Սամվել Գրիգորյան. Առաջին ամուսնական գիշերը մենք անցկացրինք տարբեր ննջասենյակներում

00:37   23 նոյեմբերի, 2012

Տեսախցիկներից դուրս իր կյանքի մասին NEWS.am STYLE-ի թղթակցին պատմեց հայտնի շուոմեն Սամվել Գրիգորյանը, ում, ինչպես տեղեկացրել էր NEWS.am STYLE-ը, «Gold Star awards»-ը ճանաչել էր տարվա «Լավագույն շուոմեն-երգիչ»:

Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:

Հոգատար, խնամված, ճաշակով եւ հավատք ունենա: Ընդհանրապես, կարծում եմ, որ բոլոր մարդիկ պետք է հավատացյալ լինեն` անկախ սեռից: Եթե դու հավատում ես` ավտոմատ կերպով դառնում ես բարի եւ լավը: Խոսելով կնոջ ճաշակի մասին` ես նկատի չունեմ նորաձեւությանը հետեւելը: Կնոջ մեջ յուրաքանչյուր շարժում եւ հայացք կարող է այնքան հմայիչ լինել, ճաշակով, որ ամեն ինչ կարող է ստվերել շուրջը:

Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը:

Տղամարդկանց հարցն ավելի դժվար է: Նա պետք է լինի բարի, հումորի լավ զգացողությամբ, աշխատասեր եւ կիրթ: Ի դեպ, կրթված լինելը նաեւ կանանց է վերաբերվում: Իմ տատը միշտ ասում էր. ավելի լավ է ունենալ կրթված թշնամի, քան անկիրթ բարեկամ:

Դուք միշտ նշում եք կրոնի կարեւորության մասին, իսկ պսակադրվե՞լ եք եկեղեցում:

Այո: ԶԱԳՍ չենք գնացել, սակայն պսակադրություն եղել է: Մենք բավականին համեստ եւ անաղմուկ ամուսնացանք: Պարզապես գնացինք իմ հարսնացուի մոտ եւ բերեցինք նրան իմ մոտ:  Սակայն արդեն ուշ էր, եկեղեցին փակ էր, ուստի մենք առաջին երեկոն տուն վերադարձանք չպսակադրված: Եւ ի՞նչ եք կարծում: Մենք քնեցինք տարբեր սենյակներում: Մայրս թույլ չտվեց, որ միասին անցկացնեինք գիշերը: Իսկ առավոտյան արդեն պսակադրվեցինք, եւ հրաշալի ամուսնական կյանքով սկսեցինք ապրել:

Ի՞նչը երբեք չեք ների:

Դավաճանությունը: Չնայած, փառք Աստծո, ես դեռեւս դրա հետ չեմ բախվել, սակայն կանխազգացողություն ունեմ, որ նման բանը չեմ կարող ներել:

Ի՞նչ երբեք չէիք անի կյանքում:

Ուրիշ դավանանք եւ կրոն չէի ընդունի:

Զրուցեց Անահիտ Գրիգորյանը



© NEWS.am STYLE