Լեհի արկածները Հայաստանում

21:14   1 ապրիլի, 2014

Մենք՝ հայերս, յուրօրինակ ազգ ենք: Մեր մեջ բազմաթիվ անհասկանալի երեւույթներ կան, պատանեկան մաքսիմալիզմ, մենք պահպանողական ենք եւ մեզ չի բավականացնում ինքնավստահությունը: Ինչ-որ բանով մենք չորացրած ծիրան ենք  հիշեցնում՝ արտաքինից ոչ այնքան գրավիչ, քաղցր համով, բայց թթվաշ, այն դժվար է ծամել, բայց սովորելը դյուրին է: Մեր մեջ զարմանալիորեն համադրվում են երեւակայությունն ու ինքնախարազանումը, ավանակի համառությունն ու նորի հանդեպ վախը, մենք սիրում ենք տանջվել, հպարտանում ենք դրանով, բայց նույնիսկ տանջանքների մեջ փորձում ենք երջանկություն գտնել: Հայ ազգի խառնվածքի այս հակասական որակների մասին հիշատակել է ոչ այլ ոք, քան արտասահմանցին: Վերջերս պատիվ ունեցա ծանոթանալու լեհ Լուկաշի հետ, ով հաճախ է հյուրընկալվում Հայաստանում եւ մեր պապերի հողի ամենահավատարիմ ու խանդավառ երկրպագուներից է: Լուկաշի հայաստանյան արկածների մասին վեպ կարելի է գրել եւ, հավանաբար, ինչ-որ ժամանակ այդպես էլ կանեմ: Չնայած հայերի «տարօրինակություններին», արտասահմանցի հյուրը սիրահարվել է մեր հայրենիքին եւ ուզում եմ հավատալ, որ այդ զգացմունքը փոխադարձ է:

22-ամյա լեհ ուսանող Լուկաշն առաջին անգամ Հայաստանում պատահաբար է հայտնվել: Լինելով էկո-զբոսաշրջության երկրպագու, շրջագայության համար նա փնտրել է էկզոտիկ եւ գրպանին հարմար վայրեր եւ հետխորհրդային Հայաստանի լուսանկարները նրան գրավիչ են թվացել: Լուկաշը նախընտրում է օտար երկներին ծանոթանալ՝ հիմնականում ոտքով շրջելով: Հսկա ուսապարկը մեջքին՝ նա փնտրում է զբոսաշրջիկի ոտք չդիպած վայրեր եւ հիանում բուսական ու կենդանական աշխարհի հրաշալիքներով: Ոտքով Լուկաշը բարձրացել է Հայաստանի գրեթե բոլոր լեռները: Նա անսահման հիացած է ինչպես բնությամբ, այնպես էլ հայերի վերաբերմունքով: Լուկաշին ամենից շատ զարմացնում է այն փաստը, որ հայերը չեն սիրում շրջագայել իրենց երկրում՝ նախընտրելով բավարարվել բնության գրկում ավանդական խորովածով եւ իրենց հետեւից աղբակույտ թողնելով:

«Այստեղ դուք հեքիաթային վայրեր ունեք, որոնց մասին իմ որոշ հայ ընկերներ նույնիսկ չեն լսել: Կամ եթե նույնիսկ լսել են, ապա չեն տեսել»,- զարմացած պատմում էր նա: Լուկաշի խոսքով, Երեւանից դուրս արտասահմանցիներին որպես բնության հրաշք են ընդունում, հատկապես առանձին գյուղերում, դրա հետ մեկտեղ, «սպիտակ մարդուն» փորձում են հյուրասիրել՝ ինչ Աստված է տվել: «Հայերը շատ բարի եւ հյուրասեր են, բայց երբեմն՝ չափից դուրս կպչուն»:

Եվ ահա մի անգամ Լուկաշը որոշում է Արագած բարձրանալ: Ամբողջությամբ պատրաստված նա սկսել է բարձրանալ՝ չկասկածելով, որ շնորհիվ հայկական հյուրասիրության չի հաջողվելու այդ օրը գագաթ հասնել:

«Ես հասա սրճարանի նման ինչ-որ տեղ, որտեղ տղամարդկանց խումբ էր նստած»: Տեսնելով օտարերկրացուն՝ կանչել են իրենց մոտ: Շփումը կոտրված ռուսերենով է անցել: «Դու խաշ կերե՞լ ես, բարեկամս»,- հետաքրքրվել է նրանցից մեկը: Բացասական պատասխան ստանալով՝ հայերն ապշել են, սրտնեղել եւ հյուրին ստիպել են անմիջապես համտեսել այդ ինքնատիպ ուտեստը: Համտեսը, իհարկե, ալկոհոլի ուղեկցությամբ է անցել: Կիսախմած Լուկաշն ինչ-որ կերպ հրաժեշտ տալով ուրախ միջավայրին՝ որոշել է շարունակել ուղին:

«Որոշ ժամանակ անց եւս մեկ սրճարան տեսա: Հույսով, որ ինձ չեն նկատի, փորձեցի աննկատ անցնել կողքով»: Բայց չի ստացվել, նրան է մոտեցել մի երիտասարդ եւ հայտարարել, որ իրեն սպասում են:

«Անհարմար էր հրաժարվել»: Առաջին հարցը հետեւյալն է եղել. «Դու խաշ կերե՞լ ես, բարեկամս»: Հպարտ եւ արդեն փորձառու Լուկաշը համարձակ պատասխանել է. «Այո՛»: Բայց պարզվել է, որ «մեր խաշն ավելի լավն է»: Համոզվելու համար ստիպված է եղել փորձել: «Ինչպես դուրս եկա սրճարանից եւ ուր գնացի՝ չեմ հիշում: Մի քանի ժամ անց արթնացա ձյան մեջ, ամբողջովին սառած: Ստիպված էի հետ վերադառնալ»: Սառած եւ դժբախտ ներքեւ իջնելիս Լուկաշը հույսով նայում էր սրճարաններին՝ մտածելով, որ գուցե մեկը նրան տաք խաշ կհյուրասիրի:

«Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայը պատրաստ է իր վերջին վերնաշապիկը տալ, որպեսզի հյուրընկալի հյուրին»,- ասում է Լուկաշը: Զբոսաշրջիկների կողմից չսիրված վայրերից մեկն այցելելիս Լուկաշը ծանոթացել է Գրիգորի հետ: Գյուղի անվանումը չի հիշում, բայց այն Ալավերդի քաղաքի մոտակայքում է:

«Կոշիկս պոկվեց: Փորձում էի ինչ-որ կերպ կարգի բերել այն, երբ ինձ մոտեցավ մի տեղաբնակ ու հարցրեց, թե ինչով կարող է օգնել: Մենք զրուցեցինք եւ նա ինձ իր տուն հրավիրեց»,- պատմում է լեհը: Գրիգորը երեք երեխա ունի, ծայրահեղ աղքատության մեջ են ապրում: «Նրա կինն անմիջապես սկսեց սեղան գցելու պատրաստություն տեսնել: Ես անհարմար էի զգում, բայց հեռանալը կնշանակեր վիրավորել տանտիրոջը: Ճաշը համեստ էր. ապուր եւ հաց: Ես հասկացա, որ այդ մարդիկ ուրիշ ոչինչ չունեին, բայց այնքան անկեղծ էին հյուր ընդունելու իրենց ցանկության մեջ: Ի դեպ, նրանց երեխաները դպրոց չէին գնում, քանի որ հագնելու ոչինչ չունեին»: Լուկաշը հատկապես նշեց, որ նրանք ոչնչից չէին բողոքել եւ չեն փորձել փոխարենն ինչ-որ բան ստանալ: Գրիգորը պնդել է, որպեսզի հյուրը գիշերի իրենց մոտ: Առավոտյան նրան թարմ կաթ են հյուրասիրել ու ճանապարհել՝ հորդորելով ավելի հաճախ այցելել:

Մի անգամ էլ հյուրասիրությունը գերազանցել է նրա բոլոր սպասելիքները: Գյուղերից մեկում մի բարի կին հրավիրել է իր մոտ գիշերելու եւ համեստ, բայց շատ համեղ ճաշի հետ մեկտեղ նաեւ իրեն է առաջարկել:

«Նա բացատրեց, որ ամուսինը վաղուց մահացել է, եւ նա ոչ ոք չունի: Գյուղում բոլորը ճանաչում են միմյանց, այդ պատճառով կարող են խայտառակել իրեն»,- ամաչելով պատմում է Լուկաշը՝ խոստովանելով, որ գիշերը փախել է տանտիրուհուց: «Դուք զարմանալի ազգ եք, տարօրինակ եք թվում, երբեմն՝ ծիծաղելի, երբեմն՝ նույնիսկ վախեցնող: Սակայն նա, ով գոնե մեկ անգամ եղել է Հայաստանում, վստահ եմ, որ կցանկանա նորից վերադառնալ»:

Ալեքս Ալիխանյան



© NEWS.am STYLE