Դոլչեն ու Գաբբանան 1.5 տարվա ազատազրկման են ենթարկվել

12:34   1 մայիսի, 2014

Չորեքշաբթի Միլանի վերաքաննիչ դատարանը Dolce & Gabbana դիզայներական զույգի գործով որոշում է կայացրել, որոնց մեղադրում են հարկերից խուսափելու համար:

Wall Street Journal-ի փոխանցմամբ, 55-ամյա Դոմենիկո Դոլչեին եւ 51-ամյա Ստեֆանո Գաբբանային մեղավոր են ճանաչել եւ յուրաքանչյուրին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են 2004 թվականին իրենց Dolce&Gabbana եւ D&G ապրանքանիշերը Լյուքսեմբուրգում գրանցված կեղծ ընկերության վաճառելու համար: Ըստ հետաքննության, գործարքը կատարվել է Իտալիայում հարկերից խուսափելու նպատակով, որոնք Եվրոպայում ամենաբարձրն են համարվում:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Դոլչեն եւ Գաբբանան, ինչպես նաեւ նրանց հաշվապահ Լուչիանո Պատելլին, արդեն դատապարտվել էին 1 տարի եւ 8 ամիս ազատազրկման: Դիզայներները նաեւ 10 միլիոն եվրոյի չափով տուգանք էին վճարել:

Բացի դիզայներական զույգից, դատապարտվել էին նաեւ Դոմենիկո Ալֆոնսո Դոլչեի եղբայրը՝ Dolce & Gabbana-ի գլխավոր տնօրեն Քրիստիան Ռուելլն ու ընկերության ֆինանսական տնօրեն Ջուզեպպե Մինիոնին: Դատարանը նրանց 1.4 տարվա ազատազրկման էր դատապարտել եւ տուգանք սահմանել:



© NEWS.am STYLE