«Եվրատեսիլ»-ում Մալթայի ներկայացուցիչ. «Արամ MP3-ին հաղթելը դժվար է լինելու»

15:13   26 ապրիլի, 2014

Մայիսին Մալթայից Դանիա է մեկնելու Firelight խումբը՝ Coming Home երգով՝ «Եվրատեսիլ» մրցույթում նվաճելու Եվրոպան: Firelight խումբը, որը ստեղծագործում է ֆոլկ, քանթրի, փոփ ոճերում, ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում, մայիսի 8-ին: Իսկ մինչ այդ, խմբի ղեկավար Ռիչարդ Էդվարդասը հարցազրույց է տվել NEWS.am STYLE-ին՝ խոսելով մրցույթից ակնկալիքների մասին եւ ուղերձ հղելով «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուներին:

Ինչպե՞ս եք պատրաստվում առաջիկա մրցույթին:Մենք արդեն երկար տարիներ է՝ նվագում ենք:

Ես Coming Home երգը գրել եմ հատուկ մրցույթի համար: Մենք հաղթեցինք Մալթայում, մտադիր ենք հաղթել նաեւ կիսաեզրափակչում, իսկ եզրափակչում մեզանից քամել այն ամենը, ինչ կարող ենք: Մրցույթին մասնակցությունն արդեն շատ կարեւոր է մեզ համար: Մեր երգն արդեն ներկայացրել ենք Ամստերդամում, Մոսկվայում եւ Լոնդոնում:

Ինչի՞ մասին է ձեր երգը:

Երգը, իհարկե, անձնական փորձ ունի, սակայն մարդիկ այն յուրովի են ընկալում, եւ յուրաքանչյուրը դրանում ինչ-որ հարազատ բան կգտնի: Վստահ եմ, որ երգն առանձնապես հոգեհարազատ կլինի նրանց, ովքեր աշխատում են արտերկրում, իրենց հարազատներից հեռու, նրանց, ովքեր հեռու են իրենց Հայրենիքից: Ես ինքս որոշ ժամանակ Անգլիայում եմ ապրել, երբ մասնակցում էի X Factor շոուին, շատ էի կարոտում ընտանիքս, ինչն էլ ինձ հետ՝ տուն բերեց:

Հայաստանի մասնակցի երգը լսե՞լ եք:

Այո, իհարկե: Այն շատ լավն է: Եվրոպայում շատերն են սիրում այդ երգը, դժվար է լինելու դրան հաղթել:

«Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուների համար որեւէ ուղերձ ունե՞ք:

Երկրպագուները մրցույթի կարեւոր մասն են: Հուսով ենք, որ շոուն Հայաստանում բոլորին դուր կգա: Նաեւ հույս ունենք, որ մենք եւ Արամ MP3-ը դուրս կգանք եզրափակիչ: Գիտենք, որ հայերն ու մալթացիները պատմության մեջ բազմաթիվ ընդհանրություններ ունեն: Այդ պատճառով էլ «Եվրատեսիլ»-ի ժամանակ փոխադարձ աջակցություն է զգացվում: Այնպես որ՝ եթե ձեզ դուր է գալիս մեր երգը, քվեարկեք Մալթայի օգտին, խոստանում ենք համբուրել յուրաքանչյուրին, ով այդ կանի:



© NEWS.am STYLE