Ռիհանայի երգի ներքո պարող շտապ օգնության մեքենայի վարորդի տեսահոլովակը պայթեցնում է Youtube-ը

13:41   20 մայիսի, 2014

Նյու Յորքի շտապ օգնության մեքենայի վարորդ Ջոնաթան Ուիլյամսը համացանցի աստղ է դարձել: Տեսանյութը, որտեղ նա պարում է երգչուհի Ռիհանայի երգի ներքո, համացանցում հայտնվել է մայիսի 6-ին եւ արդեն շուրջ մեկ միլիոն դիտում է հավաքել:

Հոլովակում սեւամորթ տղամարդը վարում է ավտոմեքենան եւ միաժամանակ ուրախ երգում ու պարում: Ռադիոկապի սարքը, որը նրա ձեռքում է, եւ որից նա երբեմն օգտվում է, չի խանգարում ձեռքերով պարային շարժումներ կատարել: Վարորդը պարբերաբար ուղղում է ղեկը, բայց տպավորություն է ստեղծվում, որ ճանապարհը նրան ընդհանրապես չի մտահոգում: Երգը, որից այդքան ներշնչվել է տղամարդը, Ռիհանայի Pour It Up ստեղծագործությունն է, որը հեռարձակվում էր Նյու Յորքի Hot 97 ռադիոկայանով:

Նրա նկարահանած ուրախ տեսանյութը հասել է նաեւ երգչուհուն: Ռիհանան այն տեղադրել է Twitter-ի իր էջում եւ մեկնաբանել. «Այս վարորդն ինձ հիշեցրեց, թե ինչու է Աստված ինձ այստեղ ուղարկել: Այժմ ես չեմ կարող կանգ առնել: Ո՛չ հիմա, ո՛չ էլ երբեւէ»: Երգչուհին շուրջ 35 միլիոն բաժանորդ ունի, իսկ այս հաղորդագրությունը վերահրապարակել են շուրջ 3.000 անգամ:

Այն բանից հետո, երբ տեսանյութը հասել է Ուիլյամսի ղեկավարին, նա նկատողություն է ստացել, բայց նրան աշխատանքից չեն հեռացրել, քանի որ Ջոնաթանն ասել է, որ այդ ժամանակ ավարտել էր աշխատանքն ու տուն էր գնում:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE