Արամոյի եւ Լուիզա Ղամբարյանի բախումը՝ մի քանի քառակուսի մետրի վրա

13:05   19 մարտի, 2014

Երգարվեստում հայտնի՝ Արամո եւ էմմա Պետրոսյան զույգը իր ուժերն է փորձում նաեւ թատրոնում։ Ապրիլի 15-ին եւ 16-ին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա  էմմա Պետրոսյանի սցենարով գրված «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացման պրեմիերան, որի բեմադրող ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը։

 

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանն ասաց, որ ներկայացման գլխավոր դերակատարներն են Արամոն եւ Լուիզա Ղամբարյանը։ Գործողությունները տեղի են ունենում վերելակի մեջ։

«Կնոջ եւ տղամարդու լուրջ բախում է մի քանի քառակուսի մետրի վրա։ Ներկայացումը սիրո, դավաճանության եւ այն ամենի մասին է, ինչ կարող է տեղի ունենալ տղամարդու եւ կնոջ միջեւ ամբողջ կյանքի ընթացքում։ Ներկայացման հիմքում հարցն է՝ ո՞վ է մեղավոր բաժանման համար՝ տղամարդը, թե՞ կինը»,-նշեց Սուրենը։

Ներկայացման վերաբերյալ զրուցեցինք նաեւ երգչուհի էմմա Պետրոսյանի հետ։

Մեզ հետ զրույցում էմման ասաց, որ սա ներկայացման սցենար գրելու իր առաջին փորձն է. «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արամը բավականին երկար ժամանակ մոնոներկայացման համար սցենար էր փնտրում եւ չէր գտնում։ Իսկ իմ մեջ այս թեման՝ կին-տղամարդ, վաղուց եփվել էր։ Գրում էի մի բան, ինչն ինձ դուր էր գալիս։ Սակայն, ամենակարեւորը, երբ հանդիպեցինք Սուրենի հետ, հասկացանք, որ թեման կարելի է բեմ բարձրացնել»,-նշեց նա։

Խոսելով ներկայացման գաղափարի մասին, էմման ասաց, որ դրա հիմքում ներումն է։ «Երկու հերոսների՝ կնոջ եւ տղամարդու միջեւ ամենապարզ բախումներ են, որոնք պետք է հանգեցնեն ներման»։

Անդրադառնալով  բեմադրությանը, էմմա Պետրոսյանն ընդգծեց, որ այն անընդհատ եռման փուլում է, եւ որ նա վստահում եւ մեծագույն հաճույքով ընդունում է Սուրեն Շահվերդյանի կարծիքը։

Ինչ վերաբերում է ներկայացման կազմին, էմման նշեց, որ հաճելի է աշխատել մարդկանց հետ, ովքեր քեզ հավատում են։ «Մենք բոլորս իրար հավատում ենք»,-եզրափակեց նա։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը




© NEWS.am STYLE