Բուլղարիա. Ամռան իմ մասնիկը

17:45   30 սեպտեմբերի, 2012

Բուլղարիա ուղեւորվելուց առաջ ավագ սերնդի ներկայացուցիչները ինձ խորհուրդ էին տալիս, թե ուր կարելի է այցելել ու ինչով հիանալ:

Ծնողներիս մեղրամիսն անցել էր Բուլղարիայում, այնպես որ ես «ուխտագնացության» համար շատ վայրեր այցելելու հնարավորություն ունեի:

Առաջին բառը, որ մենք արտաբերեցինք, տեսնելով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան`«ո՞նց թե»-ն էր:

Մենք կարծում էինք, որ եկել ենք եվրոպական երկիր, բայց առաջինը, ինչ տեսանք խորհրդային շինություններն էին, հին կրպակներն ու անխնամ փողոցները: Պարզվեց, որ դա Սոֆիայի ծայրամասն է: Չնայած, որ մեր «Տրիադա» անունով հյուրանոցը կենտրոնին մոտ էր գտնվում, նրա շրջակայքը բարձիթողի վիճակում էր՝ լքված զբոսայգիներ, ջարդոտված մայթեր: Բայց, ահա, կենտրոնը շատ գեղեցիկ էր: Սոֆիայի սիրտը` Ալեքսանդր Նեւսկու վանական համալիրը` Բուլղարիայի ուղղափառ եկեղեցու պատրիարքության մայր տաճարը: Տաճարից ոչ շատ հեռու գտնվում է Բուլղարիայի խորհրդարանն ու Ազգային գրադարանը: Հետաքրքիրն այն էր, որ փողոցներն ու հրապարակները ոսկեզօծ էին ու այնպիսի տպավորություն էր, որ քայլում ես ոսկյա փողոցներով:

Սոֆիան մեծ քաղաք է` ավելի քան մեկուկես միլիոն բնակչությամբ ու նաեւ շատ հյուրընկալ: Երիտասարդությունը շատ լավ է տիրապետում անգլերենին, իսկ ավագ սերունդը` ռուսերենին: Առաջին կինը, որին մոտեցա հարցնելու, թե որտե՞ղ կարելի է դրամ փոխանակել ու ճաշել, ոչ միայն ճանապարհը ցույց տվեց, այլեւ մանրամասն բացատրեց, թե որտեղ կարելի է միաժամանակ համեղ ու մատչելի սնվել: Ինձ այդպես էլ չհաջողվեց փորձել իսկական բուլղարական խոհանոցը: Իսկ երբ հարցրեցի, թե ի՞նչ բուլղարական ազգային կերակուր կա, ինձ առաջարկեցին «ղավուրմա», իսկ այն միայն բուլղարական ուտեստ չէ: Արեւոտ այս երկրում կերակուրները իսկապես շատ համեղ ու թարմ են:

Զբոսաշրջիկների համար Բուլղարիան բավականին մատչելի երկիր է: Մայրաքաղաքում կան շքեզ հյուրանոցներ, ինչպես` Radisson Blu Grand Hotel-ն է, այնպես էլ փոքր հյուրանոցներ: Քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններում կարելի է ճաշել` ծախսելով 10-15 դոլար: Տաքսին նույնպես մատչելի է զբասաշրջիկների համար: Քաղաքում երթեւկում են տրամվայներ, որոնք ժամանակին կային նաեւ խորհրդային բոլոր քաղաքներում` այդ թվում Երեւանում: Հատկանշական է, որ քաղաքում շքեղ մեքենաներ գրեթե չկան:

Մայրաքաղաքում շրջելիս կարելի էր վստահորեն ասել, որ բուլղարացիները հեշտ չեն ապրում: Զրուցելով բուլղարացի լրագրող գործընկերներիս հետ`հասկացա, որ խորհրդային երկրներին բնորոշ խնդիրները չեն շրջանցել նախկին սոցճամբարի երկրներին. կոռուպցիա, ցածր աշխատավարձ, արտագաղթ…

Երեկոյան քաղաքի կենտրոնում կյանքը եռում է: Սոֆիայում բազմաթիվ ակումբներ ու զվարճանքի կենտրոններ կան: Քաղաքը չեն շրջանցում նաեւ աստղերը: Վերջերս Սոֆիայում համերգային ծրագրով հանդես եկավ Մադոննան ու Red Hot Chili Peppers-ը:

Բուլղարիայի ամենահիասքանչ հատվածը, իհարկե, ծովափն է: Հայտնի է, որ Սեւ ծովի ամենագեղեցիկ ծովափերը գտնվում են Բուլղարիայում: Ու դա ճիշտ է, Արեւային ափը, որ հռչակ էր վայելում դեռեւս խորհրդային ժամանակներում, այժմ դարձել է հանգստի դրախտային վայր: Այստեղ են գտնվում հանրահայտ ու շքեղ հյուրանոցներ, ռեստորաններ, զվարճության կենտրոններ: Ու այդ ամենը մյուս ծովափերի հետ համեմատած բավական մատչելի են: Բուրգաս կամ Վառնա տոմսի արժեքը միանգամայն համադրելի է այն գումարին, որ դուք կծախսեք լոկ հանգստի`բնակության, ուտելիքի, զվարճությունների վրա: Այստեղ են գտնվում բազմաթիվ զբոսայգիներ ու առեւտրի խոշոր կենտրոններ: Բայց ամենակարեւորը գոյություն ունեցող մթնոլորտն է, երբ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իրեն զգում է ինչպես սեփական տանը: Ապագա զբոսաշրջիկները պետք է իմանան, որ Բուլղարիայում գլխի թափահարումը ժխտական իմաստ է արտահայտում: Խեղճ վաճառողը մոտ տաս րոպե բացատրում էր մեզ, որ մեր ուզածը իր մոտ չկա, իսկ մենք մտածում էինք, որ նա մեզ ասում է «այո»:

Ուղեւորությունից ես վերադարձա ամբողջությամբ կազդուրված ու տպավորություններով լի ու հասկացա, որ ամենակարեւոր տպավորությունը, որ ստացա Բուլղարիայից մեկն է` ես կրկին ուղում եմ լինել այնտեղ:

տեքստը եւ լուսանկարները` Վերա Մարտիրոսյան



© NEWS.am STYLE