«Զգում ենք հաղթանակի շունչը». Արամ MP3-ն եւ Գոհար Գասպարյանը՝ «Եվրատեսիլ 2014»-ի մասին

16:21   20 մարտի, 2014

Այս տարին այն եզակի տարիներից է, երբ մենք զգում ենք հաղթանակի շունչը. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլի»՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար  Գոհար Գասպարյանը։

Նա նշեց, որ վերջերս Կոպենհագենում մասնակցել է  եվրատեսիլյան պատվիրակությունների ժողովին, որտեղ բոլորը դրական են արտահայտվել մեր երգի մասին եւ նշել են, որ Հայաստանն է հաղթելու։ Գոհար Գասպարյանի խոսքով՝  պատվիրակության անդամները կարծում էին, թե Արամը չէ երգի հեղինակը, այլ երգը պատվիրել ենք շվեդացիներին։


Գասպարյանի խոսքով՝ անընդհատ ոգեւորող կարծիքներ են հնչում մեր մասնակցի եւ երգի մասին, եւ նման բուռն արձագանքը աննախադեպ է։

Ասուլիսին ներկա Արամ MP3-ին իր խոսքում ասաց, որ  ապրիլի 5-ին սկսվում է «Եվրատեսիլ 2014» -ի պրոմո շրջագայությունը։ Նա իր  երգն առաջին անգամ եվրոպացիների համար կկատարի Կոպենհագենում։ Ապրիլի 13-ին մեր մասնակիցը ելույթ կունենա Լոնդոնում, իսկ մյուս օրերին՝  Եվրոպայի եւ ՌԴ քաղաքներում։


Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մենք առաջինն ենք, ով երգ է ներկայացնում առանց կրկներգի, Արամն ասաց։  «Մենք առաջինը չենք, Եվրոպայում եղել են նման երգեր։ Մեր երգն առանձնանում է նրանով, որ ունի սկիզբ, զարգացում, լուծում եւ ավարտ»։ Ի դեպ, Արամն ամենից շատ Հունգարիայի մասնակցի  երգն է հավանում եւ նրան է համարում մրցակից։

Խոսելով մյուս մասնակիցների մասին, մասնավորապես, Ավստրիան ներկայացնող մորուքավոր Կոնչիտա Վյուրստի եւ ինչպե՞ս է նա ընդունում տրանսվեստիտի  մասնակցությունը մրցույթին, Արամ MP3-ն ասաց. «Մի փոքր ծանր եմ տանում, բայց մենք մրցույթին մասնկացում ենք այլ նպատակով եւ մեր շուրջը  չենք նայելու»։


Հիշեցնենք, որ Արամ MP3-ին «Եվրատեսիլ- 2014» մրցույթին կներկայանա «Not alone» («Դու մենակ չես») խորագիրը կրող երգով, որի պրեմիերան կայացավ մարտի 14 –ին Առաջին ալիքի եթերում: «Not alone» երգի հեղինակը Արամ MP3-ին է, խոսքերինը՝ Գարիկ Պապոյանը: Երգի գործիքավորումը կատարել է Լիլիթ Նավասարդյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսիորը Գրիգոր Գասպարյանն է: Երգի բնորոշ երեք բառերն են՝ «պայքարիր հանուն սիրո»:


«Եվրատեսիլ»-ի այս տարվա հայաստանյան տեսահոլովակը համացանցում տարածում գտավ միանգամից: Այն մրցույթի Youtube-յան ալիքում դիտումերի քանակով ամենաառաջինն է՝ 5 օրում ավելի քան 750 հազար դիտում ցուցանիշով: Բացի այդ, միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջին հորիզոնականում տեսնում են Հայաստանի պատվիրակին: 

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլն այս տարի կկայանա մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին Կոպենհագենում:

Միացեք Արամ MP3-ի պաշտոնական էջերին սոցցանցերում`
Facebook.com Official
Twitter.com Official Page 
Instagram.com Official Page

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




© NEWS.am STYLE