Քիմ Քարդաշյան. «Ես Հայաստան եմ գալու ու մայիսին Երեւանում հարսանիք եմ անելու»

10:03   1 ապրիլի, 2014

Քիմ Քարդաշյանը որոշել է Հայաստանում ամուսնանալ: Այս մասին NEWS.am STYLE-ին տեղեկացրեց Քարդաշյան-Ուեսթ զույգին մոտ կանգնած աղբյուրը: Հայտնի է, որ Քիմը, ով դարձել է ամերիկյան Vogue-ի ապրիլյան համարի հերոսուհին, մտադիր էր ամուսնանալ Փարիզում: Սակայն օրերս 33-ամյա աստղը փոխել է որոշումը:

NEWS.am STYLE-ի թղթակցին հաջողվել է հեռախոսով կապ հաստատել Քիմի հետ եւ որոշ մանրամասներ պարզել:

«Ես Հայաստան եմ գալու եւ մայիսին Երեւանում հարսանիք եմ անելու: Քանիեն նույնպես ցանկանում է տեսնել իմ պատմական հայրենիքը: Նա արդեն սովորել է հայկական խոհանոցին եւ տենչում է տեսնել Հայաստանը: Նա պաշտում է իմ տոլման: Ցանկանում եմ պատվիրել ամենաշքեղ լիմուզինները եւ դրանցով շրջել Երեւանի կենտրոնում, իսկ հետո ֆոտոսեսիա կազմակերպել «Սիրահարների այգում»:

Եկեղեցին դեռ չեմ ընտրել: Ռեստորանը նույնպես հայտնի չէ: Խորհուրդ են տվել «Արտաշնոց»-ը, բայց ես չգիտեմ, թե այդ ինչ է: Բացի այդ, ցանկանում եմ տեսնել Գեղարդը: Ես քույրերիս հետ եմ գալու, ի դեպ, նրանցից մեկն ամուսնալուծված է, այնպես որ, հայ տղամարդիկ, պատրաստվեք փախցնել նրան: Նաեւ ցանկանում եմ, որ իմ հարսանիքին երգեն Թաթա Սիմոնյանն ու Էմինեմը: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Հայրենիք, գալիս եմ քեզ մոտ»,- ամփոփեց ռեալիթի-շոուի աստղը:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է բոլորիդ Ապրիլի 1-ի կապակցությամբ: Հույս ունենք, որ գնահատեցիք հումորը եւ ապրիլմեկյան կատակը: Հուսանք՝ չեք բարկանա, այլ հակառակը, վաղ առավոտից լավ տրամադրություն կունենաք:



© NEWS.am STYLE