Անաստասիա Վոլոչկովան «լքում է» Մոսկվան եւ փոխադրվում է Կիեւում ապրելու

13:11   12 ապրիլի, 2014

Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան համերգային ծրագրով Կիեւում է եղել: Ելույթի ընթացքում աստղը նաեւ իր նոր հոլովակն է ներկայացրել: Համերգից հետո Նաստյային հեղեղել են վարդերի փնջերով, իսկ արդեն փողոցում այնպիսի հսկայական ծաղկեփունջ են նվիրել, որ աստղը որոշել է Կիեւում մնալ:

«Սա փառաբանություն է: Մնում եմ Կիեւում ապրելու»,- իր միկրոբլոգում գրել է Նաստյան:

Հիշեցնենք, որ վերջերս Վոլոչկովան Պենզայում գրեթե խայտառակ էր լինելու: Վոլոչկովան անընդհատ շրջագայում է ռուսական քաղաքներում՝ ելույթ ունենալով բալետային ծրագրով: Վերջերս Վոլոչկովան խնդիր էր ունեցել Բլագովեշչենսկում, որտեղ տոմսերի պահանջարկի բացակայության պատճառով նրա ելույթը չեղյալ էին հայտարարել: Նման իրավիճակ պետք է լինել նաեւ անցյալ շաբաթ, Պենզայում: Այստեղ նույնպես շատ քիչ տոմս է վաճառվել, սակայն երկրորդ տապալումը պարուհին չէր ցանկանում թույլ տալ, այդ պատճառով շտապ ժամանել է քաղաք՝ ինչ-որ կերպ իրավիճակը շտկելու համար: Վոլոչկովան պետք է ելույթ ունենար 1300 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճում, սակայն ընդամենը շուրջ 100 տոմս է վաճառվել:

Պենզա ժամանելուց հետո Նաստյան տեղական ԶԼՄ-ների մասնակցությամբ մամուլի ասուլիս է անցկացրել՝ խոստանալով տոմսի գինն իջեցնել մինչեւ 500 ռուբլու, իսկ անապահով ընտանիքների անդամներին միանգամայն անվճար տրամադրել: Արդյունքում որքա՞ն հանդիսատես է եղել դահլիճում՝ չի հաղորդվում: Սակայն ելույթը, ամեն դեպքում, կայացել է:



© NEWS.am STYLE