14:33 25 ապրիլի, 2014Գեղեցկուհի Բեյոնսեն հայտնվել է մոլորակի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Time ամսագիրը կազմել է աշխարհի 100 ազդեցիկ մարդկանց ավանդական ցանկը:

ABC News-ի փոխանցմամբ, նոր համարը միաժամանակ 4 շապիկ ունի, որոնց վրա հայտնվել են ցանկում ներառված չորս հայտնիները՝ Բեյոնսեն, Ռոբերտ Ռեդֆորդը, բասկետբոլիստ Ջեյսոն Քոլինզը, General Motors ընկերության ղեկավար Մերի Բարրան:

Ամերիկյան բիզնես-լեդի, Facebook աղմկոտ նախագծի ղեկավար-անդամ Շերիլ Սանդբերգն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչու է Jay Z-ի կինը՝ երգչուհի Բեյոնսեն, արժանի ամենաազդեցիկ մարկանցից մեկը համարվելու. «Անցյալ տարի Բեյոնսեն հաջողությամբ կատարեց իր Mrs. Carter Show World Tour շրջագայությունը՝ դրա հետ մեկտեղ զբաղվելով երեխայի դաստիարակությամբ: Նրա գաղտնիքն աշխատասիրությունն է, անկեղծությունն ու արդարությունը: Նա մարդկանց ասում է. «Նայեք ինձ, ես կարող եմ այդ անել: Դուք նույնպես կարող եք»:
Ռոբերտ Ռեդֆորդ

Բեյոնսեից ու Ռեդֆորդից զատ, ամսագրի ցանկում են հայտնվել նաեւ շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ. կինոգործիչներից Մեթյու ՄաքՔոնահին, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քերրի Վաշինգթոնը, Էմի Ադամսը, Ռոբին Ռայթը, ռեժիսորներ Ալֆոնսո Կուարոնը եւ Սթիվ ՄաքՔուինը: Երաժշտության ասպարեզից՝ Ֆարրել Ուիլյամսը, Մայլի Սայրուսը եւ Քերրի Անդերվուդը:

Նորաձեւության աշխարհից հարյուրյակում ներգրավվել են թոփ-մոդել Քրիստի Թերլինգթոնը, դիզայներ Ֆիբի Ֆիլոն, հայտնի ինտերնետ-խանութի հիմնադիր Նատալի Մասսենեն: Մարզիկներից հրատարակությունը նշել է Քրիստիանու Ռոնալդուին եւ Սերենա Ուիլյամսին:

100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակում նաեւ ռուսաստացի կա՝ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ցանկում կան նաեւ քաղաքական այլ գործիչներ. Բարաք Օբամա, Հիլարի Քլինթոն, Անգելա Մերկել, Ջոն Քերրի եւ այլք:

Այս տարվա վարկանիշային աղյուսակում իր տեղն է զբաղեցրել նաեւ Էդվարդ Սնոուդենը: Նրա գործունեության տեսակը հրատարակությունը «ակտիվիստ» է կոչել: