Պետական նշանակության ծրագիր՝ առանց պետական աջակցության․ հայ ժամանակակից արվեստն առաջին անգամ ներկայացվել է Էստոնիայում

14:52   16 ապրիլի, 2014

Էստոնիայում առաջին անգամ ցուցադրվել է հայ ժամանակակից արվեստը։ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ երեք հայ նկարիչների՝ Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի եւ Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները ցուցադրվել են Էստոնիայի ազգային գրադարանում բացված ցուցահանդեսում։

Նկարիչները Տալին կատարած իրենց այցի շրջանակներում մեկ ամիս շարունակ աշխատել են Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի երկու արվեստանոցներում։ Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նկարիչները եւ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության անդամ Սոնա Հարությունյանը որոշ մանրամասներ ներկայացրեցին Տալինում իրականացված նախագծի մասին։

Սոնա Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը սկսվել է դեռեւս մեկ տարի առաջ, երբ տղաները ճանաչողական այցով առաջին անգամ մեկնեցին Էստոնիա։ Այցի շրջանակներում էլ ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ծրագիրն իրականացնելու համար։ «Մեզ համար սա հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ Էստանիայում ներկայացվեց հայ ժամանակակից արվեստը»,-նշեց Սոնա Հարությունյանը՝ հավելելով, որ նախնական պայմանավորվածություն կա նաեւ, որպեսզի աշնանը էստոնական կողմը Հայաստանում նմանատիպ ցուցահանդես կազմակերպի։

Նկարիչները տպավորված էին ինչպես Էստոնիա կատարած այցով, այնտեղի բնակիչներով, այնպես էլ իրենց  կատարած աշխատանքով։ «Հենց այնպես չենք վատնել մեր ժամանակը, եւ կարծում եմ, որ, ամեն դեպքում, մենք պատճառ ունենք գոհ մնալու մեր աշխատանքից»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը եւ հավելեց․

«Այս նախաձեռնությունը մեծ հանդգնություն եւ համարձակություն էր պահանջում։ Սա իր նախադեպը չունի․ պետական նշանակության ծրագիր է իրականացվում՝ առանց պետական աջակցության։ Եթե ես լինեի պետական կառույցի աշխատող, ապա ամոթ կզգայի՝ տեսնելով, որ այն, ինչ ես պետք է անեմ, իմ փոխարեն անում է մեկ ուրիշը»։

Հավելենք, որ ցուցահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 3-ը։

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE