Բուսական դիետան օգնում է նվազեցնել արյան ճնշումը

20:35   4 մայիսի, 2014

Ձեր շրջապատում շա՞տ են բուսակերները: Վեճերն այն մասին, արդյո՞ք բուսակերությունն օգտակար է, մեկ տարի չէ, որ ընթանում են: Բուսակերության օգտին հետեւյալ փաստարկը նշենք. բուսական դիետան օգնում է նվազեցնել ճնշումը:

Զանգվածային ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, բուսական դիետան նպաստում է արյան ճնշման նվազմանը:

Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները քննել են հիպերտոնիայի վերաբերյալ 39 ուսումնասիրություն, որոնք ավելի վաղ կատարվել են 18 երկրում, 21 հազար մասնակիցների միջեւ: Հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր խուսափում են միս օգտագործելուց, ավելի առողջ ու ցածր արյան ճնշում են ունեցել:

Ինչպես հայտնի է, հիպերտոնիան կաթվածի, սրտային եւ երիկամների հիվանդությունների, կյանքի տեւողությունը կրճատող հավանական գործոն է:

Գիտնականները նշում են, որ բուսական դիետան կապված է միջինը 6.9 միավորով արյան ճնշման սիստոլիկ եւ 4.7 միավորով դիաստոլիկ ճնշման նվազման հետ: Դոկտոր Յոկո Էկոյամայի գլխավորած մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մսակերների մոտ, ովքեր բուսական դիետայի են անցել, արյան ճնշման նվազումն ավելի արագ ու արդյունավետ է կատարվել, քան դրա դեմ նշանակված դեղամիջոցները: 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE