Վրաստանից «Եվրատեսիլ»-ի մասնակիցներ. «Ամբողջ սրտով Արամ MP3-ին հաղթանակ ենք մաղթում»

11:02   16 ապրիլի, 2014

Վրացական GPB հեռարձակողն այս տարի ընտրեց մայիսին նախանշված «Եվրատեսիլ» մրցույթում երկրի ներկայացուցչին: Ներքին ընտրության արդյունքներով, մրցույթում Վրաստանը ներկայացնելու են The Shin խումբն ու երգչուհի Մարիկո Էբրալիձեն: 1990 թվականի վերջին ստեղծված The Shin խումբը կազմված է 5 հոգուց: Մարիկո Էբրալիձեն խմբին միացել է որպես վոկալիստ: Վրաստանը «Եվրատեսիլ»-ում ելույթ է ունենալու երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 8-ին եւ ներկայացնելու է Three Minutes To Earth երգը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում The Shin-ը եւ Մարիկո Էբրալիձեն խոսել են մրցույթից ակնկալիքների եւ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ի ներկայացուցչի մասին:

Առաջիկա մրցույթից ի՞նչ փոփոխություններ եք ակնկալում ձեր կարիերայում:

The Shin - Սա իսկական մարտահրավեր է: Մենք երաժշտություն ենք ստեղծում արդեն երկար տարիներ, հիմա ժամանակն է այն տարածել ամբողջ Եվրոպայում: «Եվրատեսիլ»-ը մեզ կօգնի այդ հարցում:

Մարիկո - Մրցույթն ակնհայտորեն փոխելու է իմ կարիերան, իմ կյանքը, իմ ուղին:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք Կոպենհագենի շոուից:

The Shin - Հանդիսատեսի հետ ջերմ հանդիպում եւ ծափահարություններ ենք ակնկալում: Մենք կտանք մեր ամբողջ էներգիան, նույնպիսի պատասխան ենք սպասում հանդիսատեսից:

Մարիկո - Ես նոր մարդկանց հետ հանդիպումներ, դրական էմոցիաներ եմ ակնկալում: Ես կանեմ՝ ինչ կարող եմ, իսկ այդ մեծ ջանք է պահանջում: Բայց ես ունեմ այդ ուժն ու այդ էներգիան: Այդ ինձ համար մեծ եւ անմոռանալի փորձ է լինելու:

Ձեզ ո՞ր երգերն են դուր գալիս նախորդ մրցույթներից:

The Shin - Մենք սիրում ենք ABBA խմբի Waterloo երգը: Կարծում ենք՝ մրցույթի ամբողջ պատմության ընթացքում այն լավագույնն է:

Մարիկո - Ինձ դուր է գալիս Լորինի Euphoria-ն եւ Մարիա Սերիֆովիչի «Աղոթքը»: Կընդգծեմ հայկական Qele Qele երգը, որը երգում էր գեղեցիկ հայ երգչուհին:

Առաջիկա մրցույթում Հայաստանի երգը լսե՞լ եք: Ի՞նչ կարծիք ունեք դրա մասին:

The Shin - Մեզ շատ է դուր գալիս Արամ MP3-ը: Նա լավ երգիչ է, եւ երգն է լավը, գեղեցիկ գործիքավորմամբ: Մենք նրան լավագույնն ենք մաղթում Կոպենհագենում:

Մարիկո - Ես Արամի հետ հանդիպել եմ Ամստերդամում: Նա լավ արտիստ է եւ հրաշալի մարդ: Երգը շատ մեղեդային եւ հաճելի է: Ամբողջ սրտով հաղթանակ ենք մաղթում Արամ MP3-ին եւ եղբայրական Հայաստանին:



© NEWS.am STYLE