Քիմ Քարդաշյանն իր հարսանիքին հյուրերից վերցնելու է բջջային հեռախոսները

11:02   17 մարտի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանիե Ուեսթն ամուսնանալու են մայիսին: 33-ամյա Քիմը որոշել է հարսանիքի բոլոր հյուրերից վերցնել բջջային հեռախոսները:

Վերջինները պետք է հարսանիքի մանրամասները չհրապարակելու մասին պայմանագիր ստորագրեն եւ հանձնեն իրենց բջջայինները: Այդ կերպ, միջոցառումը կնկարահանվի միայն հարսնացուին եւ փեսացուին պատկանող տեսախցիկներով:

«Բոլոր հյուրերը, այդ թվում՝ զույգի ամենահայտնի ընկերները, անցնելու են անվտանգության պահպանության հատվածով»,- տեղեկացրել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Հարսանիքն անցկացվելու է Փարիզի Chateau d’Usse ամրոցում, եւ եթե հյուրերից որեւէ մեկը հեռախոսազանգ կատարելու ցանկություն ունենա, նման հնարավորություն կընձեռվի, պարզապես միջոցառման անցկացման վայրից հեռու:

Նման գաղտնիության պատճառն այն է, որ Քիմն ու Քանիեն ցանկանում են հարսանիքի լուսանկարներն արտոնագրել վաճառքի համար: Հայտնի է նաեւ, որ արարողությունից մի հատված ցուցադրվելու է Քարդաշյան ընտանիքի ռեալիթի-շոուի ժամանակ:

Պատվավոր հյուրերից երկուսը, ամեն դեպքում, կկարողանան խուսափել մյուս հրավիրյալների ճակատագրից:

«Քանիեն երբեք չի համարձակվի Ջեյ Զիին եւ Բեյոնսեին խնդրել գաղտնիության պահպանման մասին պայմանագիր ստորագրել կամ վերցնել նրանց բջջայինները: Նա գիտե, որ նրանցից ոչ ոք դեմ չի գնա իր ցանկությանը»,- հավելել է աղբյուրը:

Նյութը՝ hollywoodlife.com կայքի



© NEWS.am STYLE