ «Romanza» ալբոմի 30-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայության (Romanza 30th Anniversary World Tour) շրջանակում։ Հենց այս ալբոմն է Բոչելիին համաշխարհային ճանաչում բերել:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ մեծ հպարտություն է ելույթ ունենալ Բոչելիի հետ.

«Հպարտ ենք լինել այստեղ և մասը կազմել այս կարևոր շրջագայության, որի շրջանակում դեկտեմբերի 2-ին էլ Բոչելիի հետ ելույթ կունենանք Աբու Դաբիում»,-նշել է Սարգիս Բալբաբյանը։
Հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունն առանձնահատուկ գնահատել է նաև Անդրեա Բոչելիի երաժշտական պրոդյուսեր և դիրիժոր Կառլո Բերնինին, որը երկար տարիներ աշխատում է մաեստրոյի հետ։ Նա ընդգծել է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրաշալի կոլեկտիվ է.

«Անչափ հպարտ եմ նրանց հետ աշխատել. շատ տաղանդավոր և պրոֆեսիոնալ երաժիշտներ են»։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին՝ Աբու Դաբիի հեղինակավոր Etihad Arena-ում։ Ի դեպ, այդ համերգի բոլոր տոմսերն արդեն սպառվել են։