Վոլոչկովան հաղթել է Վալերիայի հետ պատերազմում

17:07   8 մայիսի, 2014

Անաստասիա Վոլոչկովան հաղթել է երգչուհի Վալերիայի հետ «աստղային պատերազմում»: Հիշեցնենք, որ Մալդիվներում հանգստացող պարուհու, երգչուհի Վալերիայի եւ նրա ամուսին Իոսիֆ Պրիգոժինի միջեւ վեճի պատճառը վիրավորանքներն են, որոնք, իբր, Ուկրաինայում հնչեցրել է Վոլոչկովան երգչուհու ու նրա ամուսնու հասցեին: Վոլոչկովան զույգին «քաղաքական պոռնիկ» էր անվանել, իսկ ահա Վալերիայի ու նրա ամուսնու ներկայացուցիչ Սերգեյ Ժորինը պարուհու դեմ պոռնկության մեղադրանքով դատական հայց էր ներկայացրել:

Հիմա Իոսիֆ Պրիգոժինը որոշել է, որ Վոլոչկովան կոնֆլիկտն օգտագործել է իր PR-ի համար եւ ոստիկանությունից հետ է վերցրել ցուցմունքը:

Պրիգոժինը հայտարարություն է արել՝ սկանդալի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտելով: Պրոդյուսերը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված արտիստների միջեւ պարզաբանումները տեղին չեն: «Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված ցանկանում ենք ցավակցություն հայտնել զոհվածների ու տուժածների ընտանիքներին: Քննադատում ենք նրանց, ովքեր շահարկում են, փորձում իրենց վրա ուշադրություն հրավիրել եւ օգուտ ստանալ եղբայրական ազգի գլխին թափված դժբախտությունից: Չեմ ցանկանում Վոլոչկովային PR-ի համար լրացուցիչ հնարավորություն տալ, ինձ զզվացրել է այս աղբը»,- Super.ru-ին պատմել է Իոսիֆը:

Պրիգոժինը նաեւ իր փաստաբանին խնդրել է հետ վերցնել Վոլոչկովայի դեմ ներկայացրած պոռնկության մեղադրանքը, քանի որ Վոլոչկովան 10-ամյա դուստր ունի՝ Արիադնան, իսկ դատարանի վատագույն որոշումը կարող է լինել նրան մայրական իրավունքներից զրկելը: Պրոդյուսերի խոսքով, աղջիկը միակն է, ով Անաստասիային կարող է հետ պահել հետագա անբարոյական քայլերից:

Պրիգոժինի փաստաբան Սերգեյ Ժորինը մտահոգված է գործի այսպիսի ելքից, ինչի մասին չի հապաղել գրել Twitter-ի իր էջում:

«Իոսիֆ Պրիգոժինը խնդրում է հետ վերցնել ոստիկանություն ներկայացրած դիմումը եւ Վոլոչկովայի դեմ նոր հայցեր չներկայացնել: Շատ ափսոս: Ինձ համար յուրաքանչյուր գործընթաց նուրբ աշխատանք է, շախմատի պարտիա: Երբեմն նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակ են պահանջում, բայց հետո... Մի խոսքով՝ ես շատ բարկացած եմ: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ ներկայացումից եք զրկվել: Վոլոչկովայի դեմ ներկայացրած պոռնկության մեղադրանքը ոստիկանությունից հետ չեմ վերցնելու: Ների՛ր, Իոսիֆ»:

Պրիգոժինը նույնպես պատասխանել է փաստաբանին. «Քո իրավունքն է: Բայց մենք մեզ համար որոշել ենք, որ չենք ցանկանում նրան մեր անունները սեփական գովազդի համար օգտագործելու հնարավորություն տալ: Անկեղծ ասած, ես ընդհանրապես չեմ ցանկանում վատնել ուժերս ու ժամանակս, դրանք առանց այդ էլ չեն բավականացնում: Նրա դրդապատճառների արժեքը ես գիտեմ»:

Անմասն չի մնացել նաեւ փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին: Տեղեկանալով Իոսիֆ Պրիգոժինի որոշման մասին՝ նա Facebook-ի իր էջում բավական տարօրինակ մեկնաբանություն է գրել պրոդյուսերի եւ նրա փաստաբանի գործողությունների վերաբերյալ եւ հավելել, որ մտադիր չէ դադարեցնել գործը: «Իոսիֆ Պրիգոժինը, որքան ինձ հայտնի է, ոչ մի հայց չի ներկայացրել: Ի՞նչ կարող ես հետ վերցնել, եթե ոչինչ չես տվել: Այս ամենը չի նշանակում, որ ես իմ գործողությունները դադարեցրել եմ: Օրենքի հետ կատակել ու PR խաղալ չի կարելի: Ես արդեն ասել եմ ու կրկնում եմ. բոլորս պատասխանատու ենք միայն մեր քայլերի ու արարքների համար: Ես այս պատմության վերջակետը միայն ես եմ դնելու»,- հայտարարել է փաստաբանը: Այսպիսով, բլոգերների կարծիքով, անհավասար պայքարում անսպասելիորեն հաղթեց Վոլոչկովան:



© NEWS.am STYLE