Ինչպես պայքարել մանկական վախերի դեմ

21:24   31 մարտի, 2014

Ո՞վ մանկության տարիներին տարբեր վախեր չի ունեցել: Բոլորն էլ այս կամ այն վախն են ունենում, որը կարող է հետագայում ֆոբիաների առաջացման պատճառ դառնալ: Բնականաբար, վախերի դեմ կարելի է եւ պետք է պայքարել: Ի դեպ, առանց ծնողների օգնության երեխաները չեն կարողանա գլուխ հանել:

Երեխայի համար այնպիսի հիանալի զենք մտածեք, ինչպիսին նրա անձնական երեւակայությունն է, քանի որ վախերն ինքն է մտածում, հետեւաբար, դրանցից ազատվել նույնպես կարող է իր երեւակայությունների օգնությամբ: Փորձեք երեխաներին ներշնչել, որ եթե նրանք կարողանան իրենց երեւակայության մեջ հաղթել վախը, իրականության մեջ նույնպես դրանք կանհետանան: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի երեխան մի քանի անգամ մտքում կրկնի այն գործողությունը, որից նա վախենում է, ի դեպ՝ անպայման լավ ավարտով: Հետո համատեղ փորձեք վախն իրական կյանքում հաղթահարել: Մի հուսահատվեք, եթե սկզբում ոչինչ չստացվի:

Երբեմն ծնողներն իրենք են երեխաներին վախ ներշնչում, օրինակ՝ երբ նրանց վախեցնում են «ջադու պառավներով»: Խուսափեք դաստիարակության այդպիսի միջոցներից: Վախի պատճառ կարող է լինել նաեւ պարզ չիմացությունն եւ սխալ պատկերացումը իրերի ու երեւույթների մասին, որոնք վախ են առաջացնում: Որպեսզի փարատեք այդպիսի մտահոգությունը, պարզապես պետք է երեխային թույլ տաք ստանալ կենդանի եւ իրական տեղեկատվություն, օրինակ՝ մանկական հանրագիտարանից կամ ճանաչողական հաղորդումից:

Օգնեք եւ փորձեք հանգստացնել ձեր երեխային, օգնեք նրան զգալ, որ նա պաշտպանված է: Հասկացրեք, որ եթե դուք նրա կողքին եք, նա վախենալու պատճառ չունի, նրան ոչինչ չի սպառնում եւ այդպիսի բան չի կարող լինել: Եղեք ձեր երեխայի առաջին պաշտպանը, նրան հաճախ բարի խոսքեր ասեք, գրկեք, խաղացեք նրա հետ:

Շատ երեխաներ մթությունից են վախենում: Նկատի ունեցեք, որ երեխայի սենյակում անպայման պետք է լույս լինի: Երեխայի կողքին մի քանի անգամ նստեք, մինչեւ նա քնի կամ նույնիսկ քնեք նրա հետ նույն անկողնում: Օգտագործեք ձեր երեւակայությունը, օրինակ՝ կարելի է կախարդական բառ մտածել, որը կարող է օգնել հետ մղել ցանկացած հրեշի եւ այլն:

Հոգեբանների կարծիքով, փոքր տարիքում վախերի հաղթահարման լավագույն տարբերակը խաղն է: Ի դեպ, երեխային անպայման պետք է գովել՝ անկախ արդյունքներից:

Միշտ ուշադիր լսեք, թե ինչ է ասում ձեր երեխան, նույնիսկ եթե նա անհեթեթություն է ասում: Հիշեք, որ երեխայի որոշ անհանգստություններ եւ մտահոգություններ կարելի է փարատել՝ դեռեւս ձեւավորված վախ չդարձած:

Նյութը՝ koketka.by կայքի



© NEWS.am STYLE