Արամ MP3-ը ելույթ է ունեցել «Եվրատեսիլի» պրոմո-համերգում

13:06   6 ապրիլի, 2014

Երեկ Ամստերդամում տեղի է ունեցել պրոմո-համերգ երաժշտական «Եվրատեսիլ» մրցույթի շրջանակներում, որը կմեկնարկի Կոպենհագենում մայիսի 6-ին: Արամ MP3-ը կատարել է իր արդեն հիթ դարձած «Not alone» երգը:

Հիշեցնենք, որ ESCToday-ին տված հարցազրույցում Արամը պատասխանել էր վերջերս իր արած, այսպես կոչված, հոմոֆոբիկ արտահայտությունների հետ կապված աղմուկի մասին հարցի:

«Իմ երգը բոլորին հիշեցնում է, որ մենք միայնակ չենք՝ Not Alone: Այդ իմ գլխավոր կոչն է: Ուզում եմ, որ բոլորն իմանան, որ միայնակ չեն այս աշխարհում, կարեւոր չէ, թե որ երկրում են ապրում, ինչ ազգության են պատկանում, ինչ կրոնի հետեւորդ են եւ ում են սիրում: Հարգանքն իմ սկզբունքն է, որին ես հետեւում եմ աշխատանքում եւ կյանքում: Բացի այն, որ ես երգիչ եմ, ես նաեւ երգիծաբան եմ: Երաժշտությունն ու հումորն իմ կյանքի անբաժանելի մասն են: Այն կատակները, որ ես արել եմ վերջին շրջանում, պարզապես կատակ են, բայց դրանք, հնարավոր է, վիրավորել են իմ ընկերներին ու երկրպագուներին: Ես ցավում եմ դրա համար եւ ցանկանում եմ հայտարարել, որ չեմ ընդունում հոմոֆոբիան»,- նշել էր Արամը:



© NEWS.am STYLE