Արամ MP3. «Հարգանքը սկզբունք է, որին ես հետեւում եմ: Ես չեմ ընդունում հոմոֆոբիան»

17:45   5 ապրիլի, 2014

Կոպենհագենում մայիսին նախանշված «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը ESCToday-ին տված հարցազրույցում պատմել է իր երգի մասին, ինչպես նաեւ պատասխանել վերջերս իր արած, այսպես կոչված, հոմոֆոբիկ արտահայտությունների հետ կապված աղմուկի մասին հարցի: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ այսօր Արամը նշում է ծննդյան 30-ամյակը:

Ասացեք, խնդրեմ, Ձեր երգը դիտումների ռեկորդներ է սահմանում, բուքմեյքերները խաղադրույք են կատարում հենց Ձեզ վրա, ինչո՞ւ է այդպես: Ո՞րն է Ձեր երգի գաղտնիքը:

Այդ տեղի է ունենում այն պատճառով, որ իմ երգը գործ ունի զգացմունքների եւ էմոցիաների հետ: Դրանք այն ընդհանուր կապերն են, որ միավորում են ամբողջ աշխարհին: Մրցույթի յուրաքանչյուր երկրպագու այս երգի մեջ ինչ-որ հարազատ, հենց իրեն առնչվող ինչ-որ բան կգտնի: Ես ձգտում եմ տարածել սիրո եւ մարդկային հարաբերություններում ներդաշնակության գաղափարը: Նշեմ, որ երգի ուղղությամբ աշխատել է իսկական պրոֆեսիոնալներից կազմված թիմ, իսկ լավ երաժշտությունը միշտ էլ գտնում է իր լսարանը: Ես ուրախ եմ, որ երգը շատերին է դուր եկել, այդ ոգեշնչում է ինձ:

Ի՞նչ կասեք Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուրստի վերաբերյալ Ձեր կատակի մասին, ինչի արդյունքում եվրոպական մամուլում մեծ աղմուկ բարձրացավ:

Իմ երգը բոլորին հիշեցնում է, որ մենք միայնակ չենք՝ Not Alone: Այդ իմ գլխավոր կոչն է: Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ միայնակ չեն այս աշխարհում, կարեւոր չէ, թե որ երկրում են ապրում, ինչ ազգության են պատկանում, ինչ կրոնի հետեւորդ են եւ ում են սիրում: Հարգանքն իմ սկզբունքն է, որին ես հետեւում եմ աշխատանքում եւ կյանքում: Բացի այն, որ ես երգիչ եմ, ես նաեւ երգիծաբան եմ: Երաժշտությունն ու հումորն իմ կյանքի անբաժանելի մասն են: Այն կատակները, որ ես արել եմ վերջին շրջանում, պարզապես կատակ են, բայց դրանք, հնարավոր է, վիրավորել են իմ ընկերներին ու երկրպագուներին: Ես ցավում եմ դրա համար եւ ցանկանում եմ հայտարարել, որ չեմ ընդունում հոմոֆոբիան:

«Եվրատեսիլ»-ը համարվում է ամենից անկանխատեսելի մրցույթներից, բայց շատերը համարում են, որ ամեն ինչ նախապես է որոշվում: Ինչպե՞ս կարող ես առաջ տանել քո երգը՝ վստահ, որ ամբողջ Եվրոպան կլսի այն:

Ես հեծանիվ չեմ հորինել: Ես հանդիպում եմ իմ ունկնդիրներին, խոսում են նրանց հետ, երգում, ներկայացնում եմ իմ երգը: Ունկնդիրներից շատերին ես կհանդիպեմ Ամստերդամում, Փարիզում, Լոնդոնում, Համբուրգում եւ եվրոպական այլ քաղաքներում իմ համերգների ժամանակ:



© NEWS.am STYLE