Հոգեբանը՝ կնոջ արդիական խնդիրների եւ երջանկության գաղտնիքի մասին

19:43   8 ապրիլի, 2014

Կինն ամենաթույլն է, երբ սիրում է, իսկ ամենաուժեղն է, երբ սիրված է. Էրիխ Օստերֆելդ

Կինն աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է 
կինը,
Աստծո գինու փարչն է 
կինը: Հովհ. Շիրազ

Կնոջ մասին բազմաթիվ երգեր, բանաստեղծություններ ու աֆորիզմներ են հյուսվել: Գեղեցիկ եւ թույլ սեռի ներկայացուցիչները միշտ էլ գնահատվել եւ մեծարվել են տղամարդկանց կողմից: Սակայն, շատ հանգամանքներից ելնելով, ոմանք մի շարք խնդիրների առջեւ են կանգնում, որոնք էլ հանգեցնում են հոգեբանական խնդիրների:

NEWS.am STYLE-ը հոգեբան Արմինե Հայրապետյանի հետ զրուցել է կնոջ կերպարի, խնդիրների եւ երջանկության գաղտնիքի մասին:

Կնոջ արդիական խնդիրները

Այսօր հայ կինը բազմաթիվ խնդիրներ ունի: Ժամանակակից հասարակության մեջ կինն ինքնարտահայտման, ինքնադրսեւորման, կայացման խնդիրներ ունի: Կինն ընկալվում է ե՛ւ որպես մայր, ե՛ւ որպես օջախի կրակը վառ պահող, սակայն, միաժամանակ, ներկայում կինը նաեւ անձնական տարածության, աշխատանքի եւ ինքնուրույնության պահանջմունքներ ունի: Այս ամենը սուբյեկտիվ է, քանի որ կան կանայք, ովքեր կարողանում են համադրել աշխատանքն ու ընտանիքը եւ ներդաշնակ ապրել, բայց լինում են նաեւ իրավիճակներ, երբ կնոջ համար այդ այդ ամենը դառնում է խնդրահարույց:

Կնոջ երջանկության գաղտնիքը

Կանայք տարբեր են, հետեւաբար՝ տարբեր են նաեւ նրանց երջանկության աղբյուրները, սակայն, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ երջանիկ լինելու հնարավորություն ունի այն կինը, ով բավարարված է իր հարաբերություններից, ընտանեկան կարգավիճակից, աշխատանքից, ով սիրված եւ գնահատված է, ով ինքնադրսեւորվելու հնարավորություն ունի, ներդաշնակ է ինքն իր եւ իրեն շրջապատող աշխարհի հետ:

Կնոջ եւ հայ կնոջ կերպարների մասին

Բոլորին էլ հայտնի է, որ կանայք համարվում են ավելի հուզական եւ հիմնականում հենց այս հոգեբանական հատկանիշն է առանցքային կնոջ համար: Իրականում, մենք կարիք ենք զգում ստեղծելու որոշակի կերպարներ եւ կարծրատիպեր, քանի որ դրանք հեշտացնում են մեր ճանաչողությունն ու ընկալումը: Կնոջ կերպարի հոգեբանական կողմերի մասին խոսելիս առանձնացվում է նրա հուզականությունը, ավելի քիչ ռացիոնալությունը, քան տղամարդն է, խոսքի ավելի զարգացած լինելը, բարձր զարգացած ինտուիցիան եւ այլն: Որոշ առանձնահատկություններ պայմանավորված են կանանց մոտ ուղեղի աջ կիսագնդի առավել զարգացվածությամբ: Սակայն սրանք կարծրատիպեր են, որոնք ձեւավորվել են ժամանակի ընթացքում: Թեեւ որոշ հետազոտություններ ապացուցում են այդ առանձնահատկությունները, բայց եւ այնպես, դրանք էական տարբերություններ չեն տղամարդկանցից եւ կարող են պայմանավորված լինել պարզապես սոցիալական կամ մշակութային գործոններով: Հայ կնոջ կերպարն էլ իր յուրահատկություններն ունի` կրկին մշակույթով պայմանավորված: Հայ կնոջ կերպարի անբաժանելի մասն են հեզությունը, համեստությունը, խոնարհությունը… Կարող եմ ասել, որ ժամանակից հասարակության մեջ այս կարծրատիպերն աստիճանաբար կոտրվում են, քանի որ, ինչպես արդեն նշեցի, ժամանակակից հայ կինն ունի խնդիրներ, որոնք «ստիպում են» լինել ավելի ինքնուրույն եւ հավակնոտ:

Ամփոփելով՝ պարզապես կարող եմ ասել, որ չնայած բազում սահմանափակումներ ստեղծող կարծրատիպերին, կնոջ համար ամենակարեւորը ներդաշնակությունն է եւ ներքին լիարժեքության ու բավարարվածության զգացումը:

Պատրաստեց՝ Մելինե Տոնոյանը



© NEWS.am STYLE