Ինչպես եւ որտեղ ճիշտ ցողել օծանելիքը

21:04   8 մայիսի, 2014

Թանկագին աղջիկներ, հուսանք՝ գիտեք, թե որն է հարդաջրի եւ պարֆյումի տարբերությունը:

Օծանելիք (ֆրանսերեն՝ Parfum, Extrait, անգլերեն՝ Perfume). 18-ից 30 տոկոս բուրավետ յուղեր են պարունակում, որը պարֆյումերիայի ամենակոնցենտրացված ու կայուն տեսակն է: Այն ամենաթանկարժեք արտադրանքն է եւ թողարկվում է հիմնականում փոքր շշերով: Օծանելիքը բույրը պահպանում է շուրջ 6 ժամ:

Պարֆյումի ջուրը (Eau de Parfum) 10-20 տոկոս բուրավետ յուղեր է պարունակում: Այն հաճախ առօրյայում օծանելիք են անվանում, բույրը պահպանվում է շուրջ 4 ժամ:

Հարդաջուրն (Eau de Toilette) օծանելիքի ավելի թեթեւ տեսակ է, որը կարելի է օրական մի քանի անգամ օգտագործել: Հարդաջուրը հարմար է ամռան համար: Այստեղ կոնցրենտացիան 4-10 տոկոս է:

Օդեկոլոնը (Eau de Cologne) նույնն է, ինչ հարդաջուրը, բայց կոմպոզիցիայի ավելի ցածր պարունակությամբ՝ շուրջ 1.5 տոկոս:

Օծանելիքը կամ հարդաջուրը օգտագործելիս պետք է մի քանի պարզ կանոնների հետեւել, որոնցով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Որքան ճիշտ օգտագործես օծանելիքը, այնքան հաճելի կլինի ու երկար կմնա դրա բույրը:

Որպեսզի օծանելիքն ավելի երկար մնա, իսկ բույրը շատ սուր չլինի, պետք չէ չարաշահել այն, ընդամենը մի կաթիլը բավական է: Դրա համար լավ կլինի չափորոշիչով տարա գնել, իսկ եթե ձեր նախընտրած ապրանքանիշը չունի այդ, օծանելիքը մատների ծայրով քսեք:

Օծանելիքը նախատեսված չէ քրտինքի հոտը վերացնելու համար, այդ պատճառով այն ցողեք միայն մաքուր եւ խոնավ մաշկի ու մազերի վրա: Հիշեք, որ յուղոտ մաշկի վրա բույրն ավելի քիչ է պահպանվում: Որպեսզի բույրը փափուկ նստի մաշկի վրա, այն պետք չէ խառնել այլ բույրերի կամ օծանելիքի հետ, քանի որ համադրության մեջ յուրաքանչյուր բույր տարբեր է բացվում:

Բույրերը բարձրանում են, այլ ոչ թե իջնում, այդ պատճառով այն քսեք ոչ միայն ականջների հետեւում կամ ձեռքերին, այլեւ դաստակներին, ուսերին, քներակին: Այս վայրերը, ներմաշկային անոթներին մոտ լինելու շնորհիվ, ամենատաքն են, ինչն էլ օծանելիքին հնարավորություն է տալիս ավելի ուժեղ բույր արձակել:

Եթե դուք օծանելիքը կամ հարդաջուրը քսում եք հագուստին, հիշեք, որ այն կարող է լավ պահպանել բույրը, իսկ այդ նշանակում է, որ կրկնակի թարմացման կարիք չկա: Օծանելիքի բույրն ամենից լավ պահպանում են բուրդը, տրիկոտաժն ու մորթին:

Մազերի եւ մարմնի տարբեր հատվածներին օծանելիք քսելիս հաշվի առեք նաեւ դեկորատիվ կոսմետիկայի, դեզոդորանտի կամ շամպունի բույրը, որպեսզի դրանք համադրվելի լինեն միմյանց:

Դաստակներին օծանելիք քսելիս այն մի տրորեք մյուս ձեռքով, քանի որ օծանելիքի մի մասը չեզոքանում է: Թողեք այն ինքուրույն չորանա, այդ դեպքում բույրն ավելի հագեցած ու կայուն կլինի: Խորհուրդ չի տրվում միեւնույն բույրը երկար օգտագործել, քանի որ այն սովորական է դառնում եւ օծանելիքի բույրի հանդեպ հակակրանք առաջացնում: Ավելին, ձմռանը հաճելի բույրն ամռանը կարող է տհաճ լինել:

Իմացեք, եթե ինքներդ բույրը չեք զգում, ուրիշներն այն զգում են, այդ պատճառով զուսպ եղեք օծանելիքի կիրառման չափի մեջ:

Աղբյուրը՝ News.am STYLE, infowoman.com.ua



© NEWS.am STYLE