90-ականների հետքը մարդկանց ճակատագրերի վրա՝ մեկտեղված մի «Շքամուտքում»

18:31   27 մարտի, 2014

Ապրիլի վերջին ռեժիսոր Լուսինե Սարգսյանը կներկայացնի իր նոր ֆիլմը, որը կոչվում է «Շքամուտք»: Այն կազմված է հինգ պատմություններից, որոնց հեղինակներն են Կարինե Խոդիկյանը, Հովհաննես Թեքգյոզյանը, Գնել Նալբանդյանը եւ Հարություն Հարությունյանը: Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1990-ական թվականներին եւ նկարագրում այդ ժամանակաշրջանի հետքը մարդկանց ճակատգրերի վրա:


Ֆիլմի հերոսները բնակվում են  միեւնույն շքամուտքում: «Պատմությունները սովորական մարդկանց մասին են, իսկ սովորական մարդիկ բոլորը ապրում են ինչ-որ տեղ: Ֆիլմի ամբողջական գաղափարը մեկ տեղում հավաքելու համար որոշեցինք, որ այդ տեղը լինի շքամուտքը:»,-նշում է Լուսինե Սարգսյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի գաղփարն իր սերնդի յուրաքանչյուրի մեջ ապրող գաղափար է:

« Մենք այն սերունդն ենք, որն ունեցավ շատ մեծ կորուստներ` հոգեբանական, մարդկային, բարոյական եւ այլն: Մենք կորած սերունդ ենք, սակայն այդ կորստի համար լաց չենք լինում: Ես փորձում եմ բարձրաձայնել այդ կորստի մեջ գտնված լավատեսական ապրելակերպն ու հոգեբանական պայքարը եւ վստահ եմ, որ մեր սերնդի 90 տոկոսն իր մեջ ունի այդ ուժը` օպտիմիստորեն խոսել այդ ամենի մասին»:

Խոսելով ֆիլմում առկա պատմությունների մասին, Լուսինեն նշեց, որ դրանք շատ տարբեր են:

«Ինձ համար ավելի կարեւոր է մարդկային ճակատագիրը, հոգեբանությունը, կենսակերպն ու կյանքի ձեւաչափը: Մարդը` որպես այդպիսին, շրջապատի ազդեցությունն ու խնդիրների լուծումը նրա կյանքում, որը միշտ է, բոլոր ժամանակներում:

Թեմատիկ առումով վերցված են գլոբալ խնդիներ, որոնք գոյություն ունեին 90-ականներին մեր երկրում եւ որոնք շրջադարձային ազդցեություն ունեցան շատ ճակատագրերի վրա՝ նույն պատերազմը, պարտքերի մեջ թաղվելը, սեր կորցնելը, արտագնա աշխատանքը, որը քանդեց շատ ընտանիքներ: Թեմաներ, որոնք եղել են 90-ականների արդյունք, որոնք գոյություն ունեն մինչեւ այսօր եւ միշտ են լինելու»,-նշեց նա:

Ռեժիսորը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ այդ խնդիրները ֆիլմում սուր կոնֆլիկտային բախումներով ներկայացված չեն, դրանք ավելի շատ ռեալիստական կոնցեպտի մեջ են` պարզ, մարդկային հարաբերություններում եւ ունեն լավատեսական լուծումներ:

Լուսինե Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի ուղերձը կյանքի շարունակությունն է, ֆիլմի վերջում էլ ընտրված եւ ներկայացված է այն նովելը, որում նոր կյանք է ծնվում:

Պատասխանելով հարցին, թե որքանով է այսօր արդիական 1990-ականների թեման, ռեժիսորն ասաց.

«Իմ կարծիքով, ցանկացած մարդ ամուր կանգնած է ոտքերի վրա իր անցյալի շնորհիվ: Արդիական եմ համարում թեման՝ ելնելով նրանից, որ ես չեմ պատմում միայն նրա մասին, թե ինչ եղավ 90-ականներին,  ես պատմում եմ սովորական մարդու ճակատագրի մասին: Հանդիսատեսը նայում է  պատմություն, իրավիճակ, որի մեջ ինքը ապրել է կամ այսօր ապրում է, իսկ դա երբեք չի լինում անցյալ: Ես էլ հակառակ հարցը կարող եմ տալ՝  իսկ ինչո՞վ են  հետաքրքիր Հռոմեական կայսրության մասին ֆիլմերը, բայց դրանք մինչեւ այսօր նկարվում են եւ խնդիրը ժամանակաշրջանը չէ, այլ ասելիքը»:

Ռեժիսորը մտադրություն ունի «Շքամուտքը» ներկայացնել տարբեր փառատոների, հնարավոր է նաեւ Կաննի կինոշուկայում: Ի դեպ, վերջերս հաճախակի շահարկվող Կաննի կինոշուկայի վերաբերյալ նա մի փոքր պարզաբանեց.

«Չի կարելի խաբել հանդիսատեսին: Կաննի կինոշուկան փառատոնի հետ ոչ մի կապ չունի: Մեզ մոտ ինֆորմացիան այնքան քիչ է, որ Կաննի շուկան սկսել է հնչել ինչպես փառատոն, դա ծիծաղելի է»:

Լուսինե Սարգսյանը ֆիլմի կոմերցիոն հաջողությունների մասին դեռ չի կարող խոսել. «Կոմերիցոն հաջողության մասին դժվար է խոսել, երբ ունես 2,5 կինոթատրոն: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ինչ ներդրել ես, անպայման հետ բերես, պարզապես եթե ֆիլմը չունի կոմերցիոն հաջողություն, ուրեմն դու նկարել ես վատ ֆիլմ, անժամանակ կամ ոչ այսօրվա հանդիստատեսի համար»:

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը

 



© NEWS.am STYLE