Կոնչիտան իրոք արժանի էր հաղթանակի. Եվա Ռիվաս (ֆոտո)

11:31   16 մայիսի, 2014

«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթն արդեն անցյալում է, սակայն համացանցում  չեն դադարում քննարկումները հաղթող մասնակցի՝ Կոնչիտա Վյուրստի, վերաբերյալ: 
NEWS.am STYLE-ը վերջինիս հաղթանակի եւ կատարման մասին զրուցեց երգչուհի Եվա Ռիվասի հետ:

Երգչուհուն դուր է եկել Կոնչիտայի կատարումը. «Եթե հաշվի չառնենք նրա կերպարը, ապա կարող եմ ասել, որ նրա ելույթն ուղղակի հրաշալի էր: Շատ գեղեցիկ երգ, որի վրա փաստորեն աշխատել էին 4 հոգի, հրաշալի կատարում, եւ ինչքան էլ որ զարմանալի չէ` երգի փառահեղ ներկայացում, եւ այս ամենը նպաստեց գերազանց արդյունքին»:

Եվայի համար զարմանալի չի եղել Կոնչիտայի հաղթանակը: Երգչուհին վստահ է եղել՝ կամ Արամը կհաղթի, կամ Կոնչիտան:


«Չեմ ստի` իրականում ես զարմացած չեմ եւ կարծում եմ, որ նա իրոք արժանի էր հաղթանակի: Իմ կարծիքով` Եվրատեսիլը կատարման, ձայնի, երգի եւ պրոֆեսիոնալիզմի մրցույթ է: Իսկ հաղթող մասնակիցն օժտված էր այս բոլոր հատկանիշներով: Ես վստահ էի, որ կհաղթի կամ Կոնչիտան, կամ Արամը, Նիդեռլանդների եւ Շվեդիայի մասին նույնիսկ չէի էլ մտածում: Ենթադրում էի, որ առաջին տեղը Հայաստանը եւ Ավստրիան կկիսեն, բայց իհարկե ինքս քվեարկել եմ Ռուսաստանի օգտին»,- նշեց երգչուհին:


Իսկ Արամ MP3-ի ելույթի մասին Եվան ասաց. «Արամը հրաշալի կերպով, մեծ թեթեւությամբ ու առանց անհանգստության ներկայացրեց իր համարը, եւ նա իրոք արժանի էր լավագույն արդյունքի: Ես հիասթափված եմ, եւ այս անարդարությունն ինձ արդեն բարկացնում է: Չգիտեմ, թե ինչ է պետք անել, որպեսզի եվրոպացիները առաջին հորիզոնականը մեզ տան: Մենք մի քանի անգամ ենք ունեցել երգեր, որոնք արժանի էին հաղթանակի, եւ վստահ եմ, որ եթե նույն կերպով շարունակենք` մենք կհասնենք ցանկալիին: Իսկ ինչ վերաբերում է Արամին` նա ուղղակի պարտավոր է շարունակել երգչի կարիերան, քանի որ ինքը հրաշալի կատարող է, անվերջ ուզում ես լսել ու նայել նրան»:

Զրուցեց՝ Մելինե Տոնոյանը 

 



© NEWS.am STYLE