Դիվանագետները ցուցահանդես-վաճառք են կազմակերպել՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին (ֆոտոռեպորտաժ)

14:09   12 ապրիլի, 2014

Այսօր՝ ապրիլի 12-ին, Երևանի քաղաքապետարանի նախասրահում բացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության՝ «Բարի գալուստ Հայաստան» Դիվանագիտական ասոցիացիայի կողմից կազմակերպված բարեգործական ցուցահանդես-վաճառքը՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

Բացման հանդիսավոր արարողությունը կատարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի և այլ հյուրերի ուղեկցությամբ շրջել ու ծանոթացել է ցուցադրվող և վաճառվող ապրանքներին, կատարել գնումներ։

Ցուցահանդես-վաճառքից գոյացած հիմնական հասույթը կնվիրաբերվի Երևանի Ներքին Չարբախի թիվ 130 և Նոր Արեշի թիվ 71 մանկապարտեզների վերանորոգմանը, իսկ հասույթի մի մասը կտրամադրվի կարիքավոր սիրիահայերին: Ցուցահանդես վաճառքին իրենց տաղավարներով մասնակցելու են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, ինչպես նաև մի շարք հայ արտադրողներ և գեղարվեստի վարպետներ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE