Կայացավ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան

11:32   28 մարտի, 2014

Երեկ՝ մարտի 27-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Մարինե Զաքարյանի  «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրեմիերան: Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, «Կիսալուսնի ծովածոցը» ժապավենի հիմքում Վիլյամ Սարոյանի չորս նովելներն են, որոնք տարվա չորս եղանակներին ծավալվող պատմություններ են դառնում: Նախքան կինոդիտումը, ֆիլմի ստեղծագործական եւ դերասանական անձնակազմը հանդես եկավ մամլո ասուլիսով:


Ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի խոսքով՝ շուրջ ութ ամիս բանակցություններ են վարել Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության իրավական տիրոջ՝ Սթենֆորդի համալսարանի հետ՝ նրա ստեղծագործություններն էկրանավորելու թույլտվությունը ստանալու համար: Արդյունքում՝ 2013 թվականին ստացել են այդ իրավունքը:

Ռեժիսոր Մարինե Զաքարյանը չի կարողանում ասել, թե ինչպես որոշեց ֆիլմ նկարել: «Ուղղակի այդպես ստացվեց»,- ասաց նա: Մարինեն նշեց, որ ցանկանում էր հասունացման մասին ֆիլմ նկարել, եւ ֆիլմում առկա բոլոր չորս պատմությունների կապող թելը հենց այդ է:

Ֆիլմի ստեղծմանն աջակցել է «Շարմ» հոլդինգը, որի ներկայացուցիչ Կարեն Ղազարյանը նշեց, որ թեեւ հոլդինգն առավելապես նկարահանում է ժամանցային ֆիլմեր, սակայն նման խորը ժապավենները պարզապես անհրաժեշտություն են: «Ամեն բան պետք է անել, որպեսզի մեծ գրողների գործերը տեղ հասցվեն, մանավանդ հիմա, երբ երեխաները այդքան գիրք չեն կարդում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ֆիլմն ընտանեկան է եւ այն պետք է դիտել երեխաների հետ միասին:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե հե՞շտ էր աշխատել երեխաների հետ, ռեժիսոր Մարինե Զաքարյանն ասաց, որ նկարահանման հրապարակում երեխաներին թելադրում էին կանոնները, բայց բոլորը արագ միմյանց հասկանում էին: «Ունիվերսալ մարդկային լեզու կար, որ գալիս է Սարոյանից»,- նշեց նա:

Ֆիլմի ստեղծագործական խումբը պատրաստվում է այն միջազգային շուկա դուրս բերել՝ ներկայացնելով փառատոնների եւ կինոշուկաների ժամանակ:

«Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողություններն ընթանում են «Կիսալուսնի ծովածոց» կոչվող քաղաքում: Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին ֆիլմի հիմնական առանցքն է:

Ֆիլմում նկարահանվել են Սոս եւ Կարեն Ջանիբեկյանները, Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Վիվիեն Բաստաջյանը, Արա Սարգսյանը, Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի եւ Սոնա Գալստյանները, Սարգիս Հարությունյանը և այլք:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE