«Չի եղել մի տարի, որ ես 100%-ով գոհ լինեմ «Արտավազդի» արդյունքներից». Հակոբ Ղազանչյան

14:08   26 մարտի, 2014

Մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, Երեւանում ավանդաբար կանցկացվի ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Այդ նպատակով այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովի  նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց որոշ մանրամասներ: Նրա խոսքով` այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվելու է նախորդ տարիներից նրանով, որ երիտասարդներին մեծ տեղ են հատկացնելու: Ղազանչյանը դժգոհ էր մրցանակաբաշխության` նախորդ տարվա արդյունքներից, քանի որ երիտասարդական հատվածը մրցանակ չէր ստացել: «Ընդհանրապես, չի եղել մի տարի, որ ես 100 տոկոսով գոհ լինեմ մրցանակաբաշխության արդյունքներից»,-ասաց նա` հավելելով, որ իրենց խնդիրն է ոգեւորել երիտասարդներին, հնարավորություն տալ, որ նրանք գնահատված լինեն:

«Արտավազդ» մրցանակաբաշխությունն անցկացվում է 1996 թվականից: Սկզբնական շրջանում միայն մեկ անվանակարգ է եղել, սակայն 2008 թվականից, երբ սկսել են մեծ շուքով նշել այն, անվանակարգերն ավելացել են եւ այժմ դրանք թվով տասնմեկն են:

Վաղը` մարտի 27-ի ցերեկը, հայտնի կդառնան հաղթողների անունները, որոնք կհրապարակվեն միայն երեկոյան` Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայանալիք մրցանկաբաշխության ընթացքում: Երեկոն կվարեն դերասաններ Վիգեն Ստեփանյանը եւ Լուիզա Ղամբարյանը: Ի դեպ, այս տարվա «Արտավազդը» նվիրված է Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

Պատրաստեց` Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE